Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Դաւթեան. «Հայաստանին դուրս են թողնում «Հիւսիս-Հարաւ» մեգածրագրից»

«ԱԼԻՔ» – Հայաստանը ոչ միայն դուրս է մնում «Հիւսիս-Հարաւ» մեգածրագրից՝ այստեղ եւս պարտւելով Ադրբեջանին, այլեւ՝ զրկւում է իր տարածքով որեւէ ռեգիոնալ նշանակութեան հաղորդակցութեան ձեւաւորման հնարաւորութիւնից։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգութեան հարցերով փորձագէտ, տնտեսագէտ Վահէ Դաւթեանը։

«Իրանի էներգետիկայի նախարարութիւնն այսօր (ապրիլի 21) յայտարարել է, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտարէներգետիկ միջանցքի կառուցումն աւարտին է մօտենում՝ հնարաւորութիւն ստեղծելով կողմերին էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր ապահովել: Փաստացի տեղի է ունենում այն, ինչի մասին այդքան գրում ու խօսում էի վերջին տարիներին: Հայաստանին դուրս են թողնում  «Հիւսիս-Հարաւ» մեգածրագրից:

Յատկապէս խորհրդանշական է այս յայտարարութեան տարածումը հէնց այսօր, երբ Հայաստանը թեւակոխել է ապասուբիեկտայնացման հերթական շրջան: Մոսկւայի ու Թեհրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է ու միանգամայն բխում է իրենց գէոտնտեսական շահերից:

Սակայն խնդիրը շատ աւելի խորքային է, քան կարող է թւալ առաջին հայեացքից:

Մենք դուրս ենք մնում ոչ միայն «Հիւսիս-Հարաւից»՝ այստեղ եւս պարտւելով Ադրբեջանին, այլեւ՝ զրկւում ենք մեր տարածքով որեւէ ռեգիոնալ նշանակութեան հաղորդակցութեան ձեւաւորման հնարաւորութիւնից: Անգամ եթէ այստեղ խաղաղութիւն հաստատւի ու «խաղաղութեան խաչմերուկ» ձեւաւորւի, միեւնոյն է՝ առաւելագոյնը, ինչ կարող ենք ունենալ՝ այսպէս կոչւած «Զանգեզուրեան միջանցք»-ն է, որը, բնականաբար, որեւէ դրական ազդեցութիւն չի ունենալու մեր տնտեսութեան վրայ: Դէ իսկ անվտանգութեան վրայ դրա  բացասական ազդեցութեան մասին բազմիցս ենք խօսել:

«Արեւելեք-Արեւմուտք» ռազմավարութեան ներքոյ ձեւաւորւող տրանսպորտային ու էներգատրանսպորտային միջանցքները կամ նախագծւում են կամ էլ արդէն անց են կացւում Վրաստանի տարածքով: Միամտութիւն է կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով նոր գազամուղեր ու նաւթամուղեր կանցկացնի՝ դարձնելով մեզ կարեւոր գէոտնտեսական հանգոյց:

Աւելին, պէտք է գիտակցել, որ տարածաշրջանի էներգատրանսպորտային ճարտարապետութիւնն արդէն ձեւաւորւել է, ու բոլոր դիւերսիֆիկացման ծրագրերը  ապահովւում են դրա հիման վրայ: «Միջին միջանցքը» դրան վառ ապացոյց: Միակ նախագիծը, որը կարող էր էապէս նպաստել մեր էներգետիկ ու, հետեւաբար, գէոտնտեսական առաջխաղացմանը, կարող էր «Հիւսիս-Հարաը» էլեկտրահաղորդման միջանցքը լինել, որից, ինչպէս տեսնում ենք, մենք փաստացի դուրս ենք մղւում:

Պարզ ասած՝ մեր մոլորւած քաղաքացիներին տրւող տնտեսական խոստումները որեւէ աղերս չունեն իրականութեան հետ: Չկան միջազգային նշանակութեան ենթակառուցւածքներ՝ չկայ լուրջ տնտեսական զարգացում: Այսպիսով, եւ անվտանգութիւնն ենք կորցնում, եւ տնտեսական զարգացման հեռանկարը: Էլ չասեմ, որ դրանք տարանջատելը, մեղմ ասած, սխալ է»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button