Հայ Դատ

Արցախի վերաբերեալ քննարկումներ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարաւային Կովկասում. կիզակէտում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղանքննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմէյքերի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համագործակցութեան արդիւնքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիւանագէտներ, լրագրողներ եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի չորս հիմնական բանախօսներն էին.

Էլս Վան Հուֆ՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ
Փօլ Միերթս՝ միջազգային բանակցութիւնների վերլուծաբան եւ Քլինգենդաէլ ինստիտուտի համահիմնադիր
Գեղամ Ստեփանեան՝ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան
Բենիամին Պօղոսեան՝ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի աւագ գիտաշխատող

Համաժողովի առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծութեան ենթարկել 2020 թւականի սեպտեմբերից ի վեր Հարաւային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնաւորապէս՝ Արցախեան հակամարտութեան լոյսի ներքոյ։ Բանախօսները միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների եւ միջազգային հանրութեան արձագանքի տեսանկիւններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Յատուկ ուշադրութիւն են արժանացել միջնորդական ջանքերի կարեւորութեան վերաբերեալ քննարկումները` անդրադարձ կատարելով յատկապէս Եւրոպական միութեան դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագայ հեռանկարները, հնարաւոր զարգացումները եւ կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրաւունքները պաշտպանելու համար:

  1. Միջոցառումը մեկնարկել է սենատոր Դեմեսմէյքերի, Եւրոպական միութիւնում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսեանի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի բացման խօսքերով:

Մասնաւորապէս, Մարկ Դեմեսմէյքերը նշել է. «Այցելելով Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան՝ անմիջականօրէն եմ տեսել հակամարտութեան ազդեցութիւնը: Ադրբեջանի ագրեսիան եւ Արցախի էթնիկ զտումները միանգամայն անընդունելի են։ Մենք պէտք է ճնշում գործադրենք ԵՄի եւ միջազգային հանրութեան վրայ՝ վերջ տալու անպատժելիութեանը: Կարեւոր է՝ Մերձաւոր Արեւելքի եւ Ուկրաինայի վրայ կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարաւային Կովկասը: Մենք չենք կարող անտեսել այս տարածաշրջանի տառապանքն ու անկայունութիւնը»։

Իր խօսքում Էլս Վան Հուֆը, մասնաւորապէս նշել է «Վերջերս Արցախի խորհրդարանի շէնքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապէս «մշակութային զտումը»: Մենք չենք կարող լռել այս հարցում: ԵՄն պէտք է վերագնահատի իր յարաբերութիւններն Ադրբեջանի հետ եւ օգտագործի իր քաղաքական գործիքակազմը՝ դադարեցնելու հայերի հիմնարար իրաւունքների խախտումները: Պատժամիջոցներ կիրառելու տարբերակը պէտք է դիտարկել եւրոպական մակարդակում»:

Իր հերթին Փօլ Միերթսը, անդրադառնալով բանակցային գործընթացին, նշել է«Բանակցութիւնները յաջողութեամբ աւարտելու համար պէտք է համատեքստի փոփոխութիւն լինի։ Ուժն ու բանակցութիւնները միասին են ընթանում: Հայաստանը չի կարող բանակցութիւնների մէջ մտնել թուլացած դիրքերից։ Այսպիսով՝ Հայաստանի համար հրամայական է ուժեղացնել իր ռազմական հնարաւորութիւնները եւ ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանում կայունութեան համար»:

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած շարունակական մարտահրաւէրներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակւեցին 2023 թւականի սեպտեմբերի բռնի տեղահանութիւնից յետոյ: Հայաստան ժամանելուն պէս Արցախի ժողովուրդը շարունակեց բախւել բազմաթիւ մարտահրաւէրների՝ նրանց կացութեան կարգավիճակից սկսած մինչեւ  սոցիալական, բնակարանային, սննդի եւ աշխատանքի հետ կապւած խնդիրները: Սեմինարը արժէքաւոր հնարաւորութիւն է ընձեռում անդրադառնալու այս խնդիրներին եւ լոյս սփռելու Արցախի ժողովրդի առօրեայ պայքարի վրայ, ինչպէս նաեւ նպաստելու միջազգային հանրութեան մոբիլիզացմանը՝ Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների եւ իրաւունքների պաշտպանութեան գործում»։

Բենիամին Պօղոսեանը շեշտադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների հարցի քննարկումը՝ յայտարարելով. «Կար սկզբունքօրէն թերի տրամաբանութիւն, որ Ադրբեջանի նկատմամբ հանդարտեցման քաղաքականութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կործանման ընդունումը ճանապարհ կը հարթեն ՀայաստանԱդրբեջան խաղաղութեան համար։ Փոխարէնը, դա միայն ստիպեց Ադրբեջանին աւելի ագրեսիւ լինել Հայաստանի նկատմամբ, եւ այժմ բախւում ենք Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի իրական սպառնալիքի՝ ռազմավարական նպատակ ունենալով բացել ցամաքային միջանցք Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ՝ օկուպացնելով Հայաստանի որոշ հատւածներ»։

Իր խօսքում Գասպար Կարապետեանը երախտագիտութիւն է յայտնել սենատոր Դեմեսմէյքերին, բանախօսներին եւ ներկաներին՝ արցախահայութեան իրաւունքներին իրենց աննկուն հաւատարմութեան համար։ «Այս կլոր սեղանը կարեւոր հարթակ է ծառայում երկխօսութեան խթանման եւ Արցախի հայ բնակչութեան անքակտելի իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած ջանքերն առաջ մղելուն: Բելգիայի եւ Եւրամիութեան անդամ բոլոր երկրների համար հրամայական է ճնշում գործադրել Ադրբեջանի դէմ՝ Արցախի ժողովրդի դէմ իրականացւած էթնիկ զտումների համար՝ փաստացի վերջ դնելով Ադրբեջանի անպատժելիութեանը: Միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրայ՝ Բաքւում գտնւող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու համար։ Շարունակական շահերի պաշտպանութիւնը մնում է առանցքային՝ տարածաշրջանում խաղաղութեան, արդարութեան եւ կայունութեան ապահովման համար»:

Քննարկումն աւարտւել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բանախօսներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հարաւային Կովկասում խաղաղութեան հաստատման եւ Արցախի հայ բնակչութեան հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հեռանկարային միջոցները

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
25.03.2024

Առնչւող Յօդւածներ

Back to top button