Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանական վայրագութիւնները Տաւուշի խաղաղ բնակչութեան դէմ՝ 1993-1994 թւականներին

Հայ-ադրբեջանական պատերազմների, ռազմական բախումների բոլոր ընթացքներում ակտիւ կէտերից է եղել Տաւուշի մարզը: Խորհրդային շրջանի վերջին էտապում՝ 1980-ականներից սկսած, հայերի ու ադրբեջանցիների միջեւ հակադրութիւնները, միջադպերը սկսել են ակտիւանալ նաեւ Տաւուշի հատւածում: Դա են վկայում ժամանակի մամուլում լոյս տեսած լուրերը, տեղեկութիւնները: 1988 թւականին, երբ սկսւեց Արցախեան շարժումը, ակտիւացաւ նաեւ հայ-ադրբեջանական լարւածութիւնը Տաւուշում: Հայաստանի սահմանագօտու այդ հատւածը յատկապէս ամենաթէժն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ:

Սահմանագօտու ամբողջ երկայնքով ընթացել է ռազմական բախում: Այդ տարիներին Տաւուշի սահմանին տեղի ունեցող իրադարձութիւնների մասին տեղեկանում ենք պաշտօնական արձագանգներից, լրահոսից, ինչպէս նաեւ թերթերից: 1993-1994 թւականներին Տաւուշի սահմանին հայ-ադրբեջանական ռազմական բախումների, ինչպէս նաեւ ադրբեջանցիների ռազմական եւ քաղաքացիական վայրագութիւնների մասին տեղեկանում ենք Տաւուշի շրջկենտրոն Բերդ քաղաքում տպագրւող  «Այգաբաց» թերթից, որը Տաւուշի շրջանային խորհրդի պաշտօնաթերթն էր:

Հարկ է նշել, որ այդ շրջանի Երեւանի թերթերը եւս տեղեկութիւնների մեծ մասը ստանում էին հէնց վերոնշեալ թերթից, որում լրագրողներն ականատեսի աչքով, հենց առաջնագծից էին ներկայացնում իրադարձութիւնները: Մասնաւորապէս, թերթում կարդում ենք 1993 թւականի վերջին ադրբեջանցիների վայրագութիւնները Տաւուշի խաղաղ բնակիչների շրջանում.

«Երկարատեւ ընդմիջումից յետոյ 1993 թւականի դեկտեմբերի 25-ին եւ 26-ին ադրբեջանցիները Թովուզի շրջանի ռազմական յենակէտերից ծանր հրետանուց ու տանկերից աւելի քան  երկու ժամ հրետակոծութեան են ենթարկել շրջանի սահմանամերձ գիւղերը: Դեկտեմբերի 29-ին, ժամը 13-ին, Թովուզի եւ Գետաբէկի շրջանների ռազմական յենակէտից զէնքի բոլոր տեսակներից դաժան հրետակոծութեան ենթարկւեցին շրջանի գրեթէ բոլոր բնակավայրերը: Այգեպարի սահմանում իր զինւորական պարտքը կատարելիս հերոսի մահով զոհւեց Սարգիս Այդինեանը: Վարագաւանում թուրքի գնդակի զոհը դարձաւ ութ տարեկան մի աղջնակ: Կան մէկ տասնյակից աւելի վիրաւորներ: Աւելի քան 70 բնակարաններ աւերւեցին»: («Այգաբաց», 1994, N 1):

Ադրբեջանցիներն իրենց վայրագութիւնները շարունակում են նաեւ 1994 թւականի յունւարին: Փետրւար ամսւայ համարում կարդում ենք յունւարին տեղի ունեցած այն բոլոր յանցագործութիւնների մասին, որոնք տեղի են ունեցել Տաւուշի մի շարք գիւղերում.

«Յունւարի 21-ին ադրբեջանցիները Չինարի գիւղի սահմանում գազանաբար խոշտանգել են երկու խաղաղ բնակիչների: Յունւարի 27-ին ադրբեջանցիները ներխուժել են Պառաւաքարի տարածք եւ սպանել երկու հովիւների: Նոյն օրը Բերդ-Կրասնոսելսկ ճանապարհին ադրբեջանցիները պայթեցրել են «Կամազ» մակնիշի մէկ աւտոմեքենայ: Ուղեւորները եւ վարորդը, բարեբախտաբար, հասցրել են փախչել: Յունւարի 30-ին, գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ադրբեջանցիները ներխուժել են Ներքին Կարմիրաղբիւրի տարածք, հասել մինչեւ գիւղի ֆերմաները: Տաւուշի սահմանապահները կասեցրել են թշնամու  գրոհները, քշել նախկին դիրքերը»: (Նոյն տեղում՝ N 5):

Ադրբեջանցիներն իրենց ձեռագրին հաւատարիմ մնալով՝ հրետակոծում էին նաեւ բնակավայրերը, սպանում ու վիրաւորում խաղաղ բնակիչների: Այդ ամէնը, բնականաբար, իրականացվում էր նաեւ հրադադարի ժամանակ.

«Հրետակոծութիւնների հետեւանքով Չինարիում աւերւել է 86 տուն, Սերոբ Ոսկանեանի եւ Սանթուր Բալոյեանի առանձնատները՝ հիմնովին»: (Նոյն տեղում՝ N 32):

«Իրենց բնոյթին հաւատարիմ թուրք-թաթարները, կրկին խախտելով հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, մարտի 28-ին, առաւօտեան ժամը 5-ից մինչեւ 20-ը, Ադրբեջանի Թովուզի եւ Գետաբէկի շրջանների ռազմական յենակէտերից, զէնքի գրեթէ բոլոր տեսակներից, այդ թւում եւ տանկերից ու «Գրադ» կայանքներից կրկին հրետակոծութեան են ենթարկել շրջանի պաշտպանական դիրքերը, Չինարի, Այգեձոր, Մովսէս, Չորաթան, Արծւաբերդ, Ներքին Կարմիրաղբիւր, Այգեպար, Թովուզ գիւղերը եւ Բերդ շրջկենտրոնը: Զոհւել է վեց մարդ, այդ թւում՝ երկու խաղաղ բնակիչ: Վիրաւորւել է երկու տասնեակից աւելի մարդ: Հրետակոծութեան հետեւանքով բոլոր գիւղերում եւ Բերդում կան մեծ թւով աւերածութիւններ»: (Նոյն տեղում՝ N 12):

Այս մի քանի մէջբերումներն ուղղակի պատառիկներ են այն վայրագութիւններից, որոնք իրականացրել են հայերին բնաջնջելու մտադրութիւն ունեցող ադրբեջանցիները 1993-1994 թւականների հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ: Ժամանակի մամուլի իւրաքանչիւր համարում ադրբեջանցիների ռազմական յանցագործութիւններն են, խոշտանգումները խաղաղ բնակիչների նկատմամբ:

Մինչ օրս Տաւուշի վերոնշեալ եւ մնացեալ գիւղերում շարունակում են մնալ խաղաղ բնակիչների հրետակոծւած տները, ողջ են նաեւ խոշտանգումների ենթարկւածների հարազատները: Ադրբեջանական վայրագութիւնների մասին այս պատառիկները ներկայացւում են փաստելու համար, որ մեր օրերում Տաւուշի, այսպէս կոչւած, անկլաւների վերադարձը՝ թէ՛ խաղաղ ճանապարհով, թէ՛ ծրագրւած պատերազմական ճանապարհով, նոր ճանապարհ է բացելու ադրբեջանցիների համար հետագայ առաջխաղացման, վայրագութիւնների, նոր բնակավայրերի գրաւման ու ոչնչացման համար: Թերեւս, դա յստակ տեսնում ենք վերջին 4 տարիների ընթացքում: Կա՛մ Տաւուշից կը սկսւի Հայաստանի, Արցախի ազատագրական պայքարը, կա՛մ Տաւուշով կը սկսի դրւել Հայաստանի  Երրորդ Հանրապետութեան աւարտը:

Զ. Շուշեցի

Առնչւող Յօդւածներ

Back to top button