Հայաստան - Արցախ

Ռուբէն Վարդանեանն առաջադրւել է  2024 թ. Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի

Ռուբէն Վարդանեանը ներկայացւել է 2024 թ. Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի՝  իր բարեգործական եւ մարդասիրական գործունէութեան համար: Նրա թեկնածութիւնն առաջադրել են մի շարք հեղինակաւոր անձինք, որոնցից թւում նաեւ Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր կայ:

NEWS.am-ի արտերկրի աղբիւրներից ստացւած այս լուրը հաստատեցին նաեւ Ռուբէն Վարդանեանի գրասենեակից: «Հեղինակաւոր անձանց կողմից Ռուբէն Վարդանեանը ներկայացւել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնեակի հասնող նոր եւ աննախադէպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառոյցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում: Առաջադրողները տպաւորիչ եւ միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբէն Վարդանեանի՝ որպէս մարդասէրի եւ բարերարի կերպարը եւ նրա հետեւողական ջանքերը՝ ուղղւած անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատեւ կայունութեան ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնաւորապէս յիշատակւել է նրա գործունէութիւնը շրջափակւած Արցախում, որտեղ Ռուբէն Վարդանեանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ դժւարին վիճակում յայտնւած մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելաւման հնարաւորութիւններ ստեղծել:

Գնահատելի է համարւել այն, որ Ռուբէն Վարդանեանի բարեգործութիւնն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ  գլոբալ ազդեցութիւն ու նշանակութիւն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մէկը՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ուղղւած է աշխարհի բոլոր անկիւններում, բոլոր մայրցամաքներում օգնելու եւ ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կեանքը բարիք են գործում: Վարդանեանին առաջադրման ներկայացւած յարգարժան անձանց նամակում կարեւոր է  համարւում նաեւ այն,  որ նա յարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրօնի, այլեւ այլոց ժառանգութեան նկատմամբ. որպէս դրա վառ օրինակ նշւում է Ռուբէն Վարդանեանի նախաձեռնութեամբ վերանորոգւած Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին յայտնեցին Ռուբէն Վարդանեանի գրասենեակից:

Նշենք, որ Հայաստանում Ռուբէն Վարդանեանի կողմից իրականացւել են մի շարք խոշոր նախագծեր: Դրանց թւում է, օրինակ, «Տաթեւի վերածնունդ»-ը, որի շրջանակում կառուցւել է աշխարհի ամենաերկար յետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹեւեր»-ը, վերականգնւել է  Տաթեւի վանական համալիրը,  զարգացման հնարաւորութիւններ են ստեղծւել հարակից համայնքների համար:

Խոշոր նախագծերից է նաեւ Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի հիմնումը, որը  United World Colleges՝  «Աշխարհի միացեալ քոլեջներ» ցանցի՝ աշխարհում գտնւող  18 քոլեջներից մէկն է։ Այն ցանցի առաջին քոլեջն է յետխորհրդային տարածքում:

Գրասենեակից յայտնեցին, որ Ռուբէն Վարդանեանը, իր գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ շուրջ 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում` ներդրումներ անելով մարդասիրութեան, կրթութեան,  պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան, զբօսաշրջութեան ու ենթակառուցւածքների զարգացման եւ  մի շարք այլ ոլորտներում:

 

Առնչւող Յօդւածներ

Back to top button