Հայաստան - Արցախ

Վարուժան Գեղամեան. «Նախկինում Middle power պետութիւն էինք, ազդեցութիւն ունէինք աշխարհաքաղաքական գործընթացների վրայ, իսկ այսօր դարձել ենք մանրադրամ»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • Տարածաշրջանի տարբեր բեւեռների միջեւ պայքարի փորձեր են ընթանում, եւ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները փորձում են իրենց գտնել այդ բեւեռների արանքում։
  • Սիւնիքը բռնակցելու գաղափարից Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարւել, բայց դրա համար Ադրբեջանը դեռեւս չունի բաւարար քաղաքական կամ ռազմական կապիտալ կամ երկուսը միասին։
  • Ռուսաստանը շարունակում է փորձ անել Հարաւային Կովկասում մեծացնել իր ազդեցութիւնը։ Նրա արած հրապարակային յայտարարութիւնները դրան են միտւած, այդ թւում՝ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի վերաբերեալ ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Ովերչուկի յայտարարութիւնները։
  • Այս պահին ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից առաջ քաշւած, այսպէս կոչւած, «Խաղաղութեան խաչմերուկ»-ը ոչ մի կերպ չի տարբերւում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից առաջ քաշւած «Զանգեզուրի միջանցք»-ի կամ Թուրանական ճանապարհի գաղափարից։ Այսպէս կոչւած, «Խաղաղութեան խաչմերուկ»-ը ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ փաթեթաւորման միջոցով կատարել հերթական զիջումները։ Այս հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախները ՌԴ-ն ու Իրանն են։
  • Գաղտնիք չէ, որ ռուսական քաղաքական վերնախաւում կան Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցութեան գործակալներ։
  • Իրավիճակը շատ նման է նրան, որ Ուկրաինան յայտնւել է շատ վատ վիճակում, ռուսական կողմը հասցրել է վերաարդիականացնել բանակը եւ առաւելութիւն ստանալ ճակատում, իսկ ռուսական գերակայութիւնը նշանակում է կենտրոնանալ Հարաւային Կովկասում։ Իսկ որպէսզի ՌԴ դիրքորոշումը Հարաւային Կովկասում լինի պրոհայկական, շատ կարեւոր է հիմիկւանից եւ հետեւողական աշխատել այդ ուղղութեամբ։
  • ԱՄՆ-ի ու հաւաքական Արեւմուտքի համար շատ կարեւոր է, որ մինչեւ ռուս-ուկրաինական հակամարտութեան աւարտը Հայաստանին կարողանայ պոկել Ռուսաստանից։ Մինչեւ փետրւար ամիսն ամէն ինչ արւելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւի «Խաղաղութեան պայմանագիր»։ Իսկ այդ պայմանագրում կարող է լինել կէտ, օրինակ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քկմ. տարածքով, իսկ Ադրբեջանն ուղղակի ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը՝ առանց թիւ նշելու։
  • Արեւմուտքի համար կարեւոր չէ, թէ ինչ կը լինի Հայաստանի հետ այն պարագայում, երբ ռուսական 102-րդ ռազմաբազան այլեւս այստեղ չլինի։ Արեւմուտքի համար Հայաստանը կշիռ ունի այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ կայ ռուսական ազդեցութիւն։
  • Ոչ ոք Հայաստան զօրք չի բերելու տեղակայի, հետեւաբար՝ Արեւմուտքը մտածեց Հայաստան ուղարկել գրիչներով ու ապարատներով զինւած 200, 300 կամ 500 դիտորդներ ու տեղակայել սահմանին։ Ծիծաղելի է պատկերացնել, որ փողկապներով այդ մարդիկ՝ ԵՄ անզէն այդ դիտորդները, կարող են դիմագրաւել մինչեւ ատամները զինւած թշնամուն։ Շատերը չեն էլ հասկանում՝ ինչ է նշանակում դիտորդական առաքելութիւն։ Նրանց համար կարեւորն այն է, որ սահմանին կան եւրոպացիներ։ Ստեղծւում է քաղաքական պատրանք, որ կայ այլընտրանք, ու այդ պատրանքով փորձ է արւում փոխել Հայաստանի հասարակութեան տրամադրութիւնները։
