ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի ռազմական կաբինետը մի քանի ժամ քննարկել է Իրանի յարձակման պատասխանը եւ դեռ որոշում չի կայացրել

Մի քանի ժամ տեւած քննարկումներից յետոյ Իսրայէլի ռազմական կաբինետը դեռեւս որոշում չի կայացրել, թէ ինչպէս եւ երբ է արձագանգելու Իրանի յարձակմանը։

Նախարարներն առանց որոշում կայացնելու ընդհատել են իրենց քննարկումը: Հաղորդում է իսրայէլական 12-րդ ալիքը։

Ըստ իսրայէլական լրատւամիջոցների բազմաթիւ հաղորդումների՝ ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը եւ «Ազգային միասնութիւն» կուսակցութեան անդամ Գադի Այզենկոտը՝ ռազմական  կաբինետի դիտորդը, առաջարկել են հակահարւած տալ Իրանին:

Առաջարկին կտրականապէս դէմ են արտայայտւել պաշտպանութեան նախարար Եոաւ Գալանտը, Իսրայէլի պաշտպանութեան բանակի հրամանատար Հերզի Հալեւին եւ այլոք:

Իսրայէլի պատասխանի ժամանակի եւ բնոյթի վերաբերեալ քննարկումներում Նեթանիահուի դիրքորոշումը պարզ չէ:

Ընդորում, 12-րդ ալիքը պնդում է, որ ԱՄՆ-ն չի փորձել վետօ դնել Իսրայէլի որեւէ պատասխան գործողութեան վրայ, այլ՝ Իսրայէլին ասել է, որ ցանկացած նման պատասխանի մասին անհրաժեշտ է նախապէս իմանալ եւ համակարգել գործողութիւնները: Վաշինգտոնը հրապարակայնօրէն յայտարարել է, որ չի մասնակցելու Իրանի դէմ Իսրայէլի որեւէ պատասխան գործողութեան։

12-րդ ալիքը նաեւ պնդում է, որ Իսրայէլը փորձում է պարզել, թէ արդեօք զսպւածութեան դիմաց նա կարո՞ղ է ինչ-որ «ռազմավարական պայմանագիր» կնքել ԱՄՆ-ի հետ Իրանի դէմ՝ առանց պարտաւորութիւն վերցնելու  այնպիսի հարցով, ինչպիսին Պաղեստինի հարցն է:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button