Մարզական

Կայացել է Փարիզ-2024-ի Օլիմպիական աւանի բացումը

Փարիզի ամառային Օլիմպիական 33-րդ խաղերի մեկնարկից հինգ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը Սեն Դենիում կատարել է Օլիմպիական աւանի բացումը:

Շինարարութիւնը տեւել է 7 տարի։ Այդ հսկայ կառոյցը տեղաւորում է շուրջ 14500 մասնակիցների:

Արարողութեան ժամանակ կազմկոմիտէի ղեկավար Թոնի Էստանգէին յանձնւել է համալիրի խորհրդանշական բանալին:

Ֆրանսիայի նախագահը իր խօսքում նշել է, որ շինարարները կատարել են իրենց պարտաւորութիւնը, կառոյցը յանձնւել է ժամանակին եւ որակով:

Կազմկոմիտէն դեռ չորս ամիս ունի նախապատրաստական աշխատանքներն աւարտելու համար: Աւելի քան 300,000 կահոյք, դեկորացիա եւ տարբեր պիտոյքներ պէտք է տեղադրւի մինչեւ յուլիսի 18-ը՝ առաջին մարզիկների ժամանումը:

Գիւղը զբաղեցնում է 52 հեկտար տարածք, բաղկացած է 82 շէնքից, 3000 բնակարանից եւ 7200 սենեակից:

Աւանում կը գործի 24-ժամեայ ռեստորան՝ 3200 նստելատեղով, որը կառաջարկի վեց տարբեր խոհարարական ոճի սնունդ / իտալական, ասիական, ֆրանսիական եւ այլն /, ոչ ոգելից խմիչքների բար, հանգստի գօտի եւ ուսումնական տարածքներ:

Գիւղը կունենայ նաեւ մթերային խանութ, ոստիկանական բաժանմունք, գեղեցկութեան սրահ, ֆիթնես կենտրոն եւ փոստային բաժանմունք։

Տրանսպորտի խնդիրը կը լուծւի հեծանիւներով կամ էլեկտրական մեքենաներով, որոնք շուրջօրեայ աշխատանք կը կատարեն՝ խաղերը էկոլոգիապես մաքուր դարձնելու ՄՕԿ-ի պահանջին համապատասխան:

3000 մ. քառակուսի տարածքով կլինիկան 24 ժամ հասանելի կը լինի օլիմպիականներին՝ բժշկական օգնութեան համար:

Խաղերից յետոյ 2800 բնակարանների մէկ երրորդը կը վաճառւի մասնաւոր սեփականատէրերին, նոյնքանը կօգտագործւի որպէս սոցիալական բնակարաններ, իսկ մնացածը կը տրւի վարձակալութեան, այդ թւում՝ ուսանողներին:

Իւրաքանչիւր շէնք տարբերւում է միւսներից՝ ճակատի դիզայնի եւ գոյնի յստակ տատանումներով, ինչը հիմնականում եւրոպական է:

Armsport.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button