Հայաստան - Արցախ

Իրանագէտ. «Ադրբեջանում պետական մակարդակով եւ լուրջ ֆինանսներով գեներացւող թէզերը մի հատ էլ միս ու արիւն են ստանում հայաստանեան միջավայրում»

«Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են մեր դէմ գեներացւող ադրբեջանական քարոզչական ողջ աղբին պատասխանելու համար»,-նման մտահոգութիւն է յայտնում իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը։

Նա ընդգծում է՝  խնդիրն աւելի է բարդանում, երբ մեր դէմ Ադրբեջանում պետական մակարդակով եւ շատ լուրջ ֆինանսներով գեներացւող թէզերը մի հատ էլ միս ու արիւն են ստանում հայաստանեան միջավայրում, եւ, յաճախ ստացւում է, որ մասնագէտը պէտք է պատասխանի ոչ թէ ադրբեջանական քարոզչութեանը, այլ դա արդարացնող իր սեփական իշխանութիւններին:
Խնդիրը կրկնակի է բարդանում, երբ թշնամական պետութիւնը մեծ հաշւով թքած ունի ցանկացած ճշմարտութեան կամ միջազգային կարծիքի վրայ, երբ խօսքը վերաբերում է սեփական երկրում տարւող քարոզչութեանը։
«Մօտ մէկ ամիս առաջ Ադրբեջանի ՀԿ-ների պետական աջակցութեան գործակալութիւնը Ալիեւի հրամանով ֆինանսաւորման է երաշխաւորել 400-ից աւել նոր ծրագիր (կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ), որոնց վերնագրերից արդէն պարզ է, որ միջոցները ուղղւել են հակահայկական քարոզչութեան եւ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս Ադրբեջանի պատմական տարածք ներկայացնելուն, ադրբեջանական հասարակութեան ուղեղի մէջ դաջելուն, որ չկայ Հայաստանի Հանրապետութիւն, այլ կայ Արեւմտեան Ադրբեջան։
Ի՞նչ են անում մեզ մօտ՝ ի պատասխան այս ամէնի։ Կրկնում են Ադրբեջանում գեներացւող քարոզչութիւնը եւ առաջարկում սեփական քաղաքացիներին գտնել Հայաստանի Հանրապետութեան տարածքում Ադրբեջանի կողմից «ադրբեջանականացւած տեղանունները» եւ եթէ չեն կարողանում դա անել, ուրեմն ընդունել, որ այդ անունների տակ պահանջւող վայրերը ադրբեջանական են եւ պէտք է յանձնւեն։
Լուսանկարում ֆինանսաւորման երաշխաւորւած ծրագրերի ցանկի մի կտոր է, որոնք գրեթէ բոլորը սկսւում են «Արեւմտեան Ադրբեջան» (Qərbi Azərbaycan) կապակցութեամբ։
Առաջարկւող տրամաբանութեամբ մենք պէտք է Հայաստանը յանձնենք եւ դուրս գանք մեր երկրից, քանի որ մեր պետութեան քարտէզի վրայ գրւած է «Հայաստանի Հանրապետութիւն», իսկ մեզանից մեր երկիրը պահանջում են «Արեւմտեան Ադրբեջան» անւան տակ»,-գրում է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button