Հայաստան - Արցախ

Բացառել կարգավիճակի հարցով կրկնակի հանրաքւէն Արցախի Հանրապետութիւնում

Արցախի Հանրապետութեան աւելի քան 120 քաղաքական եւ քաղաքացիական ուժեր 2023 թ. դեկտեմբերի 10-ին ուղերձով դիմել են միջազգային հանրութեանը, որտեղ Արցախի Հանրապետութեան մեր հայրենակիցների Արցախ վերադարձի եւ բնականոն կեանքի ապահովման նպատակով առաջ են քաշել հինգ պայմաններ:

Չորրորդ պայմանով ուղերձի հեղինակներն առաջարկել են Արցախի Հանրապետութեան տարածքը ՄԱԿ-ի կառավարմանը փոխանցելուց եւ բոլոր փախստականների Արցախ վերադարձից յետոյ Արցախի Հանրապետութիւնում անկացնել հանրաքւէ Արցախի Հանրապետութեան վերջնական քաղաքական կարգավիճակի հաստատման նպատակով:

Այս առնչութեամբ հարկ եմ համարում նշել հետեւեալը.

Ղեկավարւելով ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրէնքի դրոյթներով, մասնաւորապէս՝ օրէնքի 3-րդ յօդւածի դրոյթներով, որը ինքնավար կազմաւորումների ժողովուրդներին իրաւունք էր վերապահում ինքուրոյն որոշել իրենց հետագա պետական-իրաւական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում՝ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախութիւնը՝ վերականգնելով 1918-1920 թթ. պետական անկախութիւնը, 1991 թւականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանի՝ ԽՍՀՄ եւ միջազգային իրաւական ակտերին համապատասխան ու այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ 1991 թւականի սեպտեմբերի 2-ին ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագրի, Ադրբեջանի Գերագոյն խորհուրդը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետութեան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» օրէնք եւ պատերազմ սկսել Արցախի Հանրապետութեան դէմ:

1991 թւականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագրի ընդունումից աւելի քան երեք ամիս անց՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, աւելի քան 40 միջազգային անկախ դիտորդների ներկայութեամբ Արցախի Հանրապետութիւնում անցկացւել է հանրաքւէ արդէն հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով, որին մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետութեան անկախութեանը կողմ է արտայայտւել քւէարկութեան մասնակիցների 99.89%-ը:

Անկախութեան հանրաքւէին հետեւել են չորս տասնեակ անկախ միջազգային դիտորդներ: Դիտորդները եղել են Հայաստանի Հանրապետութիւնից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ուկրաինայից:

Հանրաքւէից անմիջապէս յետոյ անկախ միջազգային դիտորդները հրապարակել են «Ակտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով հանրաքւէի արդիւնքների վերաբերեալ», որտեղ արձանագրել են, որ իրենք հանրաքւէի ընթացքին հետեւել են Ստեփանակերտում, Շահումեանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում: Անկախ դիտորդները յայտնել են, որ քւէաթերթիկները տպագրւել են երեք լեզուներով՝ հայերէն, ռուսերէն եւ ադրբեջաներէն:

Անկախ դիտորդներն արձանագրել են նաեւ, որ իրենք հետեւել են ե՛ւ հանրաքւէի ընթացքին, ե՛ւ ձայները հաշւելու պրոցեսին եւ որեւէ խախտում չեն արձանագրել: Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…հանրաքւէն անցկացւել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտայայտւել է Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի չդադարող հրետակոծութիւններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառեալ հրթիռներ եւ հրետանի: Քւէարկութեան օրը հրետակոծութիւններից զոհւել են 10, վիրաւորւել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց եւ երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտէզները, դպրոցները:… Պայթեցւել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկայ հաց, դեղորայք»:

Նկատի ունենալով արցախահայութեան՝ Արցախի Հանրապետութեան Անկախութեան հռչակման նպատակով իրականացրած քայլերի յաջորդականութիւնը՝ կարող ենք պնդել, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը Հանրապետութիւն հռչակելու, ինչպէս նաեւ հռչակւած Հանրապետութիւնը նոյն թւականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքւէի միջոցով արցախահայութեան կամարտայայտութեան համաձայն անկախ հռչակելու իրաւական գործընթացն իրականացւել է միջազգային ու ԽՍՀՄ օրէնսդրութեան պահանջներին համապատասխան եւ դրանց բծախնդիր պահպանմամբ:

Հարկ է նշել, որ ի տարբերութիւն Արցախի, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին հանրաքւէն անցկացրել է ԽՍՀՄ լուծարումից ութ օր յետոյ՝ 1991 թ. դեկտեմբերի 29-ին:

1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում խորհրդային 15 հանրապետութիւններից 11-ի ղեկավարները, ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ազդարարել են ԽՍՀՄ լուծարման եւ Անկախ պետութիւնների համագործակցութեան ստեղծման մասին:

Փաստօրէն, Ադրբեջանի անցկացրած անկախութեան հանրաքւէն լիովին անիմաստ էր, քանի որ այլեւս գոյութիւն չունէր այն պետութիւնը, որից կարելի էր դուրս գալ՝ հիմնւելով ԽՍՀՄ օրէնսդրութեան վրայ:

Ադրբեջանում անցկացւած անկախութեան հանրաքւէին չեն մասնակցել ո՛չ Արցախի Հանրապետութեան ժողովուրդը, ո՛չ Ադրբեջանի տարածքում ապրող ազգութեամբ հայերը, քանի որ Արցախի Հանրապետութեան ժողովուրդն արդէն անցկացրել էր անկախութեան իր հանրաքւէն, իսկ Ադրբեջանի տարածքում ապրող ազգութեամբ հայերի մի մասը ենթարկւել էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պետական մակարդակով ծրագրւած եւ իրականացւած ցեղասպանութեան, մեծ մասն էլ լքել էր իր բնակավայրերը՝ մազապուրծ փրկւելով ցեղասպանութիւնից:

Արցախի Հանրապետութեան հետագայ պետական-իրաւական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետութիւնում երկրորդ անգամ հանրաքւէ անցկացնելու մասին Արցախի աւելի քան 120 քաղաքական եւ քաղաքացիական ուժերի առաջարկութիւնը նշանակում է չճանաչել, որպէս կայացած փաստ, 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետութիւնում անցկացւած անկախութեան հանրաքւէն եւ 1992 թ. յունւարի 6-ին Արցախի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի կողմից հաստատւած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագիրն ու Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը, որի նախաբանում յիշատակւած է անկախութեան հռչակագիրը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ

Առնչւող Յօդւածներ

Back to top button