Մարզական

Արթուր Ալեքսանեան. «Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզօրացման, յաջողութիւնների ու մեծ յաղթանակների տարի»

Տոկիոյի Օլիմպիական խաղերից յետոյ հայկական մարզաշխարհում, երկրպագուների շրջանում խօսւում էր Օլիմպիական խաղերի ոսկէ, արծաթէ, բրոնզէ մեդալակիր, աշխարհի քառակի, Եւրոպայի 6-ակի, Եւրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանեանի՝ մարզական կարիերան աւարտելու մասին: Շատերի կարծիքով, օլիմպիական չեմպիոնը վստահաբար չէր շարունակի մնալ սպորտում: Տոկիոյում ոսկէ մեդալը անորոշ մրցավարութեան արդիւնքում մրցակցին զիջելուց յետոյ, Ալեքսանեանը ոչ միայն չլքեց մեծ սպորտը, այլեւ շարունակեց նւաճել բարձր տիտիղոսներ աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւններում՝ իր յաղթանակներով «ջնջելով» սպորտից հեռանալու մասին բոլոր կարծիքները:

Մրցաշրջան-2023-ում էլ հայկական սպորտի լեգենդը շարունակեց փառահեղ յաղթանակներ տանել. նախ՝ Եւրոպայի առաջնութիւնում՝ 6-րդ անգամ նւաճեց չեմպիոնի տիտղոսը, ապա՝ աշխարհի առաջնութիւնում դարձաւ արծաթէ մեդալակիր, իսկ նախաօլիմպիական տարւայ ամենամեծ յաղթանակը իր 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը նւաճելն էր:

Արթուր Ալեքսանեանը News.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2023-ը եւ խօսել իր ամենամեծ երազանքի մասին:

– Արթուր, ինչպիսի՞ն ստացւեց մրցաշրջան-2023-ը քեզ համար: Ի՞նչ գնահատական կը տաս քեզ, քո գրանցած արդիւնքներին նախաօլիմպիական տարում:

– Տարին լաւ ստացւեց ինձ համար: Իսկապէս, ես կարողացայ անել այն, ինչ ծրագրել էի, մի բացառութեամբ՝ աշխարհի առաջնութեան ոսկու փոխարէն արծաթ նւաճեցի: Մասնակցեցի երկու մրցաշարի՝ Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններին եւ ունեցայ յաղթանակներ: Կառանձնացնեմ Եւրոպայի առաջնութիւնը, որը շատ լաւ ստացւեց ինձ համար, յաղթեցի 6-րդ անգամ: Եզրափակիչում փոքր վնասւածք ստացայ, բայց յաղթեցի, ամէն ինչ լաւ անցաւ:

Մասնակցեցի նաեւ աշխարհի առաջնութեանը, որը վարկանիշային էր Փարիզ-2024-ի համար: Սա ինձ համար տարւայ կարեւոր մրցաշարն էր, որպէսզի կարողանայի վարկանիշ ձեռք բերել: Այդպէս էլ արեցի: Ճիշտ է, աշխարհի ոսկին էր պէտք, բայց տարին լաւ եմ գնահատում ինձ համար: Ամենակարեւորը, որ ունեմ օլիմպիական ուղեգիր: Հանգիստ կը պատրաստւեմ Փարիզի Օլիմպիական խաղերին:

– Աշխարհի առաջնութիւնում շատ մօտ էիր 5-րդ չեմպիոնութեանը, բայց վերջում ինչ-որ բան չստացւեց: Ի՞նչը պակասեց:

– Իսկապէս շատ մօտ էի 5-րդ ոսկէ մեդալիս: Շատ լաւ մարզավիճակում էի: Կարելի է ասել, մի շնչով յաղթել էի բոլոր մրցակիցներիս եւ հասել երզափակիչ: Եզրափակիչում էլ գօտեմարտի մեկնարկից ամէն ինչ գնում էր իմ պլանաւորածով, շատ լաւ գօտեմարտ էի անցկացնում, բայց վերջին վայրկեաններին ինչ-որ պահի բաց թողեցի, նայեցի ժամանակին, որ մնացել է մի քանի վայրկեան:

Երեւի, մի քիչ շուտ հաւատացի յաղթանակիս ու թուլացրեցի: Իմ կարծիքով, հէնց դա եղաւ իմ խնդիրը, պարտութեան պատճառը: Իմ մարզական կարիերայում չէր եղել, որ գօտեմարտի վերջին վայրկեաններին յաղթելիս միաւոր տամ ու պարտւեմ: Մի քիչ շուտ հաւատացի յաղթանակիս, թուլացրի, միաւորը տւեցի եւ ձեռքիցս բաց թողեցի ոսկէ մեդալը: Ցաւալի էր:

