Դաշնակցական Բեմ

Այս իշխանութիւնը Հայաստանի գոյութիւն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ

«Առաւօտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցուեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

-Պարոն Խաչատրեան, ահազանգել էք, որ ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից անհետանում են Արցախի մասին յիշատակումները։ Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Արցախի հիմնախնդրի մասին բաժինը հանւել է ՀՀ ԱԳՆ կայքից, հիմա արդէն ՊՆ եւ նախագահի կայքից են հանել, ինչպէ՞ս էք գնահատում սա։

-Արդէն տեղեկացանք, որ Արցախի մասին տեղեկատւութիւնը հանել են նաեւ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի կայքից։ Ես սա շատ բացասական եմ գնահատում։ Սա իշխանութիւնների վարած քաղաքականութեան շարունակութիւնն է։ Այս իշխանութիւններն Արցախի հարցը փակել են, արցախահայերի իրաւունքների հարցը փակել են։ Եւ իրենց համար Արցախի հարցն ընդամէնը Արցախից բռնի տեղահանւած, էթնիկ զտման ու ցեղասպանութեան ենթարկւած հայերի սոցիալական հարցերն ինչ-որ չափով մեղմելն է։ Եւ սա այն իշխանութիւնն է, որը յայտարարում էր, որ իրենք պայքարելու են Արցախի սուբիեկտայնութեան բարձրացման համար, այն իշխանութիւններն են, որոնք բացականչում էին՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Պատերազմից յետոյ այս իշխանութիւնները շարունակում են իրենց պարտւողական քաղաքականութիւնը, եւ Արցախի հարցն իրենց համար այլեւս գոյութիւն չունի։ Իրենք փորձում էին Արցախի անվտանգութիւնը հակադրել Հայաստանի անվտանգութեանը, մենք զգուշացնում էինք, որ դա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար։ Եւ հիմա դրա ականատեսն ենք։

-Բռնի տեղահան
ւած արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը օրակարգից հանե՞լ է իշխանութիւնը։

-Հայաստանի Հանրապետութիւնը պաշտօնապէս որեւէ բան չի պահանջում։ Չի պահանջում ապահովել նոյնիսկ արցախահայերի վերադարձի իրաւունքը։ Աւելին, այս իշխանութիւնները նոյնիսկ պատրաստւում են յետ կանչել Ադրբեջանի դէմ ներկայացրած բոլոր հայցերը։ Յիշո՞ւմ էք, ասում էին՝ մենք պէտք է Հռոմի ստատուտը վաւերացնենք, որպէսզի կարողանանք Ալիեւին դատի տալ։ Հիմա ասում են՝ նման բան չի եղել, որեւէ նման մտադրութիւն չունեն։

-Միջազգային դատարանի որոշում կայ, որ Արցախի հայերի վերադարձի իրաւունքը պէտք է իրացւի, այս ուղղութեամբ իշխանութիւնները քայլեր չեն անո՞ւմ։

– Ոչ, այս իշխանութիւնները նման քայլեր չեն անում։ Եւրոխորհրդարանի բանաձեւ կայ, որով Ադրբեջանին պարտաւորեցնում են ապահովել արցախահայերի վերադարձի իրաւունքը, նշում են գոյքային իրաւունքի հարցը, բայց այս իշխանութիւնները ոչ մի քայլ չեն անում։ Երէկ նոյնիսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր ասել, որ Արդարադատութեան միջազգային դատարանի վճռին հակառակ՝ Ադրբեջանը չի ապահովում արցախահայերի այդ իրաւունքը։ Իսկ Հայաստանի իշխանութիւնները լռում են։ Իրենց ադրբեջանցիներն արգելել են այդ մասին խօսել։

–Տավուշի մարզի չորս գ
իւղերը յանձնելու պատրաստակամութեան մասին յայտարարելով՝ Նիկոլ Փաշինեանը նման հիմնաւորում ներկայացրեց, որ պէտք է գծել Հայաստանի լեգիտիմ սահմանները։ Նախ` այդ տարածքները յայտարարեցին ոչ հայկական, յետոյ արդէն հիմնաւորում են, թէ ինչո՞ւ պէտք է յանձնել թշնամուն։ Ի՞նչ վտանգ էք տեսնում այս քաղաքականութեան մէջ։

-Լեգիտիմութեան դէմ որեւէ մէկը բան չի ասում, բայց որո՞նք են լեգիտիմ սահմանները։ Իրենք յղում են կատարում Ալմա-Աթայի հռչակագրի վրայ, որն իրաւական հիմք չունի, մինչդեռ պէտք է յղում կատարեն Ալմա-Աթայում ստորագրւած եւ իրաւական ուժ ունեցող այն արձանագրութեան վրայ, որով Հայաստանը միանում է ԱՊՀ ստեղծման պայմանագրին։ Այսինքն՝ յղումը պէտք է լինի ԱՊՀ ստեղծման համաձայնագրին։ Հռչակագիրը դա բացառապէս ադրբեջանական օրակարգ է եղել։ Եւ հիմա էլ, եթէ ասում են՝ սահմանը պէտք է լինի լեգիտիմ, պէտք է նշեն՝ ո՞ր թւականին գծւած սահմանները պէտք է լինեն լեգիտիմ։ Յիշո՞ւմ էք, ասում էին՝ 1974 թւականի քարտէզները պէտք է հիմք ընդունւեն։ ԱԺ-կառավարութիւն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանն արդէն 1974 թւականի քարտէզների մասին չէր խօսում։

-Նա ասաց, որ Ադրբեջանը ոչ մի քարտէզ չի ընդունում, չկայ համաձայնեցւած քարտէզ։ Այսինքն՝ առանց իրաւական հիմքի ինչպէ՞ս են այդ գործընթացն իրականացնելու։

-Իրենք ինչ ասել են, Ադրբեջանը մերժել է։ Իրենք ասում էին՝ մենք տարածքներ ունենք, որոնք ադրբեջանական են, դուք էլ տարածքներ ունեք, որոնք հայկական են, դէ եկէք փոխադարձաբար դուրս գանք, բայց Ադրբեջանը մերժեց, տարածքային փոխանակումը եւս մերժեց։ Ասում էին՝ Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ էլ կէտեր կան, որոնք մեզ են մտահոգում, բայց Ադրբեջանը մերժում է իրենց Սահմանադրութիւնը փոխել, իսկ սրանք այդ հարցը հլու-հնազանդ օրակարգ են բերում։ Այսինքն՝ Հայաստանի կողմից որեւէ առաջարկ Ադրբեջանը չի ընդունել։ Պէտք է նշել, թե որո՞նք են Հայաստանի լեգիտիմ սահմանները, թող յղում կատարեն որեւէ թղթի, քարտէզի, որն իրենք համարում են լեգիտիմ։ Օդից վերցւած մի բան են ասում, որն անհասկանալի է։ Այսինքն՝ Հայաստանի՝ գոյութիւն ունեցող սահմանի հարցը այս իշխանութիւնը դրեց հարցականի տակ։ Եւ Նիկոլ Փաշինեանն առաջին անգամ ՄԱԿ-ում յայտարարեց՝ Ալիեւ, դու ո՞ր սահմաններով ես պատրաստւում ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը։ Գոյութիւն ունեցող ճանաչւած սահմանները Նիկոլ Փաշինեանն այդ յայտարարութեամբ ապալեգիտիմացրեց։

Ռոզա ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button