Հայաստան - Արցախ

Վրաստանին տարածքներ կը յանձնւե՞ն

Վերջին շրջանում ակտիւացել են խօսակցութիւններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինեանն ակտիւացրել է սահմանազատման – սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաեւ Վրաստանին: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագօտու Ջիլիզա գիւղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) յարող տարածքներին:

Խնդրի կապակցութեամբ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղութեամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատւածներում են կատարւել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերւել պայմանաւորւածութիւն՝ կատարելու սահմանազատման–սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացւել՝ իրագործելու, եւ սահմանային նման տեղաշարժերի արդիւնքում կոնկրետ ո՞ր հատւածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին:

Արտաքին գործերի նախարարութիւնից ստացւած գրաւոր պատասխանի մէջ հաստատւել է, որ «…Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձեւաւորւել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիւացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները»:

Չյայտնելով ոչինչ՝ ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերեալ տեղեկատւութիւնը հանրութեանը կը ներկայացւի պատշաճ ժամկէտում:

Ժողովրդական խօսքն ասում է՝ աչքը տեսածից է վախենում: Ունենալով Սիւնիքի դառը փորձը, երբ պատերազմից մէկ ամիս անց (2020 թ. դեկտեմբերի 18-ին) Փաշինեանն իր «բանաւոր ըմբռնումներով» թշնամուն յանձնեց նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ չնախատեսւած տարածքներ, այդ թւում՝ Գորիս-Կապան միջպետական մայրուղին, բնակավայրեր, ռազմավարական դիրքեր եւ այլն, երբ պատերազմից յետոյ այս կամ այն կերպ շարունակաբար թշնամուն է յանձնւում հայրենիքի այս կամ այն հատւածը, ապա լիարժէք հիմքեր ունենք թէ՛ կասկածելու, թէ՛ յայտնելու մտավախութիւն, որ Վրաստանի պարագան եւս կարող է բացառութիւն չլինել, եւ այս դէպքում եւս հայրենիքի տարածքներն «ընդհանուր ընկալումներով» եւ փաշինեանական դաւադիր «ըմբռնումներով» օտարւեն:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր

Առնչւող Յօդւածներ

Back to top button