Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

. Սահմանազատում չի կարելի անել, քանի դեռ որոշւած չեն դրա սկզբունքները։ Օրինակ՝ եթէ 4 գիւղ յանձնում են, դրա տեղն Արծւաշէնը տալո՞ւ են… 4 գիւղի հարց, ընդորում, չկայ, կայ 4+4 գիւղերի հարց: Առաջին 4 գիւղն անկլաւային տարածքներ են։

. Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնութեամբ գիւղ առ գիւղ վերցնում է Հայաստանի տարածքները։ Հայաստանի իրական տարածքը 31 900 քկմ. է։ Յանկարծ Google maps-ում, որը կապ ունի ամերիկեան հետախուզական ծառայութիւնների հետ, յայտնւում է «ադրբեջանական» անկլաւ։ Տիկին դեսպան, Քրիստինա Քւին, ինչպէ՞ս դա տեղի ունեցաւ։ Ինչի՞ հիման վրայ է յայտնւել այդ քարտեզում անկլաւը։ Գիշերը քնում ես՝ անկլաւ չկայ, առաւօտը զարթնում ես՝ կայ արդէն։ Հնարաւոր է՝ Փաշինեանը կամ Ալիեւն են զանգում։ Թող դա արդէն Մհեր Գրիգորեանն ու Փաշինեանը պատասխանեն։ Եթէ այդ «անկլաւը» տրւի, Ոսկեպարի լինելիութիւնն անհնարին է դառնում։ Գիւղն ամբողջապէս կը դատարկւի, ու դրանից յետոյ վտանգի տակ կը յայտնւի Լոռւա մարզը։

. Տաւուշում է գտնւում Ջողասի ջրամբարը (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մօտ 650 մ. բարձրութեան վրայ:

Բերքաբերի կամ Ջողասի ջրամբարը Հայաստանի՝ մեծութեամբ 5-րդ ջրային աւազանն է Սեւանայ լճից, Ախուրեանի, Արփի լճի եւ Սպանդարեանի ջրամբարներից յետոյ: Ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսւել են 1966 թւականին, շինարարութիւնն աւարտւել է 1979-ին, շահագործման է յանձնւել 1980 թւականին։ Ջրամբարը շահագործւել է մինչեւ 1991 թւականի ապրիլ, շահագործումը դադարեցւել է հայ-ադրբեջանական հակամարտութեան, պատերազմի պատճառով: Մակերեսը 2,14 կմ. է, առաւելագոյն խորութիւնը՝ 60 մ., ջրատարողութիւնը՝ 45 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 43 միլիոն խորանարդ մետր։ Երկարութիւնը՝ 1275 մ., բարձրութիւնը՝ 64 մ.։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղւում էր Նոյեմբերեանի ու Իջեւանի մայր ջրանցքներ։ Ոռոգել է մօտ 10000 հեկտ. հողատարածք (ՀՀ եւ Ադրբեջանի սահմանամերձ հատւածը)։ Ջողասի ջրամբարը ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերեանի եւ Իջեւանի շրջանների 11 գիւղերի՝ Կոթի, Բարեկամաւան, Ոսկեւան, Բաղանիս, Ջուջեւան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկաւան, Սարիգիւղ, Սեւքար, Աչաջուր: Ըստ տաւուշցիների՝ Իջեւանի Ազատամուտ աւանը Ջողասի ջրամբարից նաեւ ստացել է խմելու ջուր, բնականաբար՝ զտման պրոցեսն անցնելուց յետոյ:  Այս ջրամբարից ջուր է հասել նաեւ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գիւղ:

Ի դէպ, 2021 թ. ապրիլին Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ՀՀ եւ Ադրբեջանի սահմանակից ջրամբարներին, որոնց շահագործումը, ըստ նրա, երկու երկրների գործակցութեան լաւ հնարաւորութիւն կարող է լինել:

Խօսքը, մասնաւորապէս, Տաւուշի մարզի Ջողասի ջրամբարի մասին էր, որին Ադրբեջանի կողմից յարակից է Աբբասբէյլիի ջրամբարը։

«Ջողասի եւ յարակից Աբբասբեյլիի ջրամբարները լաւ հնարաւորութիւն են Հայաստանի եւ Ադրբեջանի համագործակցութեան համար, ի շահ տեղի բնակչութեան, եթէ հնարաւոր լինի համաձայնութեան գալ ամբարտակների, ջրանցքների եւ սարքաւորումների վերանորոգման եւ սպասարկման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի միջեւ վստահութիւնն ամրապնդւի»,-ասւում էր գրառման մէջ։

. Իմ վարչապետութեան օրօք Տաւուշով անցնող գազատարն ադրբեջանցիների կողմից պայթեցւել է 43 անգամ։ Եթէ հիմա գազամուղ պայթի, Փաշինեանը, Գնէլ Սանոսեանը գազամուղ սարքո՞ղ են։

. Հասկանո՞ւմ էք՝ ինչ է անում այդ խելագարը։ Այն, ինչ արեց Գորիս-Կապան ճանապարհի դէպքում, հիմա անում է Տաւուշում։

. Փաշինեանն իրաւունք չունի խօսել մեր գենետիկ կոդի մասին, որովհետեւ նա մեր գենետիկ կոդի հետ կապ չունի։ Պատմական Հայաստանը չկայ միայն իր ու թուրքերի համար։

. Վրաստանում յետանկախութեան տարիներին կատարւել է 20 միլիարդ դոլարի ներդրում, որից 16 միլիարդը ներդրել են թուրքերը։

. Բա վեր կացէք, խօսէ՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ էք, թէ՞ սորոսական թափթփուկ։ Ինչի՞ չէք խօսում, որ, օրինակ, «Բենտոնիտ» գործարանը մնում է ադրբեջանցիների տարածքում՝ ըստ Google maps-ի։

. Փաշինեանը սուտ է ասում. մնալու է 28000 քկմ. տարածքով երկիր, որը կապ չի ունենալու արտաքին աշխարհի հետ։

. Փաշինեան, եթէ դու քո սահմանները չգիտես, ՀԱՊԿ-ին դիմում ես, որ ի՞նչ անես։ ՀԱՊԿ-ը գայ, կանգնի Ոսկեպարում, յայտնւի ծուղակի մէ՞ջ։ Ադրբեջանն ասի՝ այ ընկեր, իմ տարածքում ի՞նչ ես անում։

. Նիկոլ, քեզ ո՞վ է ասել՝ Հայաստանի տարածքը 29745 քկմ. է։ Էդ Մհեր Գրիգորեանի աշխատանքի արդիւնքում Հայաստանի տարածքը պիտի փոքրանա՞յ։ Դու Ադրբեջանի կողմից վարձւա՞ծ ես։

. Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ։ Իրար են ուտելու այստեղ՝ հաց չլինելու համար։

. Տաւուշի գիւղերը յանձնելու դէպքում Ադրբեջանի կողմից վերահսկողութեան տակ է վերցւելու Հայաստան-Վրաստան տրանսպորտային կապն ամբողջութեամբ, այն աստիճանի, որ դա վերջերս անհանգստացրեց նաեւ վրացիներին։ Յանձնելուց յետոյ ՀՀ քաղաքացիները Նոյեմբերեան կարող են գնալ միայն Վանաձորով։

. Բրիւսէլում Փաշինեանին ասացին՝ ոչ մի անվտանգութիւն չկայ, ձեր անվտանգութիւնը Թուրքիան է։

. 2024 թ. մեր ակնկալիքները Ռուսաստանից 14 միլիարդ դոլար էր։ Այս իշխանութիւնների գործունէութեան արդիւնքում, փաստօրէն, դրանից հրաժարւում ենք՝ յանուն Արեւմուտքի խոստացած 270 միլիոն դոլարի։ 270 միլիոն ամէն օր է գալիս Ռուսաստանից։

. Թուրքերը հո հատ-հատ չե՞ն մորթելու մեզ, բոլոր հարցերը լուծել են, մնում է միայն ատոմակայանի փակման հարցը լուծեն, ու Հայաստանը դառնալու է էներգիա չունեցող, չզարգացող, յետամնաց երկիր, եւ ժողովուրդը դուրս է գալու։ Հայաստան չի լինելու։

. Բրիւսելից յետոյ Փաշինեանն աչքով աչք չունի ԱԽՔ Արմէն Գրիգորեանի հետ։

. Արմէն Գրիգորեան, բա դու Անվտանգութեան խորհրդի քարտուղար ես, մի հատ անվտանգութեան մասին բառ չեղաւ, բա ի՞նչ ես արել։

. Փաշինեանին պէտք է հարցնել՝ էդ որ ասում էք՝ Միութենական պետութեան սպառնալիք կայ, ինչի՞ց ելնելով ես ասում։ Նման առաջարկ կա՞յ: Չի եղել նման առաջարկ: Մենք գլխացաւանք ենք Ռուսաստանի համար, ինչի՞ մեզ պիտի առաջարկեն դա։ Տեղից էժան գազ են տալիս, մի երկու անգամ էլ պիտի էժանացնեն, ինչի՞ անեն, յանուն ինչի՞։ Երբ Ալէն Սիմոնեանն ասաց՝ Միութենական պետութեան վտանգ կայ, ես նման բան չեմ յիշում, Ռուսաստանի դեսպանն ասաց՝ ստում ես։ Դրանից յետոյ արձագանգ եղա՞ւ։ Չեղաւ։

. Փաշինեանը, առանց երաշխիքներ ստանալու, իրօք արտաքին քաղաքական վեկտոր է փոխել։ Նա այս 6 տարիների ընթացքում հետեւողականօրէն Հայաստանը դարձրեց Ռուսաստանի թշնամին՝ դիմացը ստանալով զրօ։

. Ո՛չ 2023 թ. բիւջէում, ո՛չ 2024 թ.-ի՝ նման գումարներ չկան։ Արեւմուտքից արցախցիներին, Հայաստանին օգնութեան եկած գումարները բիւջէ չեն մտնում, վերահսկողութիւն էլ չկայ:

. Փաշինեանը բողոքում է Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց դուրս չի գալիս դրանից։ 10 կէտից 8-ը չկայ, բայց միեւնոյն է, դուրս չի գալիս։ Հարցրէք նրան՝ ինչո՞ւ դուրս չի գալիս:

Ինչո՞ւ էին Բրիւսէլում առաջ մղում «Խաղաղութեան խաչմերուկ» կոչւածը, որի մասին Բրիւսէլի յայտարարութեան մէջ նշւեց, որ աջակցում են, եւ նաեւ յատուկ զեկոյցով անդրադարձաւ ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար Ռասմուսենը, որի ընկերութիւնը ՀՀ կառավարութեանը եւ Անվտանգութեան խորհրդին մի քանի հարիւր հազար դոլարի դիմաց խորհրդատվութիւն է մատուցում: Ռասմուսենը մինչ ապրիլի 5-ի բրիւսէլեան հանդիպում զեկոյց էր հրապարակել եւ արեւմտեան կառոյցների ղեկավարներին կոչ էր անում քաղաքական եւ նիւթական աջակցութիւն ցուցաբերել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին: Խաղաղութեան խաչմերուկը, փաստօրէն, արեւմտեա՞ն օրակարգ էր: Փաշինեանը Բրիւսէլ գնացել էր այդ օրակարգով` բուկլետներ էր բաժանել, որպէսզի քննարկեն, ըստ էութեան ասում էր` օգնէք մեզ՝ դա իրականութիւն դարձնենք: 

«Խաղաղութեան խաչմերուկն ուղղւած չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կամ Եւրոպայի դէմ, այլ ուղղւած է միայն Ռուսաստանի դէմ։ Փաշինեանն այդպիսով ասում է՝ բոլոր տեղերով ճանապարհ եմ տալիս։ Ներողութիւն եմ խնդրում մեր ժողովրդից՝ այս բառի համար, բայց Փաշինեանը Հայաստանը դարձնում է հասարակաց տուն, որ ով երբ, ոնց ուզի, մտնի, դուրս գա։ Բա ինչի՞ չես ասում, որ Երեւանից Մեղրի կարող ենք Նախիջեւանով գնալ, կամ Ղազախով կարող ենք Ռուսաստան գնալ։

. ԵՄ յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լէյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը, ԵՄ արտաքին յանձնակատար Ժոզէֆ Բորէլը, Հարավային Կովկասի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարն ու ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ստոլտենբերգը, ինչպէս նաեւ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլը, որոնք շուտով պաշտօնի չեն լինելու, ասում են՝ Հայաստանը պիտի լինի այնպիսի պետութիւն, որը վասալային կախւածութեան մէջ կը լինի Թուրքիայից։ 6 ամիս յետոյ այդ պաշտօններում կը լինեն այլ չինովնիկներ, որոնք կը խօսեն Հայաստանն Ադրբեջանի կազմում լինելուց։ Բայց սա չի սարսափելին, սարսափելին Փաշինեանին իշխանութեան բերելն էր։

. 50000 մարդ հաւաքւի՝ Փաշինեանը թողնելու է, գնայ։ Իրենք հասկանում են՝ ինչ են բերել հայ ժողովրդի գլխին։

. Ռուսաստանը թոյլ չի տալու, որ Ադրբեջանն ու Թուրքիան միանան իրար ու գործեն՝ ընդդէմ Ռուսաստանի ու Իրանի։ Ռուսաստանը վերադառնալու է տարածաշրջան, բայց էն ժամանակ, ես չգիտեմ՝ Հայաստան կը լինի՞, թէ՞ չէ։ Ինչի՞ է Պեսկովն ամբողջ օրը գովում Փաշինեանին… Որովհետեւ նա ծառայում է թուրքերին, նախկինում նա դիւանագիտական աշխատանքի է եղել Թուրքիայում։ Պեսկովի պահւածքը ցոյց է տալիս, որ Փաշինեանի հակառուսականութիւնն իրենց չի վիրաւորում։ Առաջիկայ ամիսներին Ուկրաինայում յաջողութիւն գրանցելուց յետոյ Ռուսաստանը շուռ է գալու այս ուղղութեամբ։ Եթէ Պուտինը Հայաստանից հրաժարւի, կը կորցնի Կովկասը։

. Ամբողջ հայ ազգը կառավարութեան նիստին կէս ժամ լսում է, թէ ինչպէս է երկրի ղեկավարը խօսում այն մասին, որ չի կարելի չստիկներով գործի գնալ։ Սա ողբերգութիւն է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button