Դաշնակցական Բեմ

«Հայաստանում ապակուսակցական շարժում պէտք է սկսւի». Գառնիկ Դանիէլեան

Վաղը՝ ապրիլի 13-ին, Տաւուշի մարզի Ոսկեպար համայնքում «Տաւուշը՝ յանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնութեան ներկայացուցիչները հաւաք են անելու։ «Հաւաքւում ենք Ոսկեպարի գիւղամիջում, ասելու՝ տէր ենք մեր հայրենիքին ու պետութեանը: Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արիւնով ազատագրւած տարածքները ստորագրութեամբ չպիտի յանձնւեն»,- յայտարարում է օրերս ձեւաւորւած նախաձեռնութեան խորհուրդը, որում ընդգրկւած է նաեւ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ծնունդով տաւուշցի Գառնիկ Դանիէլեանը։ «Հրապարակ»-ը նրանից հետաքրքրւել է՝ ինչո՞ւ են հաւաքն անցկացնում Տաւուշում, մտածում են, որ Տաւուշից տարածքներն Ադրբեջանին յանձնելու խնդիրը լոկալ՝ տեղական խնդիր է, եւ դրա դէմ պէտք է պայքարեն միայն տաւուշցինե՞րը։

– Վաղը «Տաւուշը՝ յանուն հայրենիքի» նախաձեռնութիւնը հաւաք է կազմակերպել Տաւուշում` ինչո՞ւ Տաւուշում, եթէ Երեւանի կենտրոնում նստածներն են որոշել յանձնել Տաւուշի տարածքները։

– Ես այդ հասարակական նախաձեռնութեան անդամն եմ, եւ մենք, այո, նպատակ ունենք թոլ չտալ կենսական զիջումներ: Այո, չնայած Տաւուշից են ուզում սկսել, բայց ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Թէ ինչու Տաւուշից, որովհետեւ մեր գործունէութեան հենքը Տաւուշն է, մենք փորձում ենք Տաւուշում համախմբում իրականացնել, որովհետեւ շատ կարեւոր է, որ ոչ միայն այդ մի քանի, կոնկրետ՝ չորս գիւղերը, որոնց հետ խնդիր կայ, այլեւ միւսները եւս գիտակցեն, որ սա բոլորի խնդիրն է։ Ոսկեպարի, Բաղանիսի, այլ բնակավայրերի մարդիկ պիտի հասկանան, որ դա չորս գիւղի խնդիրը չէ, մենք փորձելու ենք մարդկանց դա հասկացնել, որովհետեւ, հաւատացէք, այդ գիտակցումը չկայ, որոշակի չափով հասկանում են խնդիրը` որ գործընթացը ճիշտ տեղ չի գնում, բայց խորութեամբ չեն հասկանում: Մի քանի գիւղում են հասկանում, դրա համար էլ ամէն օր ոտքի են կանգնած, մնացած գիւղերում՝ մի տեղ կայ, մի տեղ չկայ, որոշներն իրենց կոմֆորտի զոնայում են։ Օրինակ, նոյն Ոսկեպարի տրամադրւածութիւնն անգամ տարբերւում է Կիրանցում տիրող տրամադրւածութիւններից։ Այս մթնոլորտը պիտի փոխենք։

– Մարդիկ չորս տարի է՝ տեսնում են, թէ ինչ է կատարւում, վերջին մէկ ամսում էլ բազմաթիւ յայտարարութիւններ են հնչել, որ այդ տարածքների յանձնման հետեւանքը լինելու է այն, որ Տաւուշն ամբողջութեամբ յայտնւելու է թշնամու վերահսկողութեան տակ, եթէ այսքանից յետոյ էլ չեն գիտակցում, ինչպէ՞ս էք պատրաստւում հասկացնել։

– Օրինակ՝ անձամբ ես առաջին մարդն եմ եղել, որ գնացել նկարել եմ, քարտէզներով եմ բացատրել, թէ ինչ արհաւիրք է լինելու, կոմունիկացիաներն են յանձնելու: Այդ ժամանակ շատ մարդ չէր հաւատում, բայց հիմա կարող եմ ասել, որ իրավիճակն աւելի փոխւել է։ Նախ՝ այդ ինչպէ՞ս են որոշել, որ դրանք ադրբեջանական տարածք են, եթէ դելիմիտացիա-դեմարկացիա չի արւում, չկայ համաձայնութիւն: Ո՞վ է ասում, որ դրանք ադրբեջանական են։ Թշնամին մտել է, մեր սուվերեն տարածքի 340 կիլոմետրն օկուպացրել է, 31 բնակավայր իր վերահսկողութեան տակ է, Արծւաշէնը` նոյնպէս, էդ մարդը դրանք վերադարձնելու փոխարէն որոշել է միակողմանի զիջում անել։ Նախ պիտի քարտէզները ճշտել, սկզբունքները ու ճշտելուց յետոյ էլ փոխադարձ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել, ասենք` ճանապարհն անցնում է, մենք ինչո՞ւ պիտի տանք, սա մի օրւայ գործընթաց չէ, սահմանազատումը տարիների գործընթաց է, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Վրաստան գործընթացն արդէն 30 տարի է՝ գնում է։ Հիմա սա պիտի բացատրենք ժողովրդին։
Մեր նախաձեռնութիւնը վերկուսակցական մարմին է, մեր թիմից միայն ես եմ խորհրդի անդամ, ընտրւել եմ նախաձեռնութեան կողմից` որպէս տաւուշցի, ու պէտք է շեշտեմ, որ մեր խնդիրն այն է, որ չկուսակցականացւի այդ նախաձեռնութիւնը, Հայաստանում պիտի շարժում սկսւի, որը պիտի լինի ապակուսակցական, կուսակցականացումը խնդիր է առաջացնում, այս մի կուսակցութիւնը միւսի հետ չունի, ու այսպէս սկսւում են խնդիրները, կազմաքանդումը, ձախողումը։ Մենք այսօր էքզիստենցիալ այնպիսի խնդիրների առջեւ ենք կանգնած, որ կոնկրետ ես, չնայած 20 տարուց աւելի դաշնակցական եմ, պակաս չեմ յարգում իմ կուսակցութիւնը, բայց, իմ խորին համոզմամբ` կուսակցականութիւնը պիտի մղւի երկրորդական, չորրորդական պլան։ Սա իմ, ձեր, բոլորիս խնդիրն է։

– Այսինքն՝ ճիշտ հասկացա՞յ, որ ընդամէնը իրազեկման ակցիա էք իրականացնելու, մարդկանց տեղեկացնելու էք, թէ ինչ է իրենց սպասւում: Ասենք՝ որոշե՞լ էք հաջորդ քայլերը։

– Մենք յստակ պահանջներ ենք դնում եւ թոյլ չենք տալու կենսական զիջումների գնալ: Իհարկէ, մեզնից կախւածը։ Մենք ամենազօր Ջինը չենք, բայց ամբողջ հոգով-սրտով կանգնած ենք շարժման ակունքներում եւ դէմ ենք, ժողովուրդն էլ իրաւունք ունի պայքարելու, ո՞ւր  կը տանի դա, ոչ մէկը չի կարող ասել, բայց մենք անկեղծ լծւած ենք դրան: Ինչքան մեզ շատ մարդ հաւատայ, ինչքան մեր ուժերը շատ լինեն, այնքան մենք կարող ենք մեր առջեւ դրւած խնդիրները կատարել, դրա համար ուզում ենք ստանալ ժողովրդի վստահութեան քւէն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button