ՄիջազգայինՔաղաքական

Հայաստանի հետ հնարաւոր պատերազմի ֆոնին Պակիստանը եւ Թուրքիան՝ Բաքւի համար յուսալի գործընկերներ

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ արեւմտեան երկրները զէնքի իդէալական մատակարարներ չեն, սակայն Պակիստանն ու Թուրքիան աւելի յուսալի գործընկերներ են թւում Բաքւի համար, որոնք դժւար թէ խզեն գործարքները մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերում առկայ դժգոհութեան կամ Հայաստանի հետ ապագայ հնարաւոր պատերազմների պատճառով:

Այս մասին գրում է Business Insider-ը՝ յիշեցնելով, որ Թուրքիան զէնք է տրամադրել, որը թոյլ է տւել Ադրբեջանին յաղթել 2020 թւականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում։

Ադրբեջանը մեծ պլաններ ունի առաջիկայ տասնամեակի ընթացքում արդիականացնելու իր համեստ կործանիչների պարկը։ Այնուամենայնիւ, իր աւանդական զէնք մատակարարող Ռուսաստանին դիմելու փոխարէն, Բաքուն, ամենայն հաւանականութեամբ, կը գնի առաջադէմ կործանիչներ Պակիստանից եւ Թուրքիայից:

Փետրւարի վերջին ադրբեջանական եւ պակիստանեան լրատւամիջոցներում չհաստատւած տեղեկութիւններ յայտնւեցին, որ Ադրբեջանը Պակիստանի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերել 1.6 միլիարդ դոլարով JF-17C Thunder կործանիչներ գնելու վերաբերեալ։ Անցած յուլիսին Ադրբեջանը պաշտօնապէս միացաւ թուրքական Kaan կործանիչների ծրագրին։

2018 թւականին Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ իր երկիրը 5 միլիարդ դոլար է ծախսել ռուսական ռազմական տեխնիկայի վրայ։ Բայց հիմա դժւար թէ Բաքուն ինքնաթիռների համար դիմի Մոսկւային, թէեւ մինչեւ վերջին տարիներն Ադրբեջանին զէնքի ամենամեծ մատակարարը Ռուսաստանն էր:

Այնուամենայնիւ, իրավիճակը աստիճանաբար փոխւեց, քանի որ Ռուսաստանը սկսեց ագրեսիւ պատերազմ Ուկրաինայի դէմ եւ սկսեց կորցնել ազդեցութիւնը կովկասեան երկրներում, Ուկրաինայում աճող դժւարութիւնների եւ պատժամիջոցների ֆոնին:

Թուրքիան օգտւեց այս իրավիճակից եւ սկսեց ընդլայնել ռազմական համագործակցութիւնը Բաքւի հետ, այդ թւում՝ զէնքի վաճառքի միջոցով։ 2017 թւականին Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառքի ծաւալները սկսել են աճել, մինչդեռ ռուսական զէնքի արտահանումը դադարեցւել է 2019 թւականին։

Այս ֆոնին Պակիստանից JF-17-ների գնման մասին խօսակցութիւններն էլ աւելի են ամրապնդում Մոսկւայից աստիճանական բաժանման միտումը եւ կարող են նաեւ լինել Ուկրաինայում ռուսական ինքնաթիռների (եւ ընդհանրապէս ռազմաօդային ուժերի) վատ աշխատանքի արդիւնք:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button