  • Հետեւողական աշխատանք է տարւում, որ մեր հասարակութեան մէջ նւազեցւի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի ընկալումը։ Սրա նպատակն այն է, որ հասարակութեանը համոզեն՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից վտանգ չկայ, հետեւաբար՝ պէտք չէ Իրանի եւ Ռուսաստանի ներկայութիւնը՝ որպէս պաշտպանների։
  • Ժոզէպ Բորէլի յայտարարութիւնը նախկին ընդդիմութիւն՝ այսօրւայ իշխանութեան կողմից այնքան թմբկահարւած «ռուսական ֆորպոստի» շատ աւելի վատ ու քամահրական տարբերակն է։ Արեւմուտքը մեզ դիտարկում է՝ որպէս բուֆերային գօտի։
  • Նախկին իշխանութիւնների օրօք, մինչեւ 2018 թ․ Հայաստանը՝ որպէս պետութիւն՝ իր բոլոր թերութիւններով հանդերձ, այս տարածաշրջանի եզակի ինքնուրոյն խաղացողներից մէկն էր։ ՀՀ Զինւած ուժերը վերահսկում էին 42000 քկմ. տարածք, ՀՀ նախկին իշխանութիւնները ստիպում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հանդիպէին Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան հետ։ Մենք այդ ժամանակ Middle power պետութիւն (Middle power պետութիւնների շարքում)էինք, որը ոչ միայն կարողանում էր պաշտպանել իր սահմանները, այլեւ կարողանում էր ազդեցութիւն ունենալ տարածաշրջանի խաղացողների քաղաքականութեան վրայ, աշխարհաքաղաքական գործընթացների վրայ: Բոլորն էլ ուզում էին, որ Հայաստանը լինի ազդեցութիւնից զուրկ երկիր: Որեւէ երկրի ձեռնտու չէր, որ Հայաստանը լինի Middle power պետութիւն, ուժ: Իսկ հիմա մենք դարձել ենք մանրադրամ։
  • «Խաղաղութեան խաչմերուկ»-ը «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբրենդաւորումն է։
  • Միակ արժէքը սեփական պետութեան ազգային շահն է։ Խոշոր խաղացողների համար այլ արժէք չկայ։ Այս հարցում ԱՄՆ-ը աշխարհի առաջատար երկրներից մէկն է, հետեւաբար՝ պէտք չէ զարմանալ, թէ ինչու է ԱՄՆ-ը մեզ մղում Թուրքիայի գիրկը։ Դա նրա ազգային շահն է պահանջում։ Այս մասին բոլորը գիտեն, չգիտի միայն պայմանական Տիգրան Խզմալեանը։
  • Այսօր (դեկտ.19) վառւել են Հանրապետութեան հրապարակի տօնածառի լոյսերը․ շքեղ բան է, բայց դա չի կարող փոխարինել նրան, ինչն աւելի կարեւոր է, օրինակ՝ անվտանգային մարտահրաւէրներին։
  • Թուրքիայի Հանրապետութեանը երկու իմաստով պէտք չէ Հայաստանի հետ բաց սահման․ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական իմաստով դա նրան պէտք չէ։ Բացի դրանից, Թուրքիան Հայաստանի հետ փակ սահմաններից աւելի շատ բան է շահում, քան, եթէ դրանք բացւեն։ Այդպէս Թուրքիայի հետ բաց սահմանի պատրանքը շարունակում է աշխատել իր օգտին։ Թուրքերն անդադար օգտագործելու են բաց սահմանի խայծը, բայց այն երբեք չի բացւելու։
  • Ալիեւը եւ Փաշինեանը պատրաստւում են արտահերթ ընտրութիւնների. եթէ, այնուամենայնիւ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները գնան ԱԺ արտահերթ ընտրութիւնների, ապա ունենալու ենք միաժամանակ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ եւ Սահմանադրութեան հանրաքւէ։ Սեղանին դրւելու է Անկախութեան հռչակագրի փոփոխութեան թեման։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button