ԻրանՀայաստան - Արցախ

Կապանում տեղի է ունեցել Իսլամական յեղափոխութեան 45-րդ տարեդարձի տօնակատարութեան միջոցառումը

Իրանի Իսլամական յեղափոխութեան 45-րդ տարեդարձի միջոցառումը տեղի է ունեցել փետրւարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսարանի եւ Կապանի համայնքապետարանի համագործակցութեամբ, Կապանի մշակութային պալատում: Տեղեկացնում է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի անդամ, ճարտարապետ Շերլի Աւետեանը:

Միջոցառմանը ելոյթ է ունեցել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսարանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Սիւնիքի փոխմարզպետ Հայկ Յարութիւնեանը, իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը:

Ողջոյնի խօսք է հնչեցրել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն իր խօսքում նշել է. «Յեղափոխութիւնը, որ նախաձեռնել է Իրանի լուսաւոր առաջնորդ Իմամ Խոմէյնին, լոյսի պայթիւն էր, որ դարձաւ ժողովրդական համակարգի վերելքի հիմքը։ Անցած 45 տարում փոքր ու մեծ սատանայական ուժերն ահաբեկչական խմբերի միջոցով Իրանին պարտադրեցին 8 տարի տեւած պատերազմ, սահմանեցին դաժան ու լայնածաւալ պատժամիջոցներ, փորձեցին մարել այդ լոյսը։ Սակայն Աստւած այդ լոյսը կատարելութեան է հասցրել, եւ մենք հաւատում ենք աստւածային այդ խոստմանը։ Իրանը ինչպէս միշտ ողջ ուժերով շարունակում է առաջ գնալ աճի եւ բարգաւաճման ուղիով եւ այսօր մեր երկիրը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում գիտութեան եւ արտադրութեան ոլորտում»։

Սիւնիքի փոխմարզպետ Հայկ Յարութիւնեանը փոխանցել է մարզպետի շնորհաւորականը եւ ողջոյնի խօսքը, որտեղ գոհունակութեամբ անդրադարձել է Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման մեծ տեմպերին, ընդգրկելով փոխադարձ յարաբերութիւններ, որոնք, նրա խօսքով՝ գալիս են դարերի խորքից, կերտւում են ներկայում եւ վստահ քայլով նւաճում են նորանոր հորիզոններ:

«Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան գործունէութեան ընթացքում վստահաբար զգացել էք Հայաստանի Հանրապետութեան եւ մասնաւորապէս Հայաստանի հարաւային դարպաս հանդիսացող Սիւնիքի մարզի հոգատար աջակցութիւնը եւ իրանցի գործընկերների հետ համագործակցութեան պատրաստակամութիւնը, որի շնորհիւ պարբերաբար կազմակերպւում եւ իրականացւում են բազմաթիւ ծրագրեր եւ համատեղ միջոցառումներ»,-նշել է փոխմարզպետը՝ վստահութիւն յայտնելով երկու երկրների միջեւ հետագայ կապերի խորացման եւ զարգացման առնչութեամբ:

Այնուհետեւ ելոյթ է ունեցել իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը: Նա իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Իրանի Իսլամական յեղափոխութեան աւանդին, անցած ճանապարհին:

«Ցանկանում եմ ոչ թէ խօսել անցեալի, այլ՝ ներկայի եւ ապագայի մասին եւ ցոյց տալ, այստեղ հաւաքւած իմ հայրենակիցներին, Իսլամական յեղափոխութեան գլխաւոր դասն այն է, ինչ վերաբերում է Իսլամական յեղափոխութեան բերած փիլիսոփայութեանը, քաղաքական փիլիսոփայութեանն, որի ամբողջ հայեցակարգը ամփոփւած էր Իմամ Խոմէյնիի 45 տարի առաջ արտաբերած մէկ նախադասութեան մէջ. «Ոչ դէպի արեւելք ոչ դէպի արեւմուտք, այլ դէպի Իսլամական յեղափոխութիւն»,- նշել է իրանագէտը:

Տօնոյեանը նաեւ համոզմունք է յայտնել, որ ուժը սեփական ժողովրդից բացի այլ տեղ չփնտրելու շնորհիւ է, որ Իրանը հասել է այսօր իրանական անկախութեան իրական անվտանգութեան իրական կայունութեան եւ թռիչքաձեւ տեխնոլոգիական առաջընթացի:

Նշենք, որ միջոցառմանը Կապանի գլխաւոր հիւպատոսութեան մտայղացմամբ կազմակերպւել էր նաեւ պաստառի փառատօն, որի նպատակն է եղել Սիւնիքի մարզի բնակիչներին ներկայացնել յեղափոխութեան ձեռքբերումները եւ զարգացնել համագործակցութիւնները:

Փառատօնի նպատակն է եղել զարկ տալ Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամութեանը եւ խաղաղ համակեցութեանը:

Միջոցառման աւարտին հնչել են գեղարւեստական կատարումներ, տեղի է ունեցել հիւրասիրութիւն:

Առնչւող Յօդւածներ

Back to top button