Մարզական

Վարազդատ Լալայեանը՝ Եւրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսեանը՝ փոխչեմպիոն

Վարազդատ Լալայեանն առաջին անգամ կարիերայում նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացւող ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայեանը երկամարտի 455 կգ. արդիւնքով հռչակւեց Եւրոպայի չեմպիոն (205+250):

Այս քաշային կարգում Հայաստանի միւս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսեանը երկամարտի 437 կգ. արդիւնքով արծաթէ մեդալակիր է (190+247):

Վարազդատ Լալայեանը պոկում վարժութիւնում առաջին մօտեցմամբ բարձրացրեց 200 կգ., երկրորդով՝ 205 կգ.: Երրորդ մօտեցման 210 կգ.-ը ձախողեց: Այս վարժութիւնում Լալայեանը փոքր ոսկէ մեդալակիր է:

Սիմոն Մարտիրոսեանը յաջող կատարեց միայն առաջին մօտեցումը, որով պոկեց 190 կգ.: Երկրորդ եւ երրորդ մօտեցումները ձախողեց, որոնց համար Փաշիկ Ալավերդեանը պատւիրել էր 200 կգ.: Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց փոքր բրոնզէ մեդալ:

Հրում վարժութիւնում Լալայեանը պայքարը սկսեց 240 կգ.-ով եւ յաջողութեամբ կատարեց: Երկրորդ մօտեցմամբ կրկնակի աշխարհի փոխչեմպիոնը հրեց 250 կգ.: Երրորդ մօտեցումից հրաժարւեց:

Սիմոն Մարտիրոսեանն հրեց նախ 241 կգ., ապա 247 կգ., երրորդ մօտեցմամբ Փաշիկ Ալավերդեանը պատւիրեց 255 կգ., բայց Մարտիրոսեանը չկարողացաւ հրել:

+109 կգ. քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձէն վնասւածքի պատճառով հրաժարւեց պայքարից:

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button