ԻրանՀայաստան - Արցախ

ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Ինչ է երազում Ալիեւը

Մովահեդեան.

«Սիւնիքում արցախահայութեան բնակեցումը լինելու է Հայաստանի այլընտրանքային հակահարւածը ուղղւած Բաքւի նկրտումներին»

«ԱԼԻՔ» – Ալիեւը մտքին է դրել Արցախի հայ բնակչութեանը հազարամեայ բնակավայրից վտարելուց յետոյ, այն վերաբնակեցնել ահաբեկիչներով ու արտատարածաշրջանային երկրների հետախուզական ցանցերի լրտեսներով:

Դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում խօսելով այս մասին շեշտել է, որ Արցախում իրականացւած էթնիկ զտումներից յետոյ անցել է իր նախագծի յաջորդ էջին, որով տարածաշրջանն, ուղիղ իմաստով, վերածւելու է անկայունութիւն հաղորդող շրջանի:

Փորձագէտն անդրադառնալով Ալիեւի յաջորդ քայլին նշել է, որ առաջիկայ տարիներին Արցախը 140 հազարանոց համայնքով բնակեցնելը տարածաշրջանը կայունութիւնից հեռու պահելու Բաքւի ծրագրի մի մասն է միայն։ «Դժւար չէ կռահելը, թէ Բաքւի իշխանութիւնները ում, կամ մարդկային ո՞ր տեսակով են վերաբնակեցնելու Արցախը: Իսկ ծրագրով ենթադրւած 140 հազարը, տասնապատիկ աւելին է, քան խորհրդային տարիներին Արցախում ապրած բաքւեցիների համայնքն էր հաշւառւում»,- նշել է Մովահեդեանը։

«Ալիեւները երէկ Շուշիից յայտարարութիւն են տարածել այն մասին, որ 23 նոր շէնքերով բնակելի համալիր է կառուցւել այնտեղ: Նշւել է, որ այս համալիրում ընդհանուր առմամբ հաստատւելու է 450 ընտանիք։ Նոր մարդկանցով բնակեցումը կը սկսւի 2024 թւականի ամռանը»,- յաւելել է Մովահեդեանը յիշեցնելով, որ միեւնոյն ժամանակ Ալիֆի ներմուծած սիոնիստ եւ թուրք գործակալներն ու լրտեսները Իրանի հետ Արցախի սահմանին գտնւող դաշտավայրից չեն հեռանում արդէն երեք տարի:

«Կարելի է ենթադրել, որ Ալիֆը նմանատիպ ծրագրեր ունի հէնց Արցախի համար: Ղարաբաղը նոր հակաիրանական կենտրոն դարձնելու մեծ հնարաւորութիւն ունի Բաքուն: Այս առումով առաւել իմաստալից է դառնում այն տեղեկատւութիւնը, որի համաձայն Բաքւի էկոնոմիկայի նախարարութիւնը պաշտօնապէս հաստատել է, որ արտասահմանեան 12 ընկերութիւնների գործունէութիւնը կենտրոնացւելու է Ղարաբաղի ուղղութեամբ իրականացւող նախագծերի վրայ»,- արձանագրել է փորձագէտը։

Մովահեդեանը համեմատութեան կարգով կարեւորել է այն փաստը, որ սա այն դէպքում, երբ Հայաստանը նոյնիսկ արցախցի փախստականների հարցում չունէր եւ չունի նպատակային ծրագիր, կամ արցախահայութեան վերաբնակեցման հեռանկարով ուղղւածութիւն։ «Այդ մարդկանց յարմարաւէտ բնակեցումը Սիւնիքում կարելի էր իրականացնել այնտեղ՝ նոր բնակելի համալիրների կառուցմամբ: Սա պաշտպանելու էր նաեւ Իրանի եւ Հայաստանի սահմանը Բաքւի հեռանկարային նկրտումներից, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Իսրայէլի ծաւալապաշտական ներկայութիւնից: Սրանով վառ էր պահւելու նաեւ դիմադրութեան ու հայրենիքը պաշտպանելու ոգին: Հէնց այդպէս է հնարաւոր Ղարաբաղը փրկելու ուղղութեամբ քայլել: Արցախահայերի ժառանգութիւնը, ինքնութիւնն ու կերտած քաղաքակրթութիւնը սերնդէսերունդ փոխանցելու գաղտնիքը եւս դրա մէջ է»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button