Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. «Յովազներ»-ը թրատեցին «սամուրաներ»-ին

Իրան-Ճապոնիա՝ 2-1

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլն ու յայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները:

Երէկ՝ փետրւարի 3-ին, առաջինը խաղադաշտ դուրս եկան մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից երկուսը՝ Իրանը եւ Ճապոնիան: Չափազանց դիտարժան եւ լարւած այս հանդիպման ընթացքում, մեր ընտրանին ցուցադրեց այս մրցաշարում իր լաւագոյն խաղը, եւ եթէ բախտը մի փոքր աւելի ժպտար մեր ֆուտբոլիստներին, ապա կարող էր գրանցւել խոշոր՝ անակնկալ հաշիւ:

Առաջին խաղակէսում ճապոնացիների առաջին լուրջ հնարաւորութիւնը պսակւեց յաջողութեամբ: 28-րդ րոպէին, խաղային մէկ դրւագում մեր պաշտպանների թոյլ տւած կոպիտ սխալները Հիդեմասա Մորիտային հնարաւորութիւն ընձեռեցին բացել հանդիպման հաշիւը:

Երկրորդ խաղակէսը, սակայն, անցաւ մեր ընտրանու խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: 55-րդ րոպէին, Սարդար Ազմունի ոսկերչական ճշգրտութեամբ կատարած փոխանցումից յետոյ, Մոհամմադ Մոհեբին հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 90+4-րդ րոպէին, երբ թւում էր, թէ հանդիպումը տեղափոխւելու է լրացուցիչ ժամանակ, ճապոնացիների պաշտպանը սեփական տուգանային հրապարակում, Մոհամմադ Հոսէյն Քանանիի դէմ պայքարում խախտեց խաղի կանոնները, որից յետոյ Ալիռեզա Ջահանբախշն անվրէպ իրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոցը, վճռելով հանդիպման ճակատագիրը: 2-1, եւ Իրանը նւաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Այս փուլի վերջին հանդիպումը Կատար-Ուզբեկստան դիմակայութիւնն էր: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում գրանցւեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիւը: Հանդիպման ճակատագիրը որոշւեց յետխաղային 11 մետրանոց հարւածներում, որտեղ աւելի անվրէպ էին կատարցիները: Կատարը յաղթեց 3-2 հաշւով եւ դուրս եկաւ յաջորդ փուլ:

Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլում կը մրցեն Յորդանանն ու Հարաւային Կորէան, Իրանը եւ Կատարը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button