Նաեւ ուզում եմ նշել մի փաստ. գօտեմարտի աւարտից յետոյ, երբ վերանայեցի գօտեմարտս, կուբացի ըմբիշը ոտքով էր արել: Ուղղակի վերջին վայրկեաններն էին, նրա միաւոր վաստակելուց յետոյ մի պահ խառնւեցի իրար, չկողմոնորոշւեցինք բողոքարկման հարցում: Եթէ բողոքարկէինք, խախտումը կը տեսնէին եւ միաւորը կը հանէին: Մնացել էր 20-25 վայրկեան, որ ես յաղթէի, նա այդ վայրկեաններում միաւոր վաստակեց, ես շփոթմունքի մէջ յայտնւեցի եւ չհասցրինք բողոքարկման կոճակը սեղմել:

– Վերջին տարիներին քո մասնակցութեամբ եզրափակիչներում յաճախ են լինում մրցավարական միջամտութիւնները, դու ինքդ էլ այդ մասին բարձրաձայնում ես: Այս առաջնութիւնում կա՞ր մրցավարական կողմնապահութիւն քո նկատմամբ, թէ՞ համարում ես, որ պարտութիւնում քո մեղքի բաժինը կար:

– Չէ, այս անգամ իսկապէս չկար մրցավարական միջամտութիւն: Առաջին գօտեմարտից էլ ամէն ինչ շատ լաւ էր ընթանում: Նոյնը կասեմ եզրափակիչի մասին: Այստեղ ես ժամանակից շուտ հաւատացի իմ յաղթանակին: Որքան էլ յետհայեացք եմ գցում, վերլուծում եմ, զգօնութիւնս թուլացնելը դարձաւ պարտութեանս պատճառը: Որեւէ այլ պատճառ ու խնդիր չկայ:

– Աշխարհի առաջնութեան օրերն այս անգամ եւս համընկան պատերազմական օրերի հետ, ռազմական գործողութիւններ, արցախցիների բռնի տեղահանում… Որքանո՞վ այս իրադարձութիւնները ազդեցին քեզ վրայ, քո մրցելոյթների վրայ:

– Այդ օրերին շատ ծանր շրջան էր ինձ համար, բոլորիս համար: Արդէն որերրորդ անգամ պատերազմական օրերը համընկնում են աշխարհի առաջնութեան օրերի հետ, իմ մրցելոյթների օրերի հետ: Չէր կարող այդ ամէնն իր ազդեցութիւնը չունենալ մեզ վրայ: Որպէս հայ, բոլորի նման իմ վրայ էլ է ազդում, ամբողջ թիմի վրայ է մեծ ազդեցութիւն թողնում: Որքան էլ կարեւոր մրցաշարի ես մասնակցում, որտեղ էլ լինես, ուղեղով երկրիդ, հայրենակիցներիդ հետ ես: Մենք էլ մեր երկրի, արցախցիների, Արցախի հետ էինք: Անընդհատ նորութիւնները կարդալով էինք զբաղւած: Ճիշտ է՝ փորձում էինք չնայել գոնէ մինչեւ մրցաշարի աւարտը, բայց չէր ստացւում, չէինք կարողանում չհետեւել, չանհանգստանալ, չազդւել:

2022 թւականին էլ նոյն իրավիճակն էր: Ես դարձայ աշխարհի չեմպիոն, այդ օրը նորից սկսւել էր ագրեսիան, պատերազմը, բոլորիս միտքը Արցախում էր: Ես 4-րդ անգամ հռչակւեցի աշխարհի չեմպիոն, բայց այդ ոսկէ մեդալն ինձ չկարողացաւ օգնել, սփոփել, ուրախացնել, որովհետեւ իմ երկրում պատերազմ էր: Նոյն զգացողութիւններն ապրեցի Բելգրադում մէկ տարի անց: Ասես՝ յատուկ այդպէս լինէր:

Մարզիկներիս վրայ խորապէս անդրադառնում է իւրաքանչիւր իրադարձութիւն, որը կապւած է հայրենիքի, Հայաստանի հետ:

– Աշխարհի առաջնութիւնում նւաճեցիր քո 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տոկիօ-2020-ից յետոյ շատերը վստահ էին, որ կաւարտես կարիերադ: Ի՞նչը դրդեց, որ պայքարես 4-րդ Օլիմպիական խաղերի համար:

– Մեծ սպորտում ունեմ մի երազանք՝ մարզական կարիերաս աւարտել մեծ յաղթանակով: Այդ ճանապարհի վերջը ցանկանում եմ, որ լինի մեծ յաղթանակ: Տոկիոյի Օլիմպիական խաղերից յետոյ հասկացայ, որ այսպիսի աւարտ չեմ ցանկանում ունենալ: Տոկիոյի եզրափակիչում, իմ կարծիքով, բոլորը տեսան, թէ ինչ կատարւեց: Բացի այդ ես վնասւածքով էի մասնակցում եզրափակիչին. կիսաեզրափակիչում վնասւածք էի ստացել: Տոկիօ-2020-ից յետոյ երկար եմ մտածել, մարզիչիս հետ խօսեցի, հասկացանք, որ սա դեռ վերջը չի, շարունակելու եմ մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Տոկիոյից յետոյ իմ ցոյց տւած արդիւնքները, նւաճումներս ապացուցում են, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել:

