Հայաստան - Արցախ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿՐԿՆՒԵԼՈՒ ԱՌԻԹ Է ԳՏՆՈՒՄ, ԵՐԲ ԱՅՆ ՔՈՆԸ ՉԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Ոսկեպարն այսօր՝ «Օղակ» գործողութիւնից 33 տարի անց

ՀԱՏԻՍ

Վերջին շրջանի զարգացումների լուսանցքում, երբ ՀՀ գործող իշխանութիւնների խայտառակ ձախողումների բերումով Հայաստանը օր-օրի նահանջ ու ստորացում է ապրում, նոյն վարչակազմը հայ ժողովրդին անզօրացնելով դարձրել է պատմութիւնը կրկնւելու իրողութեան լուռ վկան:

Խօսքը Ոսկեպարի ու հարեւան երեք գիւղերի ամսին է: Ոսկեպարը որպէս հայրենիքի անբաժան մաս, կամ ինչպէս  «հայրենիք» բառից խուսափող վարչապետն է սիրում ասել՝ ոսկեգոյն Հայաստանի քարտէզը ձեռին ման գալով, Հայաստան չէ: Փորձագէտ մարդիկ այս մասին հանրութեանը իրազէկել եւ լուսաբանել են վարչակազմի սխալ ընկալումների մասին եւ աւելորդ կը լինէր կրկնել նոյնը: Ուղղակի յօդւածի նպատակը ընթերցողին վերյիշման առիթ տալն է 1991 թւականի նոյն շրջանի հետ կապւած ջարդերի ու հակամարտութեան թեմայով, որից պարզ է դառնում նաեւ, որ շրջանի խիստ կարեւոր նշանակութիւն ունի ռազմավարական նշանակութեան առումով, որտեղից կարելի եւ վերահսկուղութիւն իրականացնել այսօրւայ  Հայաստանի սահմանի երկայնքով, ե՛ւ դէպի Արցախի հիւսիսային շրջաններ, ինպչէս նաեւ տարածաշրջանի կարեւոր ջրայի ռեսուրսներ նայող ուղղութիւններ վրայ:

Դրւագը պատմում է 1991 թւականի մայսիս 4-ի իրադարձութիւնների մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ տարածքների հայկական Ոսկեպար գիւղի բնակչութեան հետ:

Լուսանկարը պատմում է, թէ ինչպէս ադրբեջանական զօրքերի ստորաբաժանումները, ԽՍՀՄ բանակայինների օգնութեամբ տարհանում են եւ ոչնչացնում՝ ծագումով հայ բնակչութեանը:

Անկախ ազգութիւնից ու կողմերի մասին հետաքրքրւածութիւնից, լուսանկարչին այնքանով է հետաքրքրել դէպքերի զարգացման ընթացքը, որ ըստ իր արած պատմութեանը նմանօրինակ դրւագներով են պայմանաւորւած եղել ԽՍՀՄ-ի տարածքում մեկնարկող բոլոր հակամարտութիւնները: «Դրանցից որոշները ազգերի միջեւ ատելութեան երանգ էին կրում, ինչն էլ տեղի ունեցած զանգւածային ջարդերի հիմնապատճառն էր»,- ասել է Ալէքսէյ Ռոգովը՝ 1991-թւականի ֆրանսիական «Paris Match» թերթին տւած հարցազրոյցում:

Նոյն պատմութեան մասին նա ասել է, որ երբ նրան շարունակ արգելել են յայտնւել հակամարտութիւնների ճակատներում, ճարահատւած նա բաւարարւել է իրեն ուղեկցող խմբի տւած ցուցումներով ու ցուցադրած տարածքներով: Միայն վերադարձի ճանապարհին, երբ նրան արդէն արտասահման էր ուղեկցում վազ մակնիշի մեքենան, նա նկատում է Ոսկեպար գիւղի նախամուտքում հաւաքագրւած հայ գերիների այս խումբը եւ խնդրում կանգնեցնել մեքենան: Նախ ֆոտոապարատին միացնում է Nikkor 180/2.8mm տեսապակին եւ հեռւից նկարում այս պատկերը (լուսանկար թիւ 1): Ապա իջնելով մեքենայից՝ մօտենում է թափօրին եւ բաց տեսադաշտով տեսապակին միացրած՝ պատկերագրում է արդէն յաջորդ կադրը (լուսանկար թիւ 2): Նա իր վրայ կրակ բացելու զգուշացումը լսելով հանդերձ փորձում է դիմել փախուստի: Պատմութիւնն աւարտւում է ադրբեջանցի սպայի ձեռամբ՝ ջարդւած տեսախցիկով:

Նրան հասցնում են կանգնեցնել վարձակալած աւտոմեքենայի մօտ: Պահանջում են նրա ֆոտոապարատը: Պատասխանում է, որ նա ոչ մի լուսանկար էլ չի արել ե՛ւ, որ նա մոլորւել էր ու դրա համար է մօտեցել նրանց ու գետնին պարկած տղամարդկանց: ՕՄՕՆ-ականները սպառնում են տանել նրան ուղեկցող վարորդին՝ Վարդան անունով երիտասարդին: Այստեղ Ռոգովին այլընտրանք չի մնում ու յանձնում իր ֆոտոխցիկը, որն էլ տեղը տեղին ջարդում են: Իհարկե Ալէքսէյ Ռոգովին օգնութեան է գալիս իր ճարպիկութիւնը, որով նա հասցրել էր կռահել սպասւող փորձանքի մասին եւ խցիկից հանելով վայրկեանապէս փրկել՝ ժապաւէնը:

(լուսանկար թիւ 1)

Լուսանկարիչը նկատում է Ոսկեպար գիւղի նախամուտքում հաւաքագրւած հայ գերիների այս խումբը եւ խնդրում կանգնեցնել մեքենան: Նախ ֆոտոապարատին միացնում է Nikkor 180/2.8mm տեսապակին եւ հեռւից նկարում այս պատկերը (լուսանկար թիւ1): Ապա իջնելով մեքենայից՝ մօտենում է թափօրին եւ բաց տեսադաշտով տեսապակին միացրած՝ պատկերագրում է արդէն յաջորդ կադրը: Պատանդների ճակատագրի մասին կայ փաստագրւած հրապարակում: Եղած տեղեկութիւնների համաձայն՝ «Օղակ» գործողութեան հետեւանքով տարհանւած բնակչութեան տղամարդիկ առանձնացւել են, որոնց կացնահարւած դիակները գտնւել են մօտակայ շրջաններում- 1991 թ.

Շարունակելով պատմութիւնը՝ Ռոգովը նշել է, որ լուսանկարի վաճառքից գոյացած գումարը ոչ միայն ծածկել է նոր ֆոտոապարատի գնման հետ կապւած ծախսերը, այլ նաեւ հիմնովին բարելաւել նրա ապրուստը:

Լուսանկարի դէպքի վայրում յայտնւելու մասին Ալէքսէյ Ռոգովի արած պատմութիւնից պարզ է դառնում, որ Ռոգովին սպասւող թռիչքից զրկելով տեղի ադրբեջանական հրամկազմը նրան ստիպում է ընտրել մասամբ բարդ լուծում՝ տարածքը թողնելու համար, ինչը հէնց լուսանկարչի ուզածն էր:

Այսպիսով՝ նա անցնում է խիստ վտանգաւոր միջքաղաքային ճանապարհներից, որտեղ իրավիճակն առաւել լարւած տեսք ունէր: Այստեղ էլ նա ականատես է դառնում «Օղակ»*) գործողութեան դրւագներից մէկի, որով նաեւ, փաստացիօրէն լուսանկարչի կադրող վաւերագրւել է հայերի տեղահանութեան դէպքերից մէկը՝ Արցախեան շարժումի մեկնարկային ժամանակահատւածում:

Այստեղ կարելի է բարձրաձայնել նաեւ, այն մասին, թէ ադրբեջանական քարոզչամեքենան ինչպէս է գրանցում իր անգրագիտութեան  հերթական խայտառակութիւններից մէկը:

Խօսքն այն մասին է, որ այս էլ արդէն որերորդ անգամը լինելով՝ նրանք փորձում են լուսանկարներ խեղաթիւրելով կամ կադրերի անկիւններից պատկերներ կտրելով՝ ֆոտոմոնտաժ արտադրել եւ ստացւած պատկերը ներկայացնել որպէս ենթադրեալ Խոջալուի դէպքերի փաստ:

Սա գուցէ նորութիւն չէ: Սակայն, խնդիրը նրանում է, որ այն արւում է նոյնիսկ այնպիսի լուսանկարների դէպքում, որոնք արդէն իսկ ֆոտոլրագրութեան պատմութեան առումով փաստագրւած են եւ ոխնեն վաւերագրական համապատասխան արժէք: Ինչպիսին հէնց այս լուսանկարի դէպքում՝ որը ԽՍՀՄ-ի ներքին անցուդարձերի մասին արեւմտեան մամուլում եղած ժամանակի ծարաւը մասամբ յագեցնելուց զատ՝ նաեւ լուսաբանել է հայերի դէմ կատարւող «ադրբեջանա-ԽՍՀՄ»-ական սադրանքի ու Արցախի հայ բնակչութեան գլխին օրօրւող վտանգների մասին:

Ադրբեջանական քարոզչամեքենային նոյնիսկ ցուցանակին երեւացող «Ոսկեպար» գիւղի անունը չի խանգարել նման յիմարութեան գնալը…

Միեւնոյն դրւագից արւած երկու տարբեր դիտակէտերից այս լուսանկարների փոխանցումները եւս հետաքրքիր մանրամասներ են փոխանցում ընթերցողին: Յատկապէս, երբ քաղաքացիական զգեստով ու անպաշտպան մարդիկ են սահմանամերձ դարձել կամ դառնում:

 Նման կարգավիճակներում, երբ լուսանկարչին չի գոհացնում հեռւից գրանցած կադրերը, մեծ բաւարարւածութիւն կարող է պարգեւել նրան՝ մօտ տարածութիւնից մանրուքների վրայ ծանրանալը, ինչն այս դէպքում շատ ծանր նստեց Ալեքսէյ Ռոգովի վրայ:

Պատանդների ճակատագրի մասին կայ փաստագրւած հրապարակում: Եղած տեղեկութիւնների համաձայն՝
«Օղակ» գործողութեան հետեւանքով տարհանւած բնակչութեան տղամարդիկ առանձնացւել են, որոնց կացնահարւած դիակները գտնւել են մօտակայ շրջաններում: Իսկ այս բոլորն արւել է ԽՍՀՄ բանակի  տեսադաշտում, ինչպէս նշւած է «Օղակ» գործողութեան մասին պատմող
վկայագրութիւններում:

(լուսանկար թիւ 2)

*) ՕՂԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ – Ադբեջանական խորհրդային սահմանների տարածքում գտնւող մի շարք հայաբնակ գիւղերի բռնի հայաթափումը՝ Խորհրդային Միութեան զինւած ուժերի ստորաբաժանումների եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ների կողմից՝ էթնիկական զտման նպատակով:

Հետագայում անմարդկային յանցագործութեան պատասխանատւութիւնից խուսափելու եւ միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար Ռուսաստանի կողմից կազմակերպւել է հետաքննութիւն, Ռուսաստանում լսումներ են անցկացւել, սակայն այդպէս էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժւել,- որպէս փաստ արձանագրւած է Օրբէլի կենտրոնի աղբիւրներում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button