Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արշակ արք. Խաչատրեան. «Այս մարդու դէմքով ցոյց է տրւում, թէ ինչպիսին չպէտք է լինի մարդը»

«ԱԼԻՔ» – «Ըստ էութեան, պետութիւնը, որպէս այդպիսին, դարձել է թիրախ իշխանութիւնների։ Հանրաճանաչ տեսաբանները երկու առանցքային հիմնադրոյթ են դնում պետութեան առաքելութեան մէջ։ Մէկն արտաքին թշնամիներից պաշտպանութիւնն է, երկրորդը՝ հանրային համերաշխութեան ձեւաւորումը։ Իհարկէ, ժամանակակից պետութիւնների մէջ, առաքելութեան մէջ դրւում է ժողովրդավարութիւնը, սոցիալական հաւասարութիւնը եւ այլն։ Բայց դրանց մասին խօսք լինել չի կարող, եթէ դու արտաքին սպառնալիքներին դիմակայելու փորձառութիւն չունես։ Այսօրւայ իշխանութիւնները արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են»,- «Կենտրոն» հեռուստաընկերութեան եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Արշակ արք. Խաչատրեանը։

«Այդ սպառնալիքներին դիմակայելու համար առաջարկւող դեղատոմսն այն է, որ մենք զիջենք տարածքներ, որոշակի մեղմացման հասնենք թշնամիների կողմից եւ փորձենք համերաշխութիւն ձեւաւորել թշնամիների հետ, առեւտուր անել։ Հիմա կեանքը ցոյց է տալիս, որ դա անհեռանկար, կարճատես գործելաոճի դրսեւորում է։ Որովհետեւ թշնամու կողմից զիջողականութիւնը չի դիտարկւում որպէս բարեհոգութիւն։ Բարեհոգութիւն կը դիտարկւէր այն դէպքում, երբ դու համապատասխան ուժ ունենայիր, նաեւ այդ բարեհոգութիւնը չդրսեւորէիր։ Իսկ այս պայմաններում դա միանշանակօրէն դիտարկւում է, որպէս թուլթութիւն»,- ասել է Արշակ Սրբազանը՝ յիշելով Նիկոլ Փաշինեանի՝ նախկինում յաճախ կրկնած խօսքը, թէ՝ «մեր բարեհոգութիւնը թուլութիւն չդիտարկէք»։

«Սա, իհարկէ, այդ դէպքը չէ, սա այն դէպքն է, երբ քո այսպէս կոչւած բարեհոգութիւնը Ադրբեջանը շատ կոնկրետ թուլութիւն է թարգմանում, աւելին ասեմ, ողորմելիութիւն է թարգմանում։ Իսկ որպէս երկրի ղեկավար քո դրսեւորած ողորմելի վարքագիծը տարածւում է ողջ ժողովրդի վրայ, ողջ երկրի վրայ։ Ուրեմն որպէս այդպիսին, պետութիւնը, իշխանութիւնը պետութեանը վերապահւած գործառոյթները չիրականացնում։ Ներհայկական կեանքում իրենք շատ կատեգորիկ ռադիկալ են, արտաքին յարաբերութիւններում շատ փափուկ են, զիջող, քաղաքակիրթ, այսպէս կոչւած եւ ամէն ինչ պատրաստ զիջելու։ Քաղաքակրթութեան թիւ մէկ ցուցիչը իրենց համար զիջելու պատրաստակամութիւնն է, անկախ նրանից՝ ինչ ես զիջում, անկախ նրանից՝ զիջւող բանը ինչ կենսական նշանակութիւն ունի քեզ համար։ Ինչ-որ բաների տեղեր շփոթել են։ Եւ չեմ կարծում, թէ ժամանակը կը լուծի այդ շփոթութիւնը։ Դա նկարագիր է, բնոյթ է, մարդկանց տիպ է, որ ուղղակի հնարաւոր չէ փոխել»,- ասել է Սրբազանը։

Այս մարդու դէմքով ցոյց է տրւում, թէ ինչպիսին չպէտք է լինի մարդը

«Անկեղծ ասած, այս իշխանութիւնների հետ որեւէ յոյս չեմ կապում, անյոյս են, եւ ճանապարհը ես տեսնում եմ, որ նախ լուրջ հետեւութիւններ անեն եւ թոյլ տան, որ պարզապէս այս երկիրը շնչի իրենց բացակայութեան պայմաններում։ Երկրորդը՝ եթէ իրենք այդպիսի քաջութիւն չեն կարող դրսեւորել, ապա մենք պէտք է օգնենք, որ իրենք ուղղակի հեռանան իշխանութիւնից, որպէսզի երկիրը կարողանայ վերակականգնել ինքն իրեն»,- շարունակել է Սրբազանը։

«Ինչ վերաբերում է յոյսին, ինչքան էլ որ դժւար է իրավիճակը, անյաղթահարելի է թւում, եկեղեցին իր ողջ առաքելութեամբ ցոյց է տւել, որ անյաղթահարելի, չվերապրւող իրավիճակներ չեն լինում, միշտ հնարաւոր է։ Սա ուղղակի իմ համոզումն է, որ եթէ մենք հազարամեակներ ճանապարհ ենք անցել ու հասել ենք 21-րդ դար՝ տարբեր տեսակի փորձութիւնների, կրակների, ջրերի, սրերի միջով, ուղղակի չի կարող մեր ժողովրդի պատմութիւնն այսպիսի անփառունակ վախճան ունենալ։ Ուղղակի Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Շնորհալու, Նարեկացու աղօթքները թոյլ չեն տալու, որ մենք այսպիսի անփառունակ վախճան ունենանք։

Վերջիվերջոյ, մեր երկրի ու մեր ժողովրդի դէմքը մեր այդ սրբերն են։ Մեր երկրի դէմքը այդ մարդիկ են, ինչ-որ մի խմբագիր չէ, որ պատահականօրէն դարձել է վարչապետ։ Եւ Աստւած ինքը կշռում է իւրաքանչիւր ժողովրդի մէջ գոյութիւն ունեցող անձերի վաստակը եւ այդ մարդկանց շնորհիւ, այդ մտքի ու հոգու հսկաների շնորհիւ մենք յաղթահարել ենք դժւարութիւնները»,- ասել է Արշակ արքեպիսկոպոսը` յաւելելով, որ սա ուղղակի դրւագային իրավիճակ է, եւ դրանից պէտք է ճիշտ հետեւութիւններ անենք։

«Երբեմն պատմութեան մէջ մեր վրիպումների պատճառով Աստւած հրապարակի վրայ է բարձրացնում որոշ մարդկանց, որպէսզի ցոյց տայ, թէ ինչպիսին չպիտի լինի մարդը։ Հիմա մենք այդ ժամանակում ենք ապրում։ Բոլորի տեսադաշտում յայտնւել է մարդ, հայ, որի կերպարի մէջ Աստւած մեզ ցոյց է տալիս, թէ ինչպիսին պէտք է չլինի մարդը. դա մեր մեղքը չէ, որ այդպէս է, դա այդ մարդու ընտրութիւնն է։

Հիմա ինչպէս Յուդայի օրինակով ցոյց տրւեց, թէ ինչպիսին չպէտք է լինի հաւատացեալը, ինչպիսին չպէտք է լինի մարդը, Քրիստոսի հետեւորդը։ Հիմա պարբերաբար այդ վիճակը կրկնւում է։ Հիմա էլ էս մարդու դէմքով ցոյց է տրւում, թէ ինչպիսին չպէտք է լինի մարդը»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button