Հայաստան - Արցախ

16 ամիս անց չեն կարողանում գոնէ շինծու պատճառ գտնել

«Սփիւռքի ձայն» հաղորդաշարի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնները Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

Յիշեցնենք, որ նրա մուտքը Հայաստան արգելւած է: ՀՀ կառավարութեան այդ որոշումը նա բողոքարկել է եւ դատարանը քննում է նրա հայցը: Մենք մի քանի հարց ենք տւել նրան այդ վարոյթի եւ առհասարակ:

Պարոն Փափազեան, Ձեր գործը քննող դատաւորը փոխւեց: Ի՞նչ է կատարւում փակ դռներից այն կողմ՝ նիստը դռնփակ է եւ լրագրողները չեն կարող ներկայ լինել դատավարութեանը

– Այո, իմ հարցը «յոյժ գաղտնի» հարց է: Հերթական նիստը նոյեմբերի 23-ին էր, եւ ԱԱԾ-ն նորից եկել էր առանց իմ մուտքի արգելքի պատճառների հիմնաւորման: Դատաւորը 10 օր ժամանակ տւեց ԱԱԾ-ին՝ բացակայող փաստաթուղթը գործին աւելացնելու համար: Յաջորդ նիստը նշանակւած է յունւարի 25-ին, եւ կարծում եմ, կը պարզւի՝ ես իրաւասո՞ւ եմ մասնակցել դատական նիստերին (նախորդ դատաւորը թոյլատրել էր, որ Մուրադ Փափազեանն օնլայն մասնակցի դատավարութեանը, ակնկալում է, որ նոր դատաւորն էլ կը թոյլատրի՝ Ն.Վ.): Բոլորին պարզ է, որ որեւէ պատճառ, հիմնաւորում չկայ: Սա քաղաքական հարց է. Փաշինեանն ինձ պատժում է Արցախի հարցում իմ դիրքորոշման ազատ արտայայտման համար: Փաշինեանի համար անընդունելի է, որ դրսից որեւէ մէկը Հայաստանի ու Արցախի շուրջ կարծիք է յայտնում: Փաշինեանն ինքը իշխանութեան եկաւ ազատութեան, դեմոկրատիայի խոստումներով, սակայն հիմա ինքը դէմ է գործում իր սկզբունքներին:

Կարծում էք, որ դա զուտ Փաշինեանի՞ ցանկութիւնն է: Մենք տեսնում ենք, որ Փաշինեանն արդէն իրականութիւն է դարձնում ԱլիեւԷրդողան տանդեմի փոքր ու մեծ ցանկութիւնները: Ձեր հարցն այս շրջանակներում չի՞ տեղաւորւում: Չէ՞ որ Դուք, բացի Արցախի խնդրից, նաեւ Հայ Դատի համար պայքարող կենտրոնական դէմքերից էք

– Այո, այս կասկածը միշտ կայ, եղել է: Դա եղաւ Էրդողանի հետ հեռակայ հանդիպումից յետոյ: Իսկ Էրդողանը միշտ յայտարարում է, որ Սփիւռքն է խանգարում հայ թուրքական հաշտեցմանը: Ես վերջերս գիրք եմ հրապարակել Էրդողանի մասին: Նա ուզում է թուլացնել հայկական Սփիւռքը, դրա համար որպէս գործիք օգտագործում է Փաշինեանին: Փաշինեանն իր յանձնակատարի միջոցով քայլեր է անում թուլացնելու դասական սփիւռքը, որ հալածէ հայկական հոգին, եւ ստեղծի իր ներքին՝ Փաշինեանական Սփիւռքը: Հինգ տարի է դա ձախողման է ենթարկւած: Մենք իսկապէս պայքարում ենք ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի: Ես կոչ եմ անում պարոն Փաշինեանին, որ վերանայի իր մօտեցումը եւ ԱԱԾ-ին ցոյց տայ ճիշտ ճամբան: Որովհետեւ արդարադատութիւնը երբեք պատճառ չի գտնի, եթէ ես յանցագործ չեմ: Ես Հայաստանի եւ Արցախի զինւոր եմ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 16 ամիս անց չեն կարող շինծու պատճառ գտնել: Սա վնասում է Հայաստանի ժողովրդավարութեան վարկանիշին, վարկաբեկում է երկիրը: Մենք պէտք է նոր էջ բացենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս գայ:

Ձեր ձայնը լսելի է ֆրանսիական կառավարութիւնում: Դուք այդտեղ պատահական մարդ չէք՝ հայկական համայնքի գլխաւոր դերակատարներից էք: Ֆրանսիական կառավարութիւնը համարժէք քայլեր իրականացնո՞ւմ է Ձեր առջեւ դրւած արգելանքի առնչութեամբ: Չէ՞ որ Դուք Ֆրանսիայի քաղաքացին էք: Իսկ Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ է մտերիմ

– Այո, Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամ երկրներ են շնորհիւ մեզ՝ հայկական Սփիւռքի: Եթէ այսօր Փաշինեան-Մակրոն լաւ յարաբերութիւններ կան, դա Սփիւռքի երկարատեւ աշխատանքի շնորհիւ է: Դա պէտք է լաւ իմանայ Փաշինեանը: Երբ հանդիպեցի Մակրոնի հետ, ինքը բարձրացրեց այդ հարցը: Ես ամաչում եմ Հայաստանի համար, Հայաստանի կառավարութեան համար, որ այսպիսի հարց ստեղծեցին: Եւ իրենք դա չեն հասկանում: Երկու անգամ Մակրոնն ինքը բարձրացրեց այդ հարցը, ասելով, որ անընդունելի է: Ես չեմ ուզում, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի յարաբերութիւնները վատանան: Ֆրանսիան պէտք է մնայ Հայաստանի բարեկամ երկիրը: Այն մեզ համար կարեւոր ռազմավարական եւ բարեկամ երկիր է»:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button