Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

(Նոյեմբերի 15-դեկտեմբերի 25)

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերի պարտէզ» անունով յայտնի հողամասի շուրջ իրավիճակի լարման առիթով, երբ Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնն այն բնորոշեց որպէս պատրիարքութեան 16-դարեայ պատմութեան «ամենամեծ գոյաբանական սպառնալիք», ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդէս եկաւ զօրակցական յայտարարութեամբ՝ մասնաւորապէս նշելով․ «Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում եւ սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբէութեամբ ստորագրւած եւ խնդրայարոյց պայմանագրի միւս կողմը, այլ նաեւ՝ Երուսաղէմի ոստիկանութիւնը։ Երուսաղէմի հայ համայնքը եւ Հայոց պատրիարքութիւնը միասնաբար լծւած են դիմադրութեան՝ ի պատասխան բռնութեամբ հարցի լուծումը պարտադրելուն։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը յայտարարում է՝ իր ողջ կարողականութեամբ եւ գործակցաբար Հայ Դատի համաշխարհային ցանցի հետ, զօրավիգ է կանգնում Երուսաղէմի հայ համայնքին եւ Հայոց պատրիարքութեանը՝ պաշտպանելու իր հազարամեայ իրաւունքները։

Հարցի կարգաւորումը պէտք է կատարւի բացառաբար տեղական եւ միջազգային օրէնքների հիման վրայ՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղէմում հայկական իրաւունքների հարցը վերաբերում է համայն հայութեանը, հետեւաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որեւէ փորձ ենթակայ է համայն հայութեան համարժէք վերաբերմունքին»։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների վաթսուն ներկայացուցիչներ՝ սենատոր Ալեքս Պադիլայի եւ ՆՓ անդամ Աննա Էշույի նախաձեռնութեամբ, դեկտեմբերի սկզբին դիմել են ե՛ւ Սենատի, ե՛ւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսաւորման ակտով 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անվտանգային աջակցութիւն տրամադրել Հայաստանին, իսկ ցեղասպանութիւն վերապրած արցախահայութեանը՝ յաւելեալ մարդասիրական օժանդակութիւն։ Սոյն առաջարկն արւել է եկող շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսւող ԱՄՆ ազգային անվտանգութեան յաւելեալ ֆինանսաւորման օրէնսդրական նախագծի քննարկմանն ընդառաջ։ Սոյն նախաձեռնութիւնը մեծապէս առաջ է մղւել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, որոնց ընթացքում յանձնախումբը իրականացրել էր համայնքային լայն մոբիլիզացիա։ Կոնգրեսականի գրութեան մէջ անդրադարձ է կատարւում նաեւ ադրբեջանական հերթական սադրանքներին, մասնաւորապէս՝ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ հերթական ագրեսիայի վտանգին. «Մենք յատկապէս մտահոգւած ենք, որ Ադրբեջանը կը շարունակի իր ագրեսիան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։

Չարագուշակօրէն Ալիեւը վերջերս հարաւային Հայաստանը անւանեց «արեւմտեան Ադրբեջան» եւ կոչ արեց «ազատագրել» ութ հայկական գիւղերն Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Կովկասի համար այս շրջադարձային փուլում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ ղեկավարութիւնը զսպի Ադրբեջանի հետագայ ագրեսիան եւ հայերին հնարաւորութիւն ընձեռնի պաշտպանելու իրենց ժողովրդավարութիւնը»:

Մեկնաբանելով երկկուսակցական գրութիւնը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Արամ Համբարեանը նկատել է. «Մենք շնորհակալ ենք ներկայացուցիչ Էշույին եւ սենատոր Պադիլային՝ նախագահ Բայդէնին ուղղւած այս կոչի համար, ինչը ներդրում է Հայաստանի անվտանգութեան գործում եւ իմաստալից աջակցութիւն Արցախից տեղահանւածներին։ Նախագահ Բայդէնի՝ հայկական հարցերի վերաբերեալ սխալ կողմում դիրքաւորման պայմաններում, երբ զինում էր Ադրբեջանին եւ լքում Արցախը, Կոնգրեսը ակտիւանում է՝ առաջնորդելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյատեւմանն ուղղւած սպառնալիքներին ամերիկեան պատասխանը»:

Հայ Դատի Արեւմտեան Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով եւ համագործակցաբար «Թաթոյեան» հիմնադրամի հետ, նոյեմբերի 11-16-ը Կալիֆորնիա այցելեց Սիւնիքից պատւիրակութիւն Կապանի եւ Գորիսի համայնքապետեր Գէորգ Փարսեանի եւ Առուշ Առուշանեանի ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանի մասնակցութեամբ։

Պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ամերիկեան քաղաքական գործիչների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական ոճիրներն ու մարդու իրաւունքների խախտումները, ներառեալ ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք եւ դրա արդիւնքում Կապանում եւ Գորիսում ստեղծւած իրավիճակը։ Հանդիպումներին մասնակցել են նաեւ «Թաթոյեան» հիմնադրամի ամերիկեան բաժնի ղեկավար Կարօ Ղազարեանը եւ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։ Պատւիրակութեան անդամները ներկայ են գնտւել նաեւ Հայ Դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի տարեվերջեան աւանդական միջոցառմանը, որի ընթացքում խորհրդակցութիւններ անցկացրել կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի եւ Բրեդ Շերմանի հետ։

Կանադա

ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում բաւական օբիեկտիւ ելոյթ է ունեցել Կանադայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի համար մարդու իրաւունքների բերելաւման համար ի թիւս այլնի առաջարկելով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել հայ ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրաւունքը։

Յիշեցնենք՝ ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» աշխատանքներում, ի դէմս Հայկական իրաւական կենտրոնի, ներգրաււած էր նաեւ Հայ Դատի համակարգը, ինչի շրջանակում փորձ է արւել բարձրացնել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ միջազգային իրազեկւածութիւնը։

ՀՅԴ Կանադայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Մոնրէալում մասնակցել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի տարեկան ընդունելութեանը՝ նախարարի հետ քննարկելով Արցախի հայութեան ներկայ իրավիճակին վերաբերող խնդիրներ, ինչպէս նաեւ Երեւանում կանադական դեսպանատան հիմնադրութիւնից յետոյ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման ներկայ ընթացքը։

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին եւ 8-ին Մոնրէալում առանձնաբար հանդիպել են նաեւ Կանադայում ընդդիմադիր պահպանողական կուսակցութեան ղեկավար Պիէռ Փոլիեւրի ու նրա խորհրդականների հետ։ Զոյգ հանդիպումների ընթացքում, յանձնախմբի ներկայացուցիչները, համայնքային այլ ներկայացուցիչների հետ միասնաբար, կուսակցութեան ղեկավարի հետ քննարկել են կանադահայութեանը յուզող այնպիսի հարցեր, ինչպիսին Արցախի հայութեան ճակատագիրն է ու Հայաստան-Կանադա յարաբերութիւնների հետագայ զարգացումը։

Մեծ Բրիտանիա

ՄԹ խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոթոնը դեկտեմբերի 23-ին նամակ է յղել արտաքին գործերի, համագործակցութեան եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դէյւիդ Քեմերոնին՝ կոչ անելով «հրապարակայնօրէն կոչ անել ազատ արձակել բոլոր հայերին, ովքեր պատանդ են գտնւում Ադրբեջանի կողմից»: Այս կոչը պէտք է լինի աւելի մեծ ծրագրի մի մասը՝ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու՝ իր ագրեսիայի եւ էթնիկ զտումների համար եւ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։ «Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը պէտք է առանցքային դեր խաղայ բոլոր ռազմագերիներին եւ Արցախի պաշտօնեաներին Ադրբեջանի բանտից անվերապահ ազատ արձակելու գործում: Նա պէտք է օգտագործի իր դիւանագիտական լծակները եւ փորձը՝ ցոյց տալու համար, որ գոյութիւն չունի որեւէ իրաւական հիմնաւորում, որը թոյլ կը տայ շարունակական բանտարկութիւնը։ Կառավարութիւնը պէտք է ցոյց տայ, որ չի ընդունում պատանդներ վերցնելու եւ նրանց ազատ արձակման դիմաց պահանջներ ակնկալելու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մեծ Բրիտանիան ունի լծակներ եւ կարողութիւն՝ իրականացնելու այս հրատապ գործողութիւնը՝ մինչեւ Սուրբ Ծնունդը բոլոր բանտարկեալների ազատ արձակման շուրջ բանակցելու համար»:

Հաշւետու ժամանակահատւածում Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, ինչպէս նաեւ Հայաստանի հետ բարեկամութեան խորհրդարանական խմբի անդամների ակտիւ աշխատանքի շնորհիւ, հայութեան համար առանցքային կարեւորութիւն ներկայացնող հիմնախնդիրների շարունակել են քննարկման առարկայ մնալ բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակներում։

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը դեկտեմբերի սկզբին անցկացրել է իր աւանդական տարեվերջեան միջոցառումը՝ Աւստրալիայի դաշնային եւ նահանգային խորհրդարանների անդամների մասնակցութեամբ։ Միջոցառման ընթացքում հայկական շահերի պաշտպանութեան գործում ունեցած կարեւոր ներդրման համար պարգեւատրւել են երեկոյի պատւոյ հիւր Լինդսի Սնէլը, Նոր Հարաւային Վելսի նահանգային խորհրդարանի անդամ Հիւ ՄաքԴերմոտը եւ Լարա Ալեքսանդրը։ Երեկոյի ընթացքում կատարւել է նաեւ հանգանակութիւն։ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքներին նպաստելու համար հանգանակւել է 180.000 աւստրալիական դոլար։

Դեկտեմբերի 15-ին յայտնի դարձաւ՝ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, առաջին անգամ Աւստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանում ձեւաւորւել է Հայաստանի հետ բարեկամութեան խումբ։ Նորակազմ խմբի համանախագահն ու քարտուղարը սեպտեմբերի վերջին, Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով այցելել էին Հայաստան եւ տեղում ծանօթացել Արցախի հայաթափման արդիւնքում Սիւնիքում եւ Հայաստանի տարբեր հատւածներում ստեղծւած աղէտալի իրավիճակին։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
26.12.2023 թ.

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button