Հայաստան - Արցախ

Դատարանը յետմահու մեղաւոր ճանաչեց Փաշինեանին քննադատողին…

Այս շաբաթւայ լուսաբանումը դաս է բոլոր նրանց համար, ովքեր միամտաբար հաւատում են այն ամենին, ինչ լսում կամ կարդում են, իսկ յետոյ չհիմնաւորւած պատմութիւնները փոխանցում ուրիշներին: Այսպիսով, նրանք իրականում օգնում են տարածել կեղծ լուրերը: Երբ ինչ-որ մէկը ձեզ «լուր» է յայտնում, դուք միշտ պէտք է հարցնէք՝ «Ո՞րն է Ձեր աղբիւրը»: Երբ պատասխանը հետեւեալն է՝ «Ես դա լսել եմ ուրիշներից», անմիջապէս մերժէք այն, ինչ ասել են ձեզ: Շատ կարեւոր է ստուգել դրանք, որպէսզի անհիմն լուրեր չտարածէք ուրիշների շրջանում:

Մեզանից նրանք, ովքեր զբաղւում են լրատւական գործունէութեամբ, աւելի մեծ պատասխանատւութիւն են կրում աչալուրջ լինելու համար, քանի որ եթէ մենք չվերստուգենք այն, ինչ մեզ հաղորդւել է, ապա մեղաւոր կը լինենք հազարաւոր ընթերցողների կամ հեռուստադիտողների շրջանում կեղծ լուրեր տարածելու համար։

Ահա լուրերից մի օրինակ, որի մասին լսել ենք վերջերս: Հայաստանում մահացած 57-ամեայ պրոդիւսեր Արմէն Գրիգորեանին անցեալ շաբաթ դատաւորը մեղաւոր ճանաչեց՝ նրա մահից մէկ տարի 5 ամիս անց։ Լսած չլինելով, որ մահացած մարդուն հնարաւոր է դատել եւ դատապարտել, ես հետաքրքրւեցի՝ արդեօք իսկապէս նման բան է եղել։

Քանի որ ես երկար տարիների փորձ ունեմ լսելու ամենատարբեր անհիմն տեղեկութիւններ, անմիջապէս կապ հաստատեցի հանգուցեալ ամբաստանեալի հայաստանեան փաստաբանի՝ Ռուբէն Մելիքեանի հետ, որը բարեացակամօրէն բացատրեց այս տարօրինակ պատմութեան հանգամանքները։

Արմէն Գրիգորեանը, 2022 թւականի մայիսին խորհրդարանական ընտրութիւններից քիչ առաջ, Հայաստանում իշխանութիւնների դէմ բողոքի ցոյցի ժամանակ լրագրողին ասաց, որ նա հաւատարիմ է մնացել իր աւելի վաղ՝ 2021 թւականի ապրիլին արած նախկին յայտարարութեանը, որ երկրի որոշ հատւածներում վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմնակիցների կէսը թուրքական արիւն ունի։ Բնականաբար, սա նսեմացնող արտայայտութիւն էր, բայց եթէ երկիրն իսկապէս ժողովրդավարական է, ապա քաղաքացիներն իրաւունք ունեն օգտագործել տհաճ, նոյնիսկ վիրաւորական բառեր։ Այդուհանդերձ, Գրիգորեանը ոչ մի սպառնալիք չէր արել, ինչը կը հակասէր օրէնքին։

2022 թւականի մայիսին վարչախմբի խիստ քննադատ Գրիգորեանը ձերբակալւեց եւ բանտարկւեց այն յայտարարութեան համար, որն արել էր ձերբակալութիւնից մէկ տարի առաջ։ Նրան մեղադրանք առաջադրւեց «ազգամիջեան թշնամանք հրահրելու» համար։ Անցեալում նման մեղադրանքի մէջ մեղադրւողները վիրաւորական կամ նւաստացուցիչ մեկնաբանութիւններ էին արել Հայաստանում ապրող այլ էթնիկ խմբերի մասին։ Սակայն նախկինում ոչ մի հայի մեղադրանք չի առաջադրւել թշնամանք հրահրելու համար՝ հայրենակիցների հասցէին նման արտայայտութիւններ անելուց յետոյ: Օրինակ՝ արցախցի փախստականների հասցէին վիրաւորական արտայայտութիւններ հնչեցրած Փաշինեանի կողմնակիցներին մեղադրանք չի առաջադրւել թշնամանք հրահրելու համար։

Կալանաւորումից երկու ամիս անց՝ 2022 թւականի յուլիսի 15-ին, Գրիգորեանը բանտից բերւեց դատարան՝ դատւելու համար։ Ցաւօք սրտի, դատավարութեան ընթացքում նա կորցրեց գիտակցութիւնը եւ մահացաւ դատարանի դահլիճում ուղեղի անեւրիզմից կամ կաթւածից:

Հայաստանում, երբ ամբաստանեալը մահանում է, նրա դատավարութիւնը դադարեցւում է։ Սակայն այս դէպքում, ըստ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան, ամբաստանեալի ընտանիքն իրաւունք ունի պահանջել, որ դատավարութիւնը շարունակւի մինչեւ դատավճռի կայացումը։ Գրիգորեանի փաստաբանը բացատրեց, որ նրա ընտանիքը ցանկանում էր տեսնել նրա արդարացումը, թէեւ անմեղութեան կանխավարկածով (անմեղ է, մինչեւ նրա մեղաւորութիւնն ապացուցւելը) նա պարզապէս մեղադրւել է, բայց չի դատապարտւել նախքան մահանալը։ Ընտանիքը պնդել է, որ Գրիգորեանի անունը մաքրւի, քանի որ նրանք կարծում են, որ նա երբեք չպէտք է ձերբակալւէր, մեղադրւէր եւ բանտարկւէր։

Փաստաբանն ինձ ասաց, որ դատավարութեան ընթացքում՝ Գրիգորեանի մահից յետոյ, կառավարութեան վկան դատարանում ցուցմունք է տւել, որ նա չի գրել այն ցուցմունքը, որը դատարան է ներկայացւել իր անունով։ Վկան ասաց, որ քննիչն է գրել ցուցմունքը եւ ասել իրեն, որ նա ստորագրի։

Նաեւ դատարանում ցուցմունք տւած կառավարութեան փորձագէտը խոստովանեց, որ Գրիգորեանի խօսքերը չէին կարող համարւել միջէթնիկ թշնամանքի հրահրում, որը նշանակում է այլ էթնիկ խմբի անդամների թիրախաւորում։ Գրիգորեանը վիրաւորական խօսքերն օգտագործել էր միայն իր հայրենակիցների՝ իր էթնիկ խմբի անդամների հասցէին։

Այնուամենայնիւ, անցեալ շաբաթ, Գրիգորեանի մահից մէկ տարի հինգ ամիս անց, դատաւորը նրան մեղաւոր ճանաչեց նրա դէմ ներկայացւած մեղադրանքի համար։ Նրա փաստաբանն ինձ ասաց, որ գրաւոր դատավճիռը ստանալուց յետոյ ընտանիքը մէկ ամիս ժամանակ ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ինչն էլ նրանք մտադիր են անել։ Եթէ նրանք պարտւեն վերաքննիչ դատարանում, ապա կը դիմեն Վճռաբեկ դատարան, որը լսում է վերաքննիչ դատարանների որոշումների դէմ բողոքները: Եթէ նրանք այնտեղ էլ ձախողւեն, ապա դիմելու են Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։

Ուսումնասիրելով, թէ ինչպէս են Հայաստանում դատավարութիւն անցկացրել եւ մահացած մարդուն մեղաւոր ճանաչել, ես ուզում էի իմանալ, թէ արդեօք նման դատավարութիւններ եղել են այլ երկրներում։ Զարմանալիօրէն, ես գտայ մի քանի դէպքեր հին եւ նորագոյն պատմութեան մէջ, երբ այլ երկրներում դատավարութիւններ են անցկացրել մեղադրեալների նկատմամբ նրանց մահից յետոյ եւ յետմահու մեղաւոր ճանաչել նրանց:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button