ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դէմ իսրայէլական հարւածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու որոշումը կը կայացնի ԱՄՆ-ն

Տեսականօրէն Իսրայէլը կարող է հարւածել Իրանին Ադրբեջանի տարածքից, որտեղ նա բազաներ ունի։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրոյցում ասել է Լիբանանում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

Նա յիշեցրել է, որ Իսրայէլի անմիջական մասնակցութիւնը 44-օրեայ պատերազմում եւ Իրանի հետ սահմանի մօտ իսրայէլական բազաների տեղակայումը Թեհրանի կողմից չի կարող հանգիստ ընդունւել, եւ դա իր ազդեցութիւնն է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների վրայ։

«Ադրբեջանի հնարաւոր ներգրավումը հակաիրանական պատերազմում ադրբեջանական կողմի համար վտանգներ է պարունակում, ուստի Բաքուն պէտք է կշռի այդ վտանգները։ Այս դէպքում Ադրբեջանն ինքնուրոյն որոշում չի կայացնի, եւ ամէն ինչ կը համաձայնեցնի Անկարայի հետ»,- նշել է Գանտահարեանը։

Նա յաւելել է, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրութիւններից յետոյ Անկարայի կախւածութիւնն ԱՄՆ-ից մեծացել է։

«Սա նշանակում է, որ Թուրքիան ինքը չի կարողանայ նման թոյլտւութիւն տալ Ադրբեջանին առանց ԱՄՆ-ի հաւանութեան։ Եթէ խօսքը վերաբերւէր մի իրավիճակի, երբ Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնները գտնւում էին լարւածութեան գագաթնակէտին, ապա կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանին կը յանձնարարւէր իր տարածքը տրամադրել Իրանի վրայ յարձակումների համար։ Բայց այդ լարւածութիւնը թուլացել է»,- ընդգծել է Գանտահարեանը։

Ըստ նրա, այս թուլացումը պայմանաւորւած է Ռուսաստանի մեկուսացմամբ, որն այժմ Արեւմուտքի գլխաւոր հակառակորդն է։

«Ֆրանսիայի դեսպանը յիշեցրել է, որ Փարիզն ու Թեհրանը պաշտպանում են Հայաստանի տարածքային ամբողջականութեանը, եւ որ երկրները նախանշել են որոշակի համագործակցութիւն։ Սա նոյնպէս Իրանի եւ Արեւմուտքի յարաբերութիւնների փոփոխութեան ցուցանիշ է։

Իրանի համար կայ ռազմավարական կարեւոր երեւոյթ՝ Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եւրոպա նախագիծը։ Մի քանի ամիս առաջ տեղեկատւութիւն եղաւ Հայաստանի հարաւում նախագծի իրականացման ուղղութեամբ գործնական քայլեր ձեռնարկելու Իրանի պատրաստակամութեան մասին։

Այս նախագիծը չէր աշխատի, եթէ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ համաձայնութիւն չլինէր՝ հաշւի առնելով վերջնիս ազդեցութիւնը Վրաստանի վրայ»,- ասել է նա։

Ըստ Գանտահարեանի՝ Մերձաւոր Արեւելքում հիբրիդային պատերազմը կը շարունակւի, բայց չի վերաճւի լայնածաւալ գործողութիւնների:

Նա պարզաբանել է, որ Կարմիր ծովում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իսրայէլում բազմաթիրախային պատերազմ է ընթանում, բայց դա չի յանգեցնի լայնածաւալ պատերազմի։

Գանտահարեանը յիշեցրել է Լիբանանի եւ Իսրայէլի միջեւ ծովային սահմանի սահմանազատման գործընթացը։

«Դա չէր կարող տեղի ունենալ, եթէ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնութիւն չլինէր, ինչը նշանակում է, որ նրանց միջեւ լարւածութիւնը նւազել է»,- ասել է նա։

Նրա կարծիքով, վերահսկւող քաոսի մասին քաղաքագիտական տեսութիւնը՝ բազմաթիրախ պատերազմի տեսքով առայժմ գործում է Մերձաւոր Արեւելքում։

Գանտահարեանը յաւելել է, որ բուֆերային գօտիների ձեւաւորմանը եւ խաղաղ բանակցութիւններին նախորդում են սահմանափակ, բազմաթիրախ ռազմական գործողութիւններ։

Նա յիշեցրել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին յայտարարել էր, որ Թեհրանի գործողութիւնները լինելու են սահմանափակ եւ թիրախային եւ չեն յանգեցնելու լայնամասշտաբ պատերազմի, սակայն անօդաչու թռչող սարքերով եւ բալիստիկ հրթիռներով Իսրայէլի վրայ Իրանի յարձակման փաստն ինքնին դարձաւ նախադէպ, ինչպէս նաեւ խաղի կանոնների փոփոխութեան նախանշան։

«Նախկինում Իսրայէլը հարւածներ էր հասցնում Իրանի սահմաններից դուրս գտնւող իրանական յենակէտերի վրայ, իսկ վերջինս պատասխանում էր «Հեզբօլլահ»-ի միջոցով։ Սակայն այժմ Իրանն ինքն է հարւածել Իսրայէլին։ Անկախ յարձակման արդիւնքներից, այս փոփոխութիւնը նոյնպէս կարեւոր է արձանագրել։ Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը դիմել է թուրք գործընկերոջը, որպէսզի նա միջնորդ դառնայ Իրանի եւ Իսրայէլի միջեւ։ Այս ամէնը կարեւոր հանգամանքներ են տարածաշրջանի համար։

Գազայում պատերազմի բռնկումը ոչնչացրեց իսրայէլական բանակի մասին առասպելները, եւ գործեց անակնկալի գործօնը: Իսրայէլի նախաձեռնութիւնները հաճախ չեն անցնում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, քւէարկութեան պատկերը փոխւում է, ԱՄՆ-ն կոչի տեսքով Իսրայէլին թոյլ չի տալիս հարւածել Իրանին։ Այս ամէնը խօսում է իրավիճակի փոփոխութեան մասին։ Զսպող գործօն են հանդէս գալիս ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Իրանը, որը նոյնպէս խաղացող է եւ արբիտր»,- ընդգծել է Գանտահարեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button