– Այսինքն, եթէ Տոկիօ-2020-ում դառնայիր կրկնակի օլիմպիական չեմպիոն, կաւարտէի՞ր կարիերադ:

– Վստահ չեմ կարող ասել, բայց շատ հնարաւոր էր, գուցէ, աւարտէի: Այժմ իրականութիւնն այն է, որ պատրաստւում եմ Փարիզի Օլիմպիական խաղերին:

Արդէն շուրջ տասը տարի է ես պատրաստւում եմ բոլորի դէմ, բոլորը պատրաստւում են իմ դէմ: Սպորտի օրէնքն է: Եթէ յաւակնում ես ոսկու, պէտք է դիմանաս ցանկացած ճնշումների:

– Արթուր, մրցակիցներդ աստիճանաբար երիտասարդանում են: Տարիքը չի խանգարո՞ւմ քեզ:

– Ես չեմ զգում տարիքը: Չի լինում այնպէս, որ ես զգամ՝ տարիքս ինձ խանգարում է: Ինչպէս նախկինում, աւելի երիտասարդ տարիներում էի մարզւում, այնպէս էլ հիմա: Բոլոր հաւաքներին, մարզումներին մասնակցում եմ, մարզում չի եղել, որ բաց թողնեմ: Սկզբից մինչեւ վերջ մարզւում եմ: Ֆիզիկական տւեալներս թոյլ են տալիս, ես զգում եմ, որ կարող եմ, պատրաստ եմ: Եթէ զգամ՝ այլեւս չեմ կարողանում, այդ ժամանակ էլ կաւարտեմ կարիերաս:

– Ի՞նչ սպասել Փարիզ-2024-ի մրցագորգում Արթուր Ալեքսանեանից:

– Խոստումներ տալ չեմ սիրում, բայց անելու եմ առաւելագոյնը, որպէսզի նւաճեմ ոսկէ մեդալը: Առանց ինձ խնայելու ամէն ինչ անելու եմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի յաջողութիւնը Փարիզում կրկնեմ:

– Մրցաշրջան-2023-ում ամենամեծ ձեռքբերում ո՞րը կը համարես:

– Թերեւս, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տարին նախաօլիմպիական էր, եւ ամենակարեւորը ուղեգիրն էր ինձ համար:

– Ինչի՞ համար ես ափսոսում 2023-ում:

– Աշխարհի առաջնութեան եզրափակիչի համար, որ զգօնութիւնս թուլացրի եւ 5-րդ ոսկէ մեդալը ձեռքիցս բաց թողեցի: Վերջին մի քանի վայրկեանի համար եմ ափսոսում, որովհետեւ այնքան մօտ էր յաղթանակը… Իրօք, շատ ափսոս էր:

– Ո՞րն է 2024-ի մեծ երազանքդ:

– Կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոս նւաճելը: 2024-ի գլխաւոր նպատակս, երազանքս դա է: Փետրւարին մասնակցելու եմ Եւրոպայի առաջնութեանը: Գուցէ, մասնակցեմ նաեւ միջազգային մրցաշարերին, բայց քիչ հաւանական է: Այս պահին խանգարող վնասւածքներ չունեմ: Թեթեւ վնասւածքներ կան, բայց շատ լուրջ չեն: Տարին աւարտեցինք ծաղկաձորեան հաւաքով: Լաւ մարզումներ ենք անցկացրել, լաւ մարզավիճակում եմ:

– Եթէ նամակ գրէիր Ձմեռ պապին…

– Կը խնդրէի խաղաղութիւն մեր երկրին: Այդ մի բանը կուզէի, որ մեր երկրում խաղաղութիւն լինի, մեր զինւորները խաղաղ երկնքի տակ ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ: Ուրիշ բան չեմ ուզում:

– Հաւատո՞ւմ ես ամանորեայ հրաշքին:

– Այո: Առհասարակ հրաշքներին հաւատում եմ: Իմ կեանքում գուցէ այդպիսի հրաշք չի եղել, բայց լաւ բաներ շատ են եղել:

Շնորհաւորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող խաղաղութիւն լինի մեր երկրում: Վերջին տարիները շատ ծանր էին մեր երկրի, ազգի համար: Թող այսքանով աւարտւի այդ ամէնը։ Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզօրացման, յաջողութիւնների ու մեծ յաղթանակների տարի:

Լուսինէ Շահբազեան

Առնչւող Յօդւածներ

Back to top button