Հայաստան - Արցախ

Քաղաքագէտ. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները լուռ համաձայնութեամբ ձգձգում են բանակցային գործընթացը»

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները լուռ համաձայնութեամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ յոյսով, որ ժամանակը նոր հնարաւորութիւններ կը բերի իր երկրին եւ անձամբ իրեն, միւսը՝ տհաճ զարգացումները յետաձգելու պարզ մտադրութեամբ։ Այս հարցում Փաշինեանն ու Ալիեւը դաշնակիցներ են»,-նման համոզման է քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

Նա մանրամասնել է.

.Արցախեան հիմնախնդիրը, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները շատ աւելի ընդգրկուն եւ բովանդակալից են, քան Փաշինեանի եւ Ալիեւի նեղ անձնական շահերը։ Սա աշխարհաքաղաքական խնդիր է, որի շրջանակում կենսական նշականութեան նպատակներ են հետապնդում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն եւ այլ կենտրոններ։

.Աշխարհաքաղաքական կենտրոնների տարածաշրջանային շահերը յայտնի են եւ շատ բացայայտ են հետապնդւում վերջիններիս կողմից։ Բնականաբար, հէնց այդ ծրագրերով ու դրանց յետեւում կանգնած տէրութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեամբ են պայմանաւորւած բոլոր այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Հարաւային Կովկասում եւ որոնք պէտք է կանխորոշեն մեր տարածաշրջանի ապագան։

.Արեւմուտքն ամէն ինչ անում է, որպէսզի Ռուսաստանը դուրս մղւի Հարաւային Կովկասից։ Որպէս այդ խնդրի լուծման ուղի նրանք տեսնում են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտութիւնների կարգաւորման միջոցով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայութիւնն անիմաստ ու ժամանակավրէպ դարձնելը։

.Ռուսաստանն իր հերթին պայքարում է ոչ միայն մեր, այլեւ յետխորհրդային ողջ տարածաշրջանում ազդեցութիւնը վերականգնելու եւ մեծացնելու համար։ Սակայն այդ պայքարում Ռուսաստանի իշխանութիւնները որոշակի առաջնահերթութիւններ են սահմանել աշխարհաքաղաքական մրցակցութեան ճակատներում՝ առաջնայնութիւնը տալով ոչ թէ Հարաւային Կովկասին, այլ Ուկրաինային։

.Հարաւային Կովկասում Ռուսաստան-Արեւմուտք առճակատման յաջորդ հարթութիւնը տարածաշրջանի կոմունիկացիոն հնարաւորութիւններն ու ենթակառուցւածքներն են։ Եւ սա հէնց այն ոլորտն է, որտեղ Թուրքիան առաջարկ ունի թէ՛ Ռուսաստանին, եւ թէ՛ Արեւմուտքին։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը նոյնպէս կախւած է կոմունիկացիաների հարցում աշխարհաքաղաքական մրցակցութեան ելքից։

.Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը եւ յատկապէս խաղաղութեան պայմանագրի ստորագրումը պայմանաւորւած են լինելու ոչ թէ Ալիեւի ու Փաշինեանի ջանքերով, այլ աշխարհաքաղաքական մրցակցութեան արդիւնքում ձեւաւորւած ուժերի ու ազդեցութիւնների նոր բալանսով։ Մինչ այդ մրցակցութեան աւարտը Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են գործիք լինել աւելի մեծ տէրութիւնների ձեռքում։

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button