Հայաստան - Արցախ

Հակազդեցութիւն` տաւուշեան, համահայաստանեան եւ համահայկական մակարդակներում

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը Տաւուշի մարզ կատարած այցի շրջանակներումներկայացրել է տաւուշեան ճգնաժամի յաղթահարման ուղղութեամբ իրականացւելիք ծրագրերն ու գործողութիւնները.

«Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցութեան գործընկերների հետ կրկին Տաւուշի մարզում էինք:

Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները եւ շփումները յստակ ցոյց են տալիս, որ Տաւուշում իշխանութեան առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դէմ ձեւաւորւել է հանրային հակազդեցութիւն:

Տաւուշի մեր հայրենակիցներն ամբողջութեամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետեւանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բաւականին լուրջ հակազդեցութիւն:

Տեղում այս ուղղութեամբ մեծ ծաւալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգեւոր, հանրային-հասարակական գործիչները, որոնց ուղերձը մէկն է՝ կանգնել տաւուշցու արդար պահանջի կողքին։

Սակայն, ոչ պակաս կարեւոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգութեանը սպառնացող այն մարտահրաւէրը, որի առջեւ այսօր կանգնած է Տաւուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակութեան հարց է։

Հետեւաբար, հակազդեցութիւն եւ դիմադրութիւն պէտք է ձեւաւորել միաժամանակ երեք հարթութեան՝ տաւուշեան, համահայաստանեան եւ համահայկական մակարդակների վրայ:

Վերը նշւած բոլոր ուղղութիւններով աշխատանքներն ընթացքի մէջ են:

Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանաւորել ենք առաջիկայ օրերին.

-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, յայտարարութեան նախագծի ներկայացում,

-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,

-աշխատանք միջազգային հարթակներում,

-մարզային հանդիպումների շարք,

– անվտանգութեան հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,

– համահայկական մասշտաբով իրազեկման եւ զօրակցական ակցիաների իրականացում։

Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պէտք է ձեւաւորենք իրական հակազդեցութիւն եւ համազգային դիմադրութիւն, որն ի զօրու կը լինի կոտրել չդադարող զիջումների շղթան եւ բեկել մեր ընթացքը»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button