Միջազգային

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնութիւն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիւերսիֆիկացնել առեւտուրը եւ ամրապնդել տնտեսական եւ ինստիտուցիոնալ դիմակայունութիւնը

Մամուլի հաղորդագրութիւն` Բրիւսէլում ի աջակցութիւն Հայաստանի դիմակայունութեանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման վերաբերեալ:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայէնը, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէը, Ամերիկայի Միացեալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը երէկ՝ 2024 թւականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրիւսէլում՝ վերահաստատելու աջակցութիւնը Հայաստանի ինքնիշխանութեանը, ժողովրդավարութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունութեանը:

Եւրամիութիւնը եւ Միացեալ Նահանգները սատարում են Հայաստանի եւ տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական եւ բարգաւաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցութիւնը՝ միտւած Հայաստանի դիմակայունութեան ամրապնդմանը՝ ներառեալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը եւ մարդասիրական աջակցութիւնը։ Մենք կը ձգտենք ընդլայնել մեր գործընկերութիւնները, օրինակ՝ շարժունակութեան, կառավարման, օրէնքի կիրարկման, առեւտրի, կապի, գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եւրոպական միութիւնը եւ Միացեալ Նահանգները նախատեսում են աւելի ամուր համագործակցութիւն Հայաստանի հետ:

Եւրոպական միութիւնը եւ Միացեալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թւականից ի վեր ժողովրդավարութեան եւ արդարադատութեան ոլորտներում բարեփոխումներում, ինչպէս նաեւ կոռուպցիայի դէմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, եւ յանձնառութիւն են յայտնել շարունակել գործընկերութիւնը եւ աջակցել Հայաստանին՝ հաշւի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարութիւնը եւ օրէնքի գերակայութիւնը մեր ընդհանուր արժէքներին եւ սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կը շարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու եւ բոլոր ոլորտներում համագործակցութիւնն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն եւ Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերութեան նոր օրակարգի շուրջ:

Միացեալ Նահանգները յանձնառու է օգնել Հայաստանին եւ վարչապետ Փաշինեանին՝ իրականացնելու նախանշւած բարեփոխումները։ Բայդէնի վարչակազմը կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցութիւն տրամադրել Հայաստանին:

Եւրոմիութիւնը եւ Միացեալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելաւելու Հայաստանի յանձնառութիւնը՝ ներառեալ «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը, որը կը խթանի ընդհանուր բարգաւաճումը եւ