ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Իրանը պատրաստակամ է հայկական ընկերութիւնների համար բարենպաստ պայմաններ ապահովել իրանական նաւահանգիստներից օգտւելու համար

«ԱԼԻՔ» – Իրանի նաւահանգիստների եւ ծովային կազմակերպութեան գործադիր տնօրէնը յայտարարել է անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ Իրանի ծովային առեւտրի 9% աճի մասին եւ ասել. «Նկատի ունենալով Իրանի հետ ծովային եւ նաւահանգստային ոլորտում համագործակցելու Հայաստանի կառավարութեան շահագրգռւածութիւնը՝ Նաւահանգիստների եւ ծովային կազմակերպութիւնը չի խնայելու իր ջանքը այս ուղղութեամբ»։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Նաւահանգիստների եւ ծովային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ալի Աքբար Սաֆային ընդգծելով, որ Նաւահանգիստների եւ ծովային կազմակերպութիւնը ողջունում է ծովային եւ նաւահանգստային ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ ցանկացած երկկողմ համաձայնագիր, ասել է. «Իրանի Հանրապետութեան նախագահը, առաջին փոխնախագահը եւ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը տարբեր ժամանակներում պաշտպանել են Հայաստանի իշխանութիւններին, մինչդեռ շատ երկրներ փորձում էին փոխել տարածաշրջանի աշխարհագրութիւնը եւ խանգարել Իրանի եւ Հայաստանի հարեւան սահմանը, սակայն Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ամուր մնալով թոյլ չտւեց նման քայլի»։

Հայ-իրանական յարաբերութիւնները, մասնաւորապէս երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցերը Թեհրանում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տէրեանը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի տեղակալ, ԻԻՀ նաւահանգիստների եւ ծովագնացութեան կազմակերպութեան գործադիր տնօրէն Ալի Աքբար Սաֆային:

Յատկանշական է, որ Հայաստանն ու Իրանը պայմանաւորւել են ոլորտային համագործակցութեան յուշագիր ստորագրել, որը հայկական կողմին թոյլ կը տայ օգտւել իրանական նաւահանգիստներից: «Իրանական կողմը պատրաստակամութիւն է յայտնել հայկական ընկերութիւնների համար բարենպաստ պայմաններ ապահովել իրանական նաւահանգիստներից օգտւելու համար»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։ Հանդիպման ընթացքում քննարկւել է նաեւ հայ-իրանական յարաբերութիւնները, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դէպի ԵԱՏՄ եւ եւրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դէպի Պարսից ծոցի եւ Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Ներկայ պահին Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մէկտեղ Հայաստանն աշխատում է մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղութեամբ։ Այդ նպատակով Երեւանը յայտարարել է Չաբահարում տարածքներ վարձակալելու եւ ներդրումների դիմաց «Չաբահար» նաւահանգստում օպերատոր դառնալու մտադրութեան մասին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button