Հայաստան - Արցախ

Խոպանչիների կառավարութիւն

Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանւեց կառավարութեան նիստում, եւ հասարակութիւնն այն քննարկում է տարբեր տեսանկիւններից, փորձեմ մէկ տեսանկիւն էլ ես առաջարկել։

Կայ վարկած, որ արտագնայ աշխատողների հարկման թեման բարձրացւում է ԵԱՏՄ հանդէպ Հայաստանում բացասական տրամադրութիւններ գեներացնելու համար։ Վերջում ասւելու է՝ մեղաւորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։

Ինչ խօսք, արդար եւ խիստ հարկահաւաքութիւնը կենսունակ պետութեան պարտադիր պայմանն է։ Բայց դրա զուգահեռ թեման բիւջէի վերահսկողութիւնն է։ Իւրաքանչիւր անհատ հարկատու, ու հասարակութիւնը՝ որպէս հաւաքական հարկատու, իրաւունք ունեն հարցնելու. իսկ բիւջէի ափռցփռ ծախսերը՝ մէկ աղբիւրից գնման ճանապարհով, հասարակութեան հետ ճշտւե՞լ են։ Խօսքը ահռելի թւերի, բազմաթիւ միլիարդների մասին է, որոնք անվերջ կոռուպցիոն ենթատեքստեր է պարունակում։ Դեգեներատ միջոցառումների համար միլիոնաւոր դոլարներ ծախսելիս ո՞ւմ էք հարցրել։ Աւինեանի երդմնակալութեան վրայ ծախսւած մօտ հարիւր միլիոնը քաղաքացու հետ ճշտւե՞լ է։ Բարձրաստիճան պաշտօնեաների համար անվերջ գնւող թանկարժէք մեքենաները, առանձնատների եւ կաբինետների թանկարժէք վերանորոգումները, եւ այլն, եւ այլն։ Մեր երկրում մնացե՞լ է արդեօք բիւջէի վերահսկման որեւէ մեխանիզմ։

Սա շատ կարեւոր պահ է։ Եթէ մենք հարցին չնայենք այս տեսանկիւնից, ապա «խոպանչիների հարկը» չի լի լինելու վերջինը, եւ միայն նրանց չի ասւելու՝ եթէ հարկ չէք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլէք, երթեւեկէք։ «Մենքը» ո՞վ է, «մերը» ո՞րն է։ «Մեր» սարքած Լաչինի ու Քարվաճառի ճանապարհներով երբ գնում էիք Շուշի՝ երդմնակալութեան արարողութիւն կազմակերպելու, դո՞ւք չէիք սարքել ճանապարհները, էդ պատճառո՞վ էդքան հեշտ հրաժարւեցիք մեր երկրից։

Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել նոյն տրամաբանութեամբ։ Օրինակ.

  1. «Յղիների հարկ». ինչո՞ւ պէտք է մէկ հոգին՝ մայրը, երկու հոգու ծանրութեամբ քայլի մեր մայթերով, չէ՞ որ «մեր» ասֆալտը մաշւում է։ Կամ ինչո՞ւ մէկ հոգին երկու հոգու փոխարէն պէտք է մեր թթւածինը շնչի, ջուրը խմի։
  2. Արցախցիների վրայ կարելի է դնել տուրիստական նոր «city tax»։ Բա ինչո՞ւ պէտք է «մեր» փողոցներով քայլեն, «մեր» 29800 ք/կմ.-ի վրայ ապրեն։
  3. «Չմեծարման հարկ». նա, ով հրաժարւում է Մեծարգոյ վարչապետ ասել, պէտք է հարկ մուծի։
  4. «Հայրենիքի հարկ». ով շարունակում է Արարատը մերը համարել, երազել նրա մասին կամ նայել նրա կողմ, լրացուցիչ կը հարկւի։
  5. «Յիշողութեան հարկ». ցեղասպանութեան մասին յիշելը, Արցախի մասին յիշելը, Ամարասը, Գանձասարը յիշատակելը եւս հարկման ենթակայ է։

Երբ պետութիւնը կորցնում է իր կենսագործունէութեան տրամաբանական ընթացքը, ապա ամէն աբսուրդ բան հնարաւոր է, եւ ոչ միայն հարկերի մասով։ Վերջում՝ մի շատ վտանգաւոր երանգի մասին, որը դեռեւս աննկատ մնաց՝ ներհասարակական նոր բաժանման, նոր բարիկադի նոտան՝ արտագնայ հայ, այստեղ ապրող հայ, «մեր ու ձեր» ճանապարհ եւ այլն։ Իրենց յայտնի ռեպերտուարի մէջ են։

Յ. Գ. – Այնուամենայնիւ, խոպանը մի կողմ. սոցիալական թեմաները կարեւոր են, սակայն ես չեմ բացառում, որ այս կապիկութիւններն արւում են իրականում Ֆրանսիայում արած վտանգաւոր յայտարարութիւններից հանրութեան ուշադրութիւնը շեղելու համար։ Երէկւանից յետոյ Նիկոլի յայտարարութիւնների շնորհիւ Հայաստանը յայտնւել է բոլորովին նոր, ծայրայեղ վտանգաւոր վիճակում, եւ բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պարտաւոր են կենտրոնանալ եւ վերջապէս իրենց դրսեւորել որպէս քաղաքական միաւորներ։ Մենք պարտաւոր ենք ադեկւատ արձագանգել նոր իրողութիւններին։ Սրա մասին աւելի մանրամասն՝ առաջիկայում։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Առնչւող Յօդւածներ

Back to top button