Հայաստան - ԱրցախՄիջազգայինՍփիւռք

Մուրադ Փափազեան. «Ֆրանսիայի համար Արցախի հարցը փակւած չէ»

Ֆրանսիայի Սենատի համար Արցախի հարցը փակւած չէ, Ֆրանսիան պաշտօնապէս ընդունում է դա ու խրախուսում, որ Հայաստանն էլ նկատի հարցի փակւած չլինելը. ABC media-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։

«Շատ տարօրինակ է, որ Ֆրանսիայի պէս երկիրը աւելի հեռուն է գնում, քան ՀՀ կառավարութիւնը։ Այս բանաձեւը շատ դրական է։ Գիտենք, որ ՀՀ իշխանութիւնները բանակցում են Ադրբեջանի հետ, բայց արդիւնքը շատ վատ է, որովհետեւ Ադրբեջանը, իմանալով, որ Փաշինեանի քաղաքականութիւնը շատ թոյլ է, շարունակում է ճնշում բանեցնել եւ օգտւել առիթից։ Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղութիւն չի ուզում, բայց ուզում է իշխել Հայաստանի վրայ»,- ասել է նա։

Անդրադառնալով Ալիեւի վերջին յայտարարութիւններին, որով Հայաստանը «Արեւմտեան Ադրբեջան» է համարում, Փափազեանը նշեց, որ Հայաստանը դրան պէտք է կոշտ արձագանգի՝ անհրաժեշտութեան դէպքում էլ դիմելով միջազգային հանրութեանը։

«Հայաստանի պատասխանն Ադրբեջանին պէտք է կոշտ լինի, կոչ անի միջազգային ընտանիքին, որ Ադրբեջանին հասկացնի՝ պատերազմական ոճն անընդունելի է: Հայաստանը պէտք է իր շուրջը կարողանայ կենտրոնացնել ժողովրդավարական ուժեր, երկրներ, պետութիւններ, որ Հայաստանին համակրում են, բայց երբ ՀՀ վարչապետը թոյլ է ու չի պաշտպանում Հայաստանի շահերը, թոյլ քաղաքականութիւն է վարում, թոյլ է բանակցութիւնների մէջ, դա չի քաջալերում Հայաստանի բարեկամ երկրներին, որ աջակցեն Հայաստանին։ Բացի Ֆրանսիայից, որովհետեւ Մակրոնը մեզ մի քանի անգամ ասել է, որ չի հասկանում, թէ ինչո՞ւ է Փաշինեանն այդքան թոյլ եւ այդքան քիչ է պաշտպանում Հայաստանի շահերը՝ դիւանագիտական հանդիպումների ընթացքում»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի յարաբերութիւններն այսօր վատ են միայն ու միայն Հայաստանի ու Արցախի պատճառով։

«Ֆրանսիան միջազգային ատեաններում պաշտպանում է Հայաստանն ու Արցախը, ինչն անընդունելի է համարւում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ամէն ինչ անում է, որ Ֆրանսիան դուրս գայ բանակցութիւններից»,- ասել է Փափազեանը՝ յաւելելով, որ Ֆրանսիան կը շարունակի մնալ Հայաստանի ու Արցախի կողքին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button