Քաղաքական

Մուրադ Փափազեան. «1.5 միլիոնի անունները պարզելու ցանկութիւնը հակահայ քայլ է»

Անդրանիկ Քոչարեանն առանց Նիկոլ Փաշինեանի հրահանգի այդպիսի կարեւոր յայտարարութիւն չէր անի։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի այն յայտարարութեանը, թէ պէտք է ունենալ այդ 1.5 միլիոն ցեղասպանւած ժողովրդի անուն-ազգանունները։

«Հասկանալի է չէ՞ թէ ինչ է տեղի ունենում՝ այս հակահայ քայլով Փաշինեանը հարցականի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը։ Մեզ յիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկւած պատմաբանների յանձնախմբի մասին, որը պիտի պատմութիւնը նորից ուսումնասիրէր, որպէսզի որոշւէր՝ 1915 թւականի դէպքերը ցեղասպանութիւն կարելի՞ է համարել, թէ` ոչ։ Այս մօտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանութեան փաստն իրողութիւն է, պատմագէտներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջ»,- ընդգծեց նա։

Նրա խօսքով՝ Փաշինեանի իշխանութիւնն ամբողջութեամբ յանձնւել է հայ ժողովրդի թշնամիներին՝ ընդունելով, թէ Տաւուշի չորս գիւղերը մաս են կազմում Ադրբեջանին, ընդունելով, որ Արցախը ադրբեջանական տարածք է, հարցականի տակ դնելով Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, թշնամիների շահերն է պաշտպանում։

«Ի՞նչ իմաստ ունի հաշւել ու պարզել 1.5 մլն զոհերի անունները։ Երեւակայենք, որ Թուրքիան այս առաջարկը սեղանի վրայ դրած լինէր, ամբողջ հայ ազգը կը դատապարտէր, չէ՞, առաջարկում եմ դատապարտել այն։ Բոլորս մերժենք Հայաստանի կառավարութեան քայլը, որ վերադասաւորման են ցանկանում ենթարկել հայ ազգի պատմութիւնը»,- յորդորեց Փափազեանը։

Նա շեշտեց՝ Փաշինեանի կառավարութիւնը յստակ քաղաքականութիւն է վարում՝ ազգային արժէքները չընդունելու քաղաքականութիւն։

«Չի ընդունում, որ չշարունակենք Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքները, չի ընդունում, որ Արցախի ժողովրդի վերադարձի պայքարը սեղանի վրայ թողնենք, չի ընդունում Սփիւռքին որպէս ազգի մաս, չի ընդունում, որ Հայաստանի ժողովրդին արժանապատիւ ապագայ ապահովի։ Նա վախի մթնոլորտ է ուզում հաստատել Հայաստանի մէջ եւ համաձայնւած է Ալիեւի հետ, Փաշինեանը յատուկ ապագայ է պատրաստում հայ ժողովրդի համար, այն է՝ ծնկի եկած»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարեանի՝ աւելի ուշ արւած յայտարարութեանը, թէ Ցեղասպանութեան զոհերի անուն ազգանունները պարզելու անհրաժեշտութիւնը դա զուտ իր անձնական մօտեցումն է, Փափազեանն ասաց. «Սուտ է, թեստ են անում, փորձում են ժողովրդին, նրանք ստախօս են»։

Յիշեցնենք, որ կիրակի օրը «Ազատութեան» եթերում Անդրանիկ Քոչարեանը յայտարարել էր, որ Փաշինեանը նպատակ ունի Ցեղասպանութեան հետ կապւած իրական հիմքեր կառուցել եւ աւելի առարկայական դարձնել Ցեղասպանութեան ենթարկւած հայրենակիցների ամբողջ ցանկը։  Քոչարեանը նոյնը հաստատեց խորհրդարանական ճեպազրոյցներում։

Իսկ ապրիլի 16-ին, անդրադառնալով այս թեմային, Անդրանիկ Քոչարեանը ասել է. «Ցեղասպանութեան ենթարկւածների ցուցակների ամբողջականացման մասին յայտարարութիւնն իմ անձնական մօտեցում է, քաղաքական որոշում չկայ»:

ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button