ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

«Բաքուն Իրանից թոյլտւութի՞ւն ստացել է սահմանին իսրայէլական օդանաւակայան կառուցելու համար»

Էհսան Մովահեդեանի արձագանգը Բաքւի կողմից Կապանի օդանաւակայանը գնդակոծելու մասին.

«ԱԼԻՔ»- «Հայաստանի Սիւնիքի մարզկենտրոնի՝ Կապանի օդանաւակայանի գործակման վերաբերեալ Բաքւի պահանջած հաշւետւութեան մէջ կան նշումներ, որոնց արժէ ուշադրութիւն դարձնի նաեւ իրանական կողմը»,- գրում է Էհսան Մովահեդեանը:

Փորձագէտն իր սոցիալական ցանցերի հարթակներում տեղադրած գրառման մէջ նշել է, որ Բաքւի կառավարութիւնը տարածաշրջանում իրականացւող բոլոր նախագծերն այդ թւում՝ Կապանի օդանաւակայանում թեթեւ շարժիչով ուղեւորատար ինքնաթիռների, ինչպէս նաեւ հայկական երկաթուղային ծրագրերը ահաբեկելով, ի ցոյց է դրել իր իրական դէմքը:

Փաշինեանին Կապան տեղափոխող չւերթից յետոյ Բաքւի զինւորականների կողմից հայկական քաղաքացիական ինքնաթիռների գնդակոծման առնչութեամբ Բաքւի պետական «az.tv» հեռուստաալիքը նոյն օրը միջադէպի մասին արդարացում գտնելու համար զրոյցի էր հրաւիրել միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ ռազմական փորձագէտների։

Նախ հեռուստալրագրողը բացատրում է, որ Կապանի օդանաւակայանը կառուցւել է Խորհրդային Միութեան ժամանակ, երբ հանրապետութիւնների միջեւ չէր աշխատում սահմանային վարչակարգ: Սակայն այժմ, երբ երկրներն անկախացել են, այս օդանաւակայանի գործարկումը հակասում է միջազգային օրէնքներին:

Այնուհետեւ իրաւաբանը պարզաբանում է. «Ցանկացած երկիր, որը ցանկանում է օդանաւակայան ունենալ այլ երկրի սահմանի մօտ, պէտք է հարեւան երկրից թոյլտւութիւն ունենայ»։

Նա նշել է նաեւ, որ ինքնաթիռները կարող են մտնել Բաքւի օդային տարածք վայրէջքի եւ թռիչքի ժամանակ։

Այս պահին հաղորդավարը յաւելում է, որ հայկական օդանաւակայանը սահմանին մօտ լինելու պատճառով նոյնիսկ ուժգին քամու դէպքում թռիչքը կարող է շեղւել դէպի Բաքւի սահման: « Առկայ են փաստաթղթեր, որոնք ապացոյցն են այս օդանաւակայանի ռազմական օգտագործման հնարաւորութիւնների»,- յաւելում է նա ։

Այնուհետեւ ռազմական փորձագէտն է մէջ ընկնում ու բացատրում. «Հայաստանի մտադրութիւնը՝ սահմանին մօտ օդանաւակայան ունենալն է, որպէսզի ռազմական նպատակներով օգտագործի այն»։

Նա յաւելել է, որ եթէ նոյնիսկ հայկական կողմի կործանիչները հատեն սահմանը, ապա կրկին չեն կարողանայ վայրէջք կատարել, քանի որ Բաքւի բանակի պաշտպանական համակարգը հսկում է Կապանի օդանաւակայանը եւ մօտակայքում գտնւող երկաթուղային կայարանը։

Վերջում հաղորդավարը նշում է. «Հայաստանի կողմից օդանաւակայան բացելու այդ ագրեսիւ ակտը ոչ մի կերպ անպատասխան չի թողնի Բաքուն: Իսկ նախորդ վարչապետ Սարգսեանը (Սերժ Սարգսեան) ասել էր, որ գործարկելու է նաեւ Խոջալուի օդանաւակայանը: իսկ ինքն էլ լինելու է առաջին չւերթի ուղեւորը: Սակայն երբ Բաքուն խստօրէն արձագանգեց, նա հրաժարւեց իր ծրագրից: Բաքուն աչքերը չի փակում քանդիչ գործողութիւնների վրայ, եւ Կապանի օդանաւակայանը թանգարանի պէս կը մնայ ոչ պիտանի (իսկը թուրքի մտածողութիւն)»:

Այս բոլորի մասին տող առ տող պատմելով Մովահեդեանը «tweet»-ների չաշթու (շարք) հրապարակելով նախ յիշեցրել է Իրանի հետ Բաքւի ունեցած սահմաններին մօտ նրանք միանգամից երեք ռազմական օդանաւակայան են կառուցել, բայց ո՞ւմ իրաւունքով:

«Դադարեցրէ՛ք լկտիաբար Իրանի հիւսիսային երկինքն անապահով դարձնող ձեր նկրտումները: Իրանի համբերատար լռութեան ստւերում Բաքուն շարունակում է ահաբեկիչներ տեղակայել նոյն այդ տարածքներում»,- գրել է փորձագէտը:

Դոկտ. Մովահեդեանը նշել է, որ Բաքուն պնդում է, որ սահմանամերձ օդանաւակայանների կառուցման եւ շահագործման համար պէտք է ունենալ հարեւան երկրի թոյլտւութիւնը, հակառակ դէպքում օդանաւակայանի շահագործումը հակասում է միջազգային օրէնքներին։

Ելնելով նոյն դիրքից հարց է ծագում, որ Բաքուն Իրանից թոյլտւութի՞ւն ստացել է քաղաքացիականի անւան տակ ռազմական նշանակութեան օդանաւակայաններ կառուցելու եւ շահագործելու համար։ Եթէ Բաքուն չունի Իրանի թոյլտւութիւնը, ապա հէնց իրենց ձեւակերպմամբ Բաքւի արարքը միջազգայնօրէն դատապարտելի գործողութիւն է:

Մովահեդեանը մեկնաբանելով «az.tv»-ով հրապարակւած զրոյցը նշել է, որ հաղորդավարը, հիմնւելով իր ասած ու միայն ինքը տեսած փաստաթղթերի վրայ, եւ, իհարկէ, առանց դրանք ցոյց տալու, ռազմական նշանակութեան բազա է ներկայացնում Կապանի քաղաքացիական օդանաւակայանը, որպէսզի հեշտացնի հետագայ միջադէպերի ու ահաբեկչական գործողութիւնների հետւանքով սպանութիւնների համար արդարացում գտնելը, կամ հէնց ծառայեցնի օդանաւակայանը փակելու նպատակին:

Մովահեդեանը կարեւորել է ռազմական փորձագէտի ներկայութիւնն այդ ծրագրում, որը նոյն նպատակին էր կոչւած եւ յաւելել. «Ռազմական փորձագէտը եւս առանց հիմնաւորելու նշեց, որ Կապանի օդանաւակայանը ռազմական բնոյթ ունի , եւ մենք հարւածելու ենք դրան, խփելու ենք ինքնաթիռները, ինչպէս նաեւ մօտակայքում գտնւող երկաթուղային կայարանը»:

Այնուհետեւ Մովահեդեանը հարց է տալիս, որ եթէ սահմանային օդանաւակայանի ընթացակարգն այդպիսին է, ապա ինչու Իրանի կողից հարցը չի բարձրացւում, Բաքւից պահանջելով փակելու սահմանային օդանաւակայանները։ «Թէեւ արբանեակային պատկերները յստակ ցոյց են տալիս այդ օդանաւակայաններում իսրայէլական լրտեսական անօդաչու թռչող սարքերի առկայութիւնը»,-յաւելել է իրանցի փորձագէտը։

Բաքւեցի հեռուստալրագրողն այդ ծրագրի վերջում կրկին սպառնում է` եթէ այս օդանաւակայանը սկսի աշխատել, ապա Բաքուն հայկական ուղեւորատար ինքնաթիռները չէզոքացնելու է հէնց օդում»:

Դոկտ. Էհսան Մովահեդեանը յաւելել է. «Իսկապէս, եթէ փոքր ուղեւորատար ինքնաթիռների համար նախատեսւած ու կառուցւած օդանաւակայանը, որտեղ չւերթ իրականացնող ինքնաթիռներն իրենց տեսակի մէջ համարւում են ամենափոքրը, այդքան շատ է անհանգստացնում Բաքւին, որ պետականհեռուստատեսութեամբ պաշտօնապէս սպառնում է թիրախաւորել կամ գնդակոծելով սպանել խաղաղ բնակչութեանը, ապա ինչպէս է, որ Իրանը չի արձագանգում Բաքւի հետ ունեցած իր սահմանին գտնւող ռազմական նշանակութեան օդանաւակայաններին։ Կամ ինչու չի արձագանգում Բաքւի կողմից տարածաշրջան ներմուծւած ահաբեկիչներով ու թաքֆիրականներով համալրւած այդ բազաների գոյութեանը:

Միթէ նոյն օդանաւակայաններում չէ՞ր, որ ՆԱՏՕ-ի հրամկազմը վայրէջք կատարեց, իսկ յաջորդիւ՝ Իսրայէլի անվտանգութեան պետերն ու հետախոյզները, որին յաջորդեցին նաեւ Թուրքիայի կործանիչների ու զինտեխնիկա ու դեսանտ տեղափոխող չւերթները: Իսկ այժմ դրանք դարձել են Իսրայէլի ու Թուրքիայի հետախուզական անօդաչու թռչող սարքերի բազան։

«Ի՞նչ էք կարծում պարոնայք, Բաքւի պետական հեռուստատեսութեան առաջին ալիքի զեկոյցը լեգիտիմութիւն չի՞ տալիս Իրանին, որպէսզի Ալիեւին մէկըդմիշտ իր տեղը ցոյց տայ»,- եզրափակելով «tweet»-ների շարքը հարց է տալիս Մովահեդեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button