Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հռոմի Պապը հայ հովւապետերի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնագաղթածներին

Փետրւարի 28-ը՝ Ս. Գրիգոր Նարեկացու գրական յիշատակի օրը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկէ եկեղեցու Սինոդի անդամներին՝ պատրիարք Ամենապատիւ Ռաֆայէլ Պետրոս (Մինասեան) 21-ի գլխաւորութեամբ։ Այս մասին յայտնում է Վատիկանի ռադիօն։

«Պահքի սուրբ ժամանակներում պէտք է նայել Խաչին եւ ապաւինել Քրիստոսին, ով ներողամտութեամբ ու սիրով բուժում է վէրքերը։ Եպիսկոպոսները հրաւիրւած են աղօթքով բարեխօսելու բոլորի համար: Հայ Եկեղեցին, որ Քրիստոսի լոյսը բերեց իր ժողովրդին, պէտք է լինի քրիստոնէական մարգարէութեան լոյսի վկան ու «առաջնեկը» ատելութեան ու բռնութեան խաւարով պարուրւած աշխարհում։ Ու թէեւ հայ կաթոլիկները շատ չեն, բայց «Աստւած փոքրերի հետ է հրաշքներ գործում»,-նշել է Հռոմի Պապը։

«Ձերդ երանութիւն, սիրելի եղբայրներ, ինչպէ՞ս կարելի է բառերով, առաջին հերթին աղօթքով չյիշել Հայաստանը, յատկապէս Լեռնային Ղարաբաղից գաղթած բոլոր փախստականներին, ապաստան փնտրող ներքին տեղահանւածների բազմաթիւ ընտանիքներին:

Առաջին Համաշխարհային պատերազմը պէտք է լինէր վերջինը, եւ պետութիւնները միաւորւեցին Ազգերի լիգայում՝ ՄԱԿ-ի իրաւախորհրդին՝ հաւատալով, որ դա բաւարար կը լինի խաղաղութեան պարգեւը պահպանելու համար: Սակայն այդ ժամանակից ի վեր եղել են բազմաթիւ հակամարտութիւններ ու ջարդեր, ինչպէս միշտ՝ ողբերգական ու անիմաստ։ Քանի՞ անգամ եմ բարձարաձայնել՝ բաւական է։ Եկէք բոլորս միասին կրկնենք խաղաղութեան այս կոչը, որպէսզի այն դիպչի նոյնիսկ նրանց սրտերին, ովքեր անզգայ են աղքատների եւ խոնարհների տառապանքների հանդէպ: Առաջին հերթին եկէք աղօթենք։ Ես սա անում եմ ձեր եւ Հայաստանի համար եւ խնդրում եմ, յիշէք ինձ»,- նշել է Սրբազան քահանայապետը:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button