Հայաստան - Արցախ

Արմինէ Ադիբէկեան. «Ապագան, որը մեզ խոստացել են, եկել է եւ շարունակելու է քայլել մեր վրայով»

34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործութիւնը կատարւեց. 1988 թւականի փետրւարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից յետոյ, Բաքւում սկսւեցին հայութեան հետապնդումները, ապա 1990 թ. յունւարի 13-19-ը՝ իրականացւեցին զանգւածային ջարդեր: 1990 թւականի յունւարի դրութեամբ Բաքւի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ:

Ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը 168.am-ի հետ զրոյցում անցեալի այս ոճրագործութեանն անդրադարձաւ ներկայ իրողութիւնների համատեքստում՝ արձանագրելով՝ Բաքւի քաղաքականութեան մէջ ոչինչ չի փոխւել եւ չի էլ փոխւելու:

«Բաքուն ինչպէս իրեն հայատեաց դրսեւորել է, այնպէս էլ շարունակում է դրսեւորել: Հաշւի առնելով այն, որ Բաքուն ու Անկարան արդէն Հայաստանում բիզնեսներ են գնում, օրակարգ են առաջ բերում, որ պէտք է ադրբեջանցիները գան եւ բնակւեն Հայաստանում, շուտով այդ ջարդերը տեղի են ունենալու Հայաստանում: Ապագան, որը մեզ խոստացել են, եկել է եւ շարունակելու է քայլել մեր դիակների վրայով»,- յաւելեց ադրբեջանագէտը:

Ադրբեջանագէտից հետաքրքրւեցինք, թէ ի՞նչ են անում այսօր ՀՀ գործող իշխանութիւնները՝ ընդդէմ ցեղասպանութիւններն ու ջարդերը ժխտող թուրք-ադրբեջանական պետական քարոզչամեքենայի:

Յիշեցնենք՝ նախկին իշխանութիւնների տարիներին բազմաթիւ նախագծեր ու նախաձեռնութիւններ էին իրականացւում այս ուղղութեամբ, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի կողմից իրականացւող՝ 1987-1992 թթ. Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին պատմող «Սովորական Ցեղասպանութիւն» նախագիծը լուրջ վաւերագրութիւն էր այս առումով:

«Ես տեղեկութիւն ունեմ, որ այդ գիծը չի տարւում, որովհետեւ եթէ տանէին, գոնէ մի յօդւած, նախագիծ, ֆիլմ կը տեսնէինք. ոչ մի նման բան չի արւում: Մարդիկ նստած, ոչ մի բան չանելով՝ աշխատավարձ են ստանում, եւ անունը դրել են, թէ մենք հանրային կապերի ու տեղեկատւութեան կենտրոն ենք»,- ասաց Ադիբէկեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button