Հայաստան - Արցախ

«Փոխւե՞լ են արդեօք խաղաքարտերը, թէ՞ ոչ, նոր պահանջնե՞ր է առաջ քաշւել». քաղաքագէտը շեշտեց, որ դա այդպէս չէ. Ադրբեջանը շարունակում է հետապնդել իր ծրագրերը

Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների շուրջ Ալիեւի վերջին հարցազրոյցին անդրադառնալով, քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում փաստեց, որ խաղաքարտերը չեն խառնւել, եւ Ադրբեջանը շարունակում է հետապնդել իր ծրագրերը:

«Թուրքիան ունի իր յստակ ծրագիրը, որը փորձել է իրականացնել 100 տարի առաջ եւ իրենց համար այն կենսական էր, դեռեւս 1920-ական թւականներից սկսած: Նամակագրութիւնները, որ Սովետական Միութեան փլուզումից յետոյ են տեղի ունեցել Սովետական Միութեան ղեկավարների եւ Թուրքիայի դեսպանի միջեւ, այնտեղ պահանջւել է արագացնել «Զանգեզուրի միջանցք»-ի բռնակցումը Ադրբեջանին, որտեղ դրւած է եղել Սիւնիքի խնդիրը»,- նշեց նա:

Դանիէլեանը պատմական ակնարկ կատարելով յիշեցրեց, որ 1920-ական թւականներին երբ Նախիջեւանը անցաւ Ադրբեջանի կազմ Թուրքիայի պահանջով մոսկովեան պայմանագրի ժամանակ սահմանները այնպէս էին գծւած, որ Նախիջեւանը Թուրքիայի հետ սահման չունէր եւ 1930-ական թւականներին Իրանի հետ տարածքների փոխանակութիւն է լինում, եւ ինչ-որ հողեր զիջելով Թուրքիան՝ Իրանին Նախիջեւանի հետ 11 կիլոմետրանոց սահման է ունենում, այսինքն Իրան-Թուրքիա տարածքների փոխանակութիւն է լինում, որպէսզի Թուրքիան Նախիջեւանի հետ սահման ունենայ:

Դանիէլեանը նշեց, որ ակնարկը անցեալից է փաստելու, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային խնդիրը նոր ծրագիր չէ եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Թուրքիան վերադարձել է այդ ծրագրի իրականացման:

Ըստ Դանիէլեանի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը իրենց մօտ վաղուց է եղել եւ այդ ծրագրից իրենք յետ չեն կանգնել:

Խօսւում է այն մասին, որ ինչ-որ բանակցութիւններ են տեղի ունեցել եւ հիմա Ալիեւի ելոյթում, փոխւե՞լ են արդեօք խաղաքարտերը, թէ՞ ոչ, նոր պահանջնե՞ր է առաջ քաշւել, ապա Դանիէլեանը շեշտեց, որ անհրաժեշտ է արձանագրել՝ դա այդպէս չէ:

Ըստ քաղաքագէտի՝ 1990 թւականին Ղարաբաղի պատերազմից յետոյ բոլոր բանակցութիւնները տեղի են ունեցել «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրի վերաբերեալ, այն իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապի հարցն է: Այսինքն՝ Թուրքիան ցանկանում է մուտք գործել Հարաւային Կովկաս, այնտեղից՝ Հիւսիսային Կովկաս եւ Միջին Ասիա:

«Նոյնիսկ, 19-րդ դարում Կովկասեան պատերազմները, նոյն թեմայով էր, Հիւսիսային Կովկասի համար մղւել է պայքար»,- ասաց նա:

Ստեփան Դանիէլեանի խօսքով՝ ըստ էութեան Հայաստանի ղեկավարները թիւրիմացութեան մէջ են գցել Հայաստանի հանրութեանը, որ ինչ-որ պայմանագիր է կնքւելու եւ խաղաղութիւն է տիրելու:

«Այս պայմանագրում պատահական չէ, որ առաջ է գալիս սահմանագծման եւ սահմանազատման խնդիրը: Այսինքն, ճանաչել Հայաստանի տարածքները եւ փորձել պայմանագրով ամրագրել Արցախից հրաժարումը եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Այդ երկիրը որեւէ պարտաւորութիւն չվերցնելով, ցանկանում է հետագայում աշխարհաքաղաքական յարմար պահին իրականացնել իր ծրագրերը եւ բռնակցել Սիւնիքը»,- նշեց նա:

Դանիէլեանը յիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ասել է, որ զօրքերի յետ քաշում տեղի չի ունենալու եւ Ադրբեջանի նպատակը հետեւեալն է՝ անկլաւների խնդիրը դնելով, դեռեւս առանց անդրադառնալու Սիւնիքի սահմաններին լուծել հարցերը, ըստ Ադրբեջանի նախագահի եւ մամուլում տարածւած նիւթերի, իրենք այսպէս են տեսնում՝ «Այդ անկալաւները, պէտք է բնակեցւեն ադրբեջանցիներով»:

Քաղաքագէտը շեշտեց, որ Ադրբեջանի զինւած ուժերը ցանկանում են նաեւ Հայաստանի տարածք ռազմական ուժեր տեղակայել, եւ անկլաւները բռնագրաւել, որոնց միջոցով կարեւոր ճանապարհների ուղղութեամբ վերահսկողութիւն կիրականացնեն:

Ի՞նչ աշխարհաքաղաքական իրավիճակ է ենթադրում Սիւնիքի բռնակցման սցենարի իրականացումը, Դանիէլեանը նշեց, որ մասնաւորապէս կարեւոր է Իրանի դերակատարութիւնը, եթէ Իրանը չլինէր, Ադրբեջանը Սիւնիքը գրաւած կը լինէր եւ Մերձաւոր Արեւելքում պատերազմական իրավիճակ կը լինէր:

«Այդպիսով, Իրանը կը ներքաշւէր պատերազմում եւ այդ երկիրը ի վիճակի չէր լինի պահել իր դիրքորոշումը, եւ այդ պահին Սիւնիքի օկուպացիան կիրականացւէր»,- նշեց նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button