Հայաստան - Արցախ

«Ո՛չ քո հօր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, խան ես, ո՛չ թագաւոր ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը»

Բագրատ Սրբազանը՝ Փաշինեանին

Տաւուշի մարզի 4 գիւղերը յանձնելու վերաբերեալ յայտարարութիւնը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցաւօք սրտի, ՀՀ կառավարութեան եւ նրա ղեկավարի թուլակամութեան եւ կարող եմ յստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանութեան արտայայտութիւն: Այս մասին մարտի 16-ին Ոսկեպարի Սուրբ Աստւածածին եկեղեցում մատուցւած պատարագից յետոյ իր քարոզում ասել է Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը:

«Կոյր պէտք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրայ էլ ուրացած, որ մոռանաս, կամ վախի ներքոյ չկարողանաս այդ ստացած ժառանգութիւնը համարես քոնը եւ տէր կանգնել: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնւում ենք դաւաճանւած ու ուրացւած լինելու այս ամբողջ գործընթացում: Այն սկսւել է Արցախ աշխարհով, նրա ուրացումով, հայրենազրկումով եւ այդպէս շարունակւում է քայլ առ քայլ եւ դուք ինքներդ էք վկայ, որ ընդամէնը մի քանի օր առաջ յայտարարւեց, որ Տաւուշ աշխարհից, այսպէս կոչւած 4 գիւղեր, յետոյ անշուշտ հերքելով, որ գիւղեր չեն դրանք, տարածքներ են, տրւելու են թշնամուն: Եւ ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ ցաւօք սրտի, ՀՀ կառավարութեան եւ նրա ղեկավարի թուլակամութեան եւ կարող եմ յստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանութեան արտայայտութիւնն է: Մենք այս ամբողջ ժամանակահատւածում ապրել ենք եւ ապրում ենք ստի, կեղծիքի, հայրենիք յանձնելու, հող յանձնելու ամէն ինչի անւան տակ եւ այսօր էլ վախեցնելով պատերազմով, եթէ սա չանենք՝ պատերազմ կը լինի»,- ասել է նա:

Տաւուշի թեմի առաջնորդի խօսքով՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին հաստատում է, որ սա թշնամու հող չի, այլ «մեր տկարութիւնների եւ մեղքերի» պատճառով կտրտւել է:

«Որեւէ ժամանակ այն չի դադարելու լինել մեր տունն ու հայրենիքը: Այստեղ բնակւող մեր հայրենակիցներն են, որ գողացւել են, սպանւել են, անընդհատ արհաւիրքների են հանդիպել, բայց քաջաբար եւ հերոսաբար ոչ միայն դիմադրել են, այլ նաեւ յաղթանակ են տարել: Հիմա մեր այդ գողացւած յաղթանակները, մեզ համար որպէս պարտութեան գլխաւոր խորհրդանիշ հող յանձնելով են պայմանաւորում»:

Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մէկը իրաւունք չունի յանձնել իր հայրենիքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գիւղեր չենք յանձնում, տարածքներ են դրանք: Ո՛չ քո հօր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, խան ես, ո՛չ թագաւոր ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ յանձնում ես կամ փորձում ես յանձնել: Գիւղ են, թէ գիւղ չեն, որեւէ կարեւորութիւն չկայ, մեր հայրերի ու եղբայրների արիւնը աւելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արիւնով են անընդհատ ոռոգւել ջրի փոխարէն»:

Տաւուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պէտք է որոշի՝ յանձնւել, թէ ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը»:

«Մոնթէն ասում էր՝ Արցախը յանձնելով, մեր պատմութեան վերջին էջը շրջեցինք, Տաւուշի այս գիւղերի յանձնումը կը լինի ոչ թէ պատմութեան վերջին էջը շրջել, այլ հայութեան պատմութեան գիրքը փակել, քանի որ մենք մի տեսակ դրւած ենք դագաղի մէջ միայն եւ այդ վերջին մեխերն են մնացել, որ յարութեան յոյս էլ չունենանք: Բայց չի լինելու դա, ինչ էլ անէք»,- ասել է նա:

Yerevan.today

Առնչւող Յօդւածներ

Back to top button