Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Ստեփան Դանիէլեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Տաւուշի 4 գիւղերի յանձնման քայլին իրենք վաղուց են գնացել, ուղղակի վախենում են հանրութեանը բացայայտ կերպով այդ մասին ասել»

Տաւուշի 4 գիւղերի յանձնման քայլին իրենք վաղուց են գնացել, ուղղակի վախենում են հանրութեանը բացայայտ կերպով այդ մասին ասել, բայց անուղղակի կերպով ակնարկել են, այդ թւում՝ նաեւ ՀՀ վարչապետը, երբ խորհրդարանում տեխնիկական հարցերն էր քննարկում: Ենթադրութիւնները, թէ եթէ Ադրբեջանը այդ ճանապարհները վերցնի, ապա ինչպէս է հասնելու այդ անկլաւներ, այսինքն, իրենք արդէն մուտք են գործել առեւտրային յարաբերութիւնների մէջ Ադրբեջանի հետ, ճանաչելով այդ անկլաւների գոյութիւնը: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

Նրա խօսքով՝ Ադրբեջանը դրա հիման վրայ նաեւ կարող է ուժային ձեւով այնտեղ մտնել, որովհետեւ այդ երկրում ուղղակիօրէն ասում են, որ Հայաստանը ճանաչել է այդ անկլաւների գոյութիւնը եւ խոստացել է վերադարձնել:

Հարցմանը, թէ արդեօք Տաւուշի 4 գիւղերի յանձնումը նախապայմա՞ն է՝ խաղաղութեան պայմանագրի, թէ՞ ոչ, Ստեփան Դանիէլեանը նշեց, որ այն նախապայման չէ, այլ ուղղակի Ադրբեջանը յայտարարել է, որ այն իր տարածքներն է եւ պէտք է վերցնի եւ դա ուղղակի սկիզբն է, որովհետեւ Ադրբեջանը կրկին պահանջներ ունի, առանց հաշւի առնելու Արծւաշէնը եւ այն տարածքները, որ ինքը ռազմական ճանապարհով գրաւել է:

«Շատ կարեւոր մի յայտարարութիւն արւեց, երբ որ Բլինքէնը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարի հետ, այնտեղ իրենց հանդիպման մասին յայտարարութիւն էին հրապարակել, որտեղ տարբեր կէտեր կային, որոնք կապւած էին Սիրիային, Լիբիային եւ այլ երկրներին, նաեւ Հարաւային Կովկասին, երբ ասում էին, որ Թուրքիան եւ Միացեալ Նահանգները պէտք է նպաստեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համար պայմանագիր հաստատւի, եւ նաեւ օբիեկտիւ հողի վրայ, այլ ոչ թէ ուժեղը թոյլի հետ խօսելու դիրքերից, յիշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիրներից մէկը վերջերս ասել էր, որ Թուրքիան է զսպում Ադրբեջանին, որպէսզի յարձակում չլինի, հետեւաբար նաեւ Պուտին-Էրդողան հանդիպումը, որ յետաձգւել է, պէտք է որոշակի պայմանաւորւածութիւններ ընդգրկէր, այդ թւում՝ Հայաստան- Ադրբեջան յարաբերութիւններին կապւած»,- նշեց նա:

Դանիէլեանը ընդգծեց, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան յայտարարում են «3+3» ձեւաչափի մասին եւ Իրանից յայտարարութիւններ են հնչում բարձր մակարդակով, որ տարածաշրջանում խաղաղութիւնը պէտք է հաստատւի տարածաշրջանի երկրների ջանքերով, հաշւի առնելով նրանց շահերը, եւ եթէ արտատարածաշրջանային ուժեր են միջամտում դա ոչ մի լաւ բան չի բերի:

«Եթէ վերադառնանք Ֆիդան-Բլինքէն հանդիպմանը, ապա երկկողմ ձեւաչափ է ձեւաւորւում եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորւում են, այսինքն, Իրանն ու Ռուսաստանը դուրս են մնում, պարզ չէ թէ այդ երկրները, որքան են համաձայն դրան, բայց, յամենայնդէպս Մոսկւայից բաւական նեարդային յայտարարութիւններ են հնչում եւ զգուշացնում, որ ԱՄՆ-ն ու Եւրոպան խաղաղութիւն չեն բերում եւ միայն տարածաշրջանի երկրների ջանքերով է հնարաւոր խաղաղութիւն լինի»,- նշեց քաղաքագէտը:

Իսկ ինչ վերաբերւում է խաղաղութեան պայմանագրին, Դանիէլեանը նշեց, որ այդ խաղաղութեան պայմանագրի մասին Հայաստանում են միայն խօսում, Ադրբեջանում դրա փոխարէն հասկանում են ադրբեջանական պայմաններով խաղաղութիւն, որտեղ իրենք պէտք է մաքսիմալը կորզեն Հայաստանից: Ադրբեջանի տեսակէտից դա ուլտիմատում է եւ կապիտուլիացիա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button