Հայաստան - Արցախ

Հայաստանի Եպիսկոպոսների եւ Թեմակալ Առաջնորդների յայտարարութիւնը Տաւուշի մարզից  տարածքներ յանձնելու վերաբերեալ

Վերջին շրջանի զարգացումները այլեւս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանութիւնները Արցախի լիակատար հայաթափման եւ ՀՀ տարածքների բռնազաւթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին,  պատրաստւում են վերջինիս յանձնել Տաւուշի մարզից  տարածքներ նախքան ենթադրւող սահմանազատումն ու սահմանագծումը։

Պարտւողական այս մօտեցմամբ, տարածքային ցաւալի հերթական զիջումներով, ըստ էութեան, յաչս միջազգային հանրութեան լեգիտիմացւում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրութիւնը եւ դատապարտելի հաւակնութիւնները:

Եկեղեցին միարժէքօրէն ողջունում է խաղաղութեան հասնելուն ուղղւած բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղութեան դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը ոչ միայն անիրատեսական է, այլեւ աղէտաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները եւ չարդարացւած շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

Տեւական ու ամուր խաղաղութիւն հնարաւոր է կերտել ազգային արժանապատւութեան եւ իրաւունքների հանդէպ լիարժէք յարգանքի դրսեւորման եւ փոխադարձութեան սկզբունքի պահպանման պայմաններում:

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանութիւններին` հրաժարւել պարտւողական գործելաոճից եւ ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցութիւններում ընթացք չտալ պարտադրւող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կը կանգնեցնեն անվտանգային նոր մարտահրաւէրների առջեւ։

Կոչ ենք ուղղում նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպութիւններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զաւակներին` այդ թւում եւ պետական պաշտօնատար անձանց` համախմբւել եւ համազգային միասնականութեամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականութեան ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։

Հաւատում ենք, որ մեր ժողովրդի մէջ զօրեղ է հայրենանւիրումի եւ անձնականն ի սէր ազգի զոհաբերելու յանձնառութեան ոգին, ամուր` ազգային ինքնութիւնը պահպանելու նախանձախնդրութիւնը, եւ մենք յարուցեալ Փրկչի օգնականութեամբ ու համընդհանուր ջանքերով ի զօրու ենք հեռացնել արհաւիրքն ու չարիքը հայրենական մեր կեանքից։

Սրտաբուխ աղօթքով հայցում ենք Երկնաւոր Տիրոջից, որ խաղաղութեան ու համերաշխութեան շնորհները յեղի մեր երկրի եւ ժողովրդի կեանքում եւ անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button