Հայաստան - Արցախ

«Մեր հետագայ ճակատագիրը լուծւում է Տաւուշում, կարիք չկայ մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է». Գուրգէն Մելիքեան

Ներկայիս իշխանութիւնները գնում են միակողմանի զիջումների եւ մեր հետագայ ճակատագիրը լուծւում է Տաւուշում։ Տաւուշն այսօր մեր դարպասն է, եւ մենք պարտաւոր ենք Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը պահել»,- ասում է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը:

Նա նշում է, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը միայն այնտեղ բնակւողներինը չէ, նաեւ՝ «իմն է, ձերն է»:

«Իւրաքանչիւրս պարտաւոր ենք պահելու հայրենիքի այդ հատւածը։ Դա նոյնն է, ինչ-որ Արտաշատը, Կոտայքը, Գեղարքունիքը։ Իւրաքանչիւրս պարտաւոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահել սրբութեամբ։ Մեր տղաները դրա համար են զոհւել, որ ունենանք հայրենիք։
Միակողմանի զիջումը ոչ մի բան մեզ չի տալու, եւ մենք ստորացած վիճակում ենք լինելու։
Խաղաղութիւն իւրաքաքնչիւրիս պէտք է, գիտենք խաղաղութեան արժէքը, գիտենք նաեւ այն արեան արժէքը,  որ տղաները թափել են գիտակցելով»,- ասում է Մելիքեանը:

Նա նշում է, որ թէեւ տարիքին, բայց պատրաստ է հայրենիքի ամէն սանտիմետրի համար պայքարել ամբողջ էութեամբ. «Տարիքը կարեւոր չէ, հայրենիքն ամենաբարձր արժէքն է, ես պատրաստ եմ նաեւ կեանքով վճարել այդ հայրենիքի համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թէ Տաւուշի այդ տարածքներն ո՞ւմ պատկանում իրականում, նա նշում է. «Այնտեղի յուշարձաններն արդէն ասում են, որ հայկական են, կարիք չկայ մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է:

Հիմա Դադիվանքը մե՞րն էր, թէ՞ մերը չէր։ Ծիծեռնավանքը մե՞րն էր, թէ՞ մերը չէր։ Մերն են, ուղղակի պէտք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, ապաշնորհ մարդիկ են, որ թոյլ են տալիս պղծելու մեր սրբութիւնները:

Պէտք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթէ դուք չէք կարողանում ղեկավարել, հեռացէք, գնացէք, բաւ է։ Ինչքա՞ն զիջենք։ Իմ արժանապատւութեան գնով ես խաղաղութիւն չեմ ուզում:

Մենք պէտք է ոգին վերականգնենք, ամէն ինչ իր տեղը կընկնի։ Լիայոյս եմ, որ Հայաստանը լինելու է եւ հզօր Հայաստան է լինելու»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button