Հայաստան - Արցախ

Ադրբեջանը հիմնայատակ աւերել է Քարինտակ գիւղը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը հիմնայատակ քանդել է Շուշիի շրջանի Քարինտակ գիւղը։ Այս մասին ահազանգում է Monument Watch-ը։

«Սոյն թւականի ապրիլի 5-ին Google Earth արբանեակային ծառայութիւնը թարմացրեց Ասկերանի եւ Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ աւերել է Շուշիի շրջանի Քարինտակի գիւղն իր հին թաղամասերով, աղբիւրներով,  քաղաքացիական ենթակառուցւածքներով եւ բնապատմական միջավայրով։

Քարինտակ գիւղը գտնւում է Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանում՝ անմիջապէս Շուշի քաղաքի հարաւային ուղղահայեաց ժայռերի ներքեւում՝ Կարկառ գետի ձախ ափին։

Վանդալիզմի արդիւնքում ոչնչացւել է գիւղի կենտրոնում կանգնեցւած Երկրորդ համաշխարհային պատերազմի յուշարձան-կոթողը:

Գետնի երեսից ջնջւել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտէզը, մշակոյթի տունը, բուժկէտը, գիւղապետարանը։ Գիւղում գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց»-ի Քարինտակի մասնաճիւղը։ Մինչեւ Արցախեան առաջին պատերազմը գիւղում կար 161 տնտեսութիւն եւ 701 բնակիչ, իսկ 2019 թւականի դրութեամբ՝ 161 տնտեսութիւն եւ 667 բնակիչ։

Հողին հաւասարեցւած բնակավայրի տարածքում դեռեւս կանգուն են մնացել 1841 թւականին կառուցւած Սուրբ Աստւածածին եկեղեցին, 1838 թւականին Յակոբ Սիմոնեանի կողմից Կարկառ գետի վրայ կառուցւած Սիմոնենց կամուրջը։ Գիւղի գերեզմանոցում, ըստ արբանեակային պատկերների՝ բուլդուզերներ եւ այլ տեխնիկաներ դեռեւս չեն աշխատել։

Յիշեցնենք, որ 44-օրեայ պատերազմից յետոյ աւերւել էր Քարինտակի 1991-1994 թւականների ինքնապաշտպանութեանը նւիրւած յուշարձանը։ Իսկ 2021 թւականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարեց գիւղի պատմա-դաւանական միջավայրի փոփոխման մասին եւ նոյն թւականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկէք արեց գիւղում։ Ի լրումն ասւածի՝ 2022 թւականին արձանագրւել է նաեւ Քարինտակի Սուրբ Աստւածածին եկեցեղու վանդալիզմի դէպք. ջարդել էին Սուրբ խորանը եւ պղծել ծիսական գործառոյթը»,- գրւած է կազմակերպութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։

Յիշեցնենք, որ Քարինտակն իր ողջ պատմութեան ընթացքում ունեցել է զուտ հայկական բնակչութիւն եւ համապատասխան ազգային-դաւանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմն ամէն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միեւնոյն է՝ Քարինտակն ունէր  բացառապէս հայ բնակչութիւն:

Առնչւող Յօդւածներ

Back to top button