ԳաղափարականՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Արեւմուտքը մեզ չի պաշտպանի, երբ Ադրբեջանը յարձակւի մեզ վրայ»

Արցախը կորցրինք, Հայաստանի հերթն է գալիս։ Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։

«Սպասելի էր այս ամէնը, որովհետեւ այս քայլը համապատասխանում է Նիկոլ Փաշինեանի զիջողական քաղաքականութեանը։ Քանի տարի է՝ փորձում ենք բացատրել հանրութեանը, որ Փաշինեանի ծրագիրը զիջելն է Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսօր գիտենք, որ Ալիեւը ու Էրդողանը որոշել են միասին ձեռքը դնել Հայաստանի վրայ՝ Փաշինեանի համաձայնութեամբ։ Երբ մենք պաշտպանում էինք Արցախը, մենք միշտ ասում էինք, որ Արցախը պաշտպանելով՝ ոչ միայն արցախահայութեանն ենք պաշտպանում, այլեւ` Հայաստանը, որովհետեւ Արցախը Հայաստանի վահանն է։

Պիտի պայքարենք, որ հայ ժողովուրդը վերադառնայ Արցախ։ Այսօր Արցախը կորցրինք, Հայաստանի հերթն է գալիս։ Հայաստանի ժողովուրդը պիտի մտահոգ լինի Փաշինեանի քաղաքականութեամբ։ Հակահայ քաղաքականութիւն է վարում Փաշինեանը եւ պէտք է իսկապէս մերժել, ընդդիմանալ, դուրս գալ փողոց, մերժել քաղաքականօրէն ու ժողովրդականօրէն»,- նշել է Մուրադ Փափազեանը։

Նրա խօսքով՝ Ալիեւի ու Էրդողանի նպատակն է Հայաստանը ծնկի բերել, ու Փաշինեանը իրենց գործիքն է։

«Փաշինեանը գործիք է Հայաստանում հակառուս քաղաքականութիւն տանելու համար ու միջոցներ ստեղծող, որ Ռուսաստանը տկարանայ Կովկասում։ Ռուսաստանը Հյաաստանի անվտանգութիւնն էր։ Արեւմուտքում Թուրքիան է, արեւելքում՝ Ադրբեջանը, դրանք թուրքական ուժեր են ու ուզում են ոչնչացնել Հայաստանը։ Երբ Փաշինեանը հասաւ իշխանութեան, ինքը դարձաւ արեւմտամէտ»։

Խօսելով Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքի մասին, ՀՅԴ Բիւրոյի անդամն ասել է. «Անշուշտ Ֆրանսիան համակրանք ունի Հայաստանի ու Արցախի նկատմամբ, բայց իրականութիւնը այն է, որ Ֆրանսիան այսօր բաւական մենակ է Արեւմուտքի մէջ այս համակրանքը Հայաստանի հանդէպ տածելու համար։ Միւս ուժերը, որ մաս են կազմում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կողմից են, նաեւ կախւած են Թուրքիայից, որովհետեւ այդ երկիրը ՆԱՏՕ-ի երկորրդ զինւորական ուժն է եւ շատ լաւ գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղութիւն չեն ուզում Հայաստանի հետ, այլ ուզում են ձեռքը դնել Հայաստանի վրայ»,- ընդգծել է Փափազեանը։

Նա մանրամասներ է յայտնել իր ու Ֆրանսիայի ղեկավարութեան զրոյցից, որ ասել են՝ Ադրբեջանի յարձակման դէպքում Արեւմուտքը չի պաշտպանի Հայաստանին:

«Խօսել եմ Ֆրանսիայի ղեկավարութեան հետ։ Ասացի՝ եթէ վաղը Ադրբեջանը յարձակւի Հայաստանի վրայ, արդեօք Արեւմուտքը զօրքեր կուղարկի՞, պատասխանը՝ ոչ էր։ Արեւմուտքը այսօր ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանը»,- եզրափակել է Մուրադ Փափազեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button