Թեհրան

Հայ Կաթողիկէ համայնքը նշում է Սուրբ Ծննդեան տօները

Տ. Սարգիս եպս. Դաւիթեան. «Մեզնից խլւեց մեր հայրենիքի մի մասը: Մեզ մեր յաղթանակին կապող կարեւոր օղակը՝ հաւատքն է առ Աստւած եւ միասնութիւնը»

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ՝ Կաթոլիկ եկեղեցու տոմարով Սուրբ Ծննդեան տօների՝ Քրիսմասի առիթով:

Կրօնական արարողակարգին ներկայ էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը՝ ընտանիքի ուղեկցութեամբ, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու քահանայեաց դասից Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:

Հոգեւոր երգերի եւ սուրբ պատարագի շարականների կատարումների համար, ինչպէս նախորդ տարիների դէպքում, ներկայ էին համայնքիս եկեղեցկան երգչախմբերի երեւելիներից մի քանիսը:

Իրանահայ Կաթողիկէ համայնքի հայրենակիցների մասնակցութեամբ տեղի ունեցած արարողակարգին իր քարոզում հոգեւոր առաջնորդն աւետելով՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Մեզ եւ Ձեզ մեծ աւետիս» խորհուրդը եւ աշխարհի հայութեանը խաղաղութիւն մաղթելով, անդրադարձաւ համաշխարհային ամենամեծ աղէտին՝ ատելութիւնից սերմացող պատերազմներին ու բռնութիւններին: «Վերջին ամիսների զարգացումները մեզնից խլեցին մեր հայրենիքի մի մասը: Հաւատացած եղէք, որ մեր ժողովրդին միասնութիւն պարգեւողն ու նրան վերականգնողը հաւատքն է առ Աստւած եւ միասնական աշխատանքը: Իսկ Սուրբ Ծննդեան տօների խորհուրդը նոյնն է ասում՝ միասնութիւն եւ միասնաբար աշխատանքով ուժերի վերականգնում»:

Սրբազան Հայրն աղօթեց իրանահայ համայնքի բարօրութեան համար միաժամանակ նշելով, որ թող ամէն մարդ իզօրու լինի Աստծոյ զօրութիւնն ու սէրը փնտրի իր մէջ, որպէսզի ուժ գտնի շարունակելու սիրել համամարդկային արժէքները:

Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի քարոզի աւարտին ընթերցւեց «Խորհուրդ մեծ»-ի շարականը, որի հետ միասին տեղի ունեցաւ խորանների եւ մսուրի օրհնութեան կարգը:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button