Հայաստան - Արցախ

«Խաղաղութեան խաչմերուկ»-ի հատւող ճանապարհներին կրկին խաչւելու է հայի ազգային շահն ու արժանապատւութիւնը

Աշոտեանի յօդւածը՝ «Նուբարաշէն» ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը հերթական յօդւածն է հրապարակել «Նուբարաշէն» ՔԿՀից։ Այն ներկայացնում ենք ստորեւ

«Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրեայ պատերազմի աւարտն արձանագրող փաստաթղթի ազդեցութիւնն ու հետեւանքները մեզ վրայ:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ յայտարարութեան բովանդակութիւնը, եւ Սերժ Սարգսեանի դիպուկ ձեւակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպաւ «կապիտուլիանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով աւելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրեայի ողջ ընթացքում, բաւարար էր ընկալելու համար աղէտի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թւաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագայ 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար եւ նպատակային քայլերի հետեւանքով պարզ դարձաւ, որ աղէտի վերջը դեռ չի երեւում, քանի դեռ վերացւած չեն այս արհաւիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացաւ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրոյթը փոխակերպւեց «գոնէ ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինեանը ցինիկաբար յայտարարեց, որ ընդդիմութեան պատճառով կեանքի չեն կոչւել նոյեմբերի 9-ի յայտարարութեան «հայանպաստ» դրոյթները:

Այսօրւայ ճգնաժամից յետհայեացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամէնը մի քանի «հայանպաստ» դրոյթ: Նախ պահպանւում էր Լաչինի միջանցքի գոյութիւնը եւ ֆունկցիոնալութիւնը: Անցեալ տարւանից Ադրբեջանը Հայաստանի իշխանութիւնների թողտւութեամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղութեամբ եւ յաջողեց: Միւս, մեր շահերին համահունչ դրոյթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մօտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնւել ադրբեջանական բանտերում, եւ Փաշինեանը մատը մատին չի տւել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, յուսադրող էր այն փաստը, որ սոյն յայտարարութիւնը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարաւորութիւնների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման եւ երաշխաւորման համար: Փաշինեանի կողմից նշաձողի իջեցումը յանգեցրեց Պրագայի չարաբաստիկ յայտարարութեանը, որով հիմքեր ստեղծւեցին Ադրբեջանի սեպտեմբերեան ագրեսիայի համար:

Դրական էր նաեւ Ռուսաստանի Դաշնութեան միջնորդական դերակատարութիւնը եւ խաղաղապահ առաքելութեան տեղակայումն Արցախում, ինչը, ցաւօք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժէքօրէն իր նպատակներին բուռն գէոպոլիտիկ խաղերի հետեւանքով:

Ինչպէս տեսնում ենք, նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ հայկական կողմերի համար առկայ եզակի շահեկան հնարաւորութիւնները յօդս ցնդեցին ոչ թէ ընդդիմութեան, այլ Նիկոլ Փաշինեանի պատճառով:

Արդիւնքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ յայտարարութիւնն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրոյթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցաւ Արցախը յանձնելու երկրորդ՝ յետպատերազմեան փուլին եւ ձեռքերը լւաց եռակողմից՝ յանուն արեւմտեան գէոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրոյքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղաւոր», «հայից աւելի հայ չենք լինելու» մօտեցումներով՝ Հարաւային Կովկասի եւ գլոբալ դասաւորութիւններում, բնականաբար, հետապնդում է բացառապէս սեփական շահերը:

Նիկոլի իշխանութեան, Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղութեան խաչմերուկ»-ի հատւող ճանապարհներին կրկին խաչւելու է հայի ազգային շահն ու արժանապատւութիւնը, եթէ Փաշինեանի անփառունակ իշխանութիւնը մեր ժողովրդի հաւաքական կամքով չաւարտւի: Ուստի 2021 թ. յունիսի 21-ն աւելի խայտառակ օր է մեր պատմութեան մէջ, քան անգամ 2020 թ. նոյեմբերի 9-ը»,- գրել է Աշոտեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button