Հայաստան - Արցախ

«Սա ոչ թէ դիւերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրութիւն». Լիլիթ Գալստեան

Ապրիլի 5-ի բրիւսէլեան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձեւաւորւել։

Սպասումներն արդարացիօրէն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրաւող հայ հանրութեան համար, մանաւանդ որ, պատերազմով սպառնում է թէ՛ թշնամին, թէ՛ սեփական երկրի ղեկավարը։

Որքանո՞վ էին արդարացւած կամ հիմնաւոր այս սպասումները։

Ընդամէնը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրայ կարող էք ձեր սեփական դատողութիւնները կառուցել կամ եզրակացութեան յանգել։

44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում հաւաքական Արեւմուտքը լռել է։ Ո՛չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՛չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառոյցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդէս չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որեւէ յայտարարութեամբ։

-Յայտարարութիւններ չեն հնչել, երբ բացայայտ էին եւ փաստւած պատերազմական գործողութիւններում թուրքական աջակցութիւնն ու ներգրաււածութիւնը, օտարերկրեայ ահաբեկիչներ, վարձկաններ ներգրաւելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարւած քիմիական/ֆոսֆորային/ զէնքի կիրառութիւնը։

-Յիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ յայտարարութիւններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտութեան հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները։

-Հակառակ հայկական կողմի բազմաթիւ պահանջ-դիմումնեին, ԻՒՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելութիւն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացումը, ինչը եւս փաստւում է թէ՛ Ալիեւի հրամանագրով/2022, օգոստոս/, թէ՛ Ադրբեջանի փաստացի գործողութիւններով։

-ԻՒՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառոյցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարութիւնը յայտարարել է, որ չի կարող առաքելութիւն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելութեանը։

-Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում յայտնւած Եւրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բաւարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատւած՝ աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրայ։

-Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաեւ կոյր՝ չտեսնելով աւտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրութիւններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայէնի եւ միւսների համար Ադրբեջանի հետ յարաբերւելու այլ առաջնահերթութիւններ կան, ուր եւրոպական յարմարաւէտութիւնն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչութեան փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրաւունքի տոտալ բռնաբարումից։

-Արեւմտեան եւ ոչ մի երկիր եւ կառոյց չի քնարկել ռազմական/ պատերազմական յանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրեւ պատերազմական յանցագործ պատասխանատւութեան ենթարկելու հնարաւորութիւնը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են եւ անշրջելի։

-ԵԽԽՎ եւ ԵԱՀԿԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղւածութեան մէկ-երկու բանաձեւեր, ինչպէս նաեւ ՄԻԵԴ-ի եւ ՄԱԿ արդարադատութեան դատարանի՝ միջանկեալ վճիռները արհամարհւել են Բաքւի կողմից, մնալով անհետեւանք։

-Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ յայտարարել է, որ միջազգային իրաւունքն ու ինստիտուտները մեռած են եւ ինքը հարցերը լուծում է ուժի իրաւունքով։

-Լաչինի 9 ամիս ձգւած ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի յայտարարութիւնների, որոնց չեն յաջորդել Բաքւի նկատմամբ որեւէ պատժամիջոց, որեւէ կոնկրետ գործողութիւն։

-Ըստ էութեան, հաւաքական Արեւմուտքն իր լռութեամբ, անտարբերութեամբ կամ անգործութեամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատւութիւնն ու մեղքը։

-Հաւաքական Արեւմուտքի բարձրաստիճան ղեկավարութեան, այդ թւում Ժոզէֆ Բորէլի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջութիւնը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն յաջորդել առարկայական գործողութիւններ, իսկ ադրբեջանական զօրամիաւորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։

-Աւտորիտար Ադրբեջանի «ազատ» ընտրութիւնները շնորհաւորողների առաջին շարքերում Շարլ Միշէն է․ այն Միշէլը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխաւոր պատւիրատուներից մէկն է, նաեւ մի կառոյցի ղեկավար, որի մահւան կամ անգործութեան մասին չի դադարում բարձրաձայնել Ալիեւը։

-Ապրիլ 5-ի բրիւսէլեան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկէնն ու Ֆոն դեր Լայէնը բարեկանական, Ալիեւի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խօսք չկայ ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութեան մասին։

ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈւՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈւՄ Է ԱՐԴԷՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈւՐՋ եւ ՈՐԵԷԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈւՄ։/ Սա առանձին վերլուծութեան խնդիր է, թէ ինչու եւ ինչպէս Հայաստանը յայտնւեց միջազգային մեկուսացման մէջ/։

-Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնյայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի եւ Արեւմուտքի գործերը լաւ չեն, երբ Հարաւային Կովկասում խախտւել է ռազմական հաւասարակշռութիւնը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութիւնը՝ հակամարտութիւնների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխւել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրաւէրը սրի պէս կախւած է օդում՝ ԵՄ-ն յայտարարում է Հայաստանին 270 միլիոն եւրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։

-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈւԹԵԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈւԹԵԱՆ ԲԱՐՁՐԱՑՈւՄ այս է դրամաշնորհի նպատակը, եւ ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։

-Աւելի քան ակնյայտ է՝ Հայաստանը՝ ձախողւած կառավարմամբ, կազմաքանդւած ինստիտուտներով եւ առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրօրէն, առանց սառը հաշւարկների, մտնում է 270 մլն գնահատւող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխութեան մի փուլ։

Սա ոչ թե դիւերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրութիւն։

Ակնյայտ է, որ պարտւած, Հայաստանը միանձնեայ ղեկավարող անձը Հայաստանի պետականութեան անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգութիւնը երաշխաւորելու կարողութիւն, կամք, քաղաքական եւ բարոյական լեգիտիմութիւն չունի»։

Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Առնչւող Յօդւածներ

Back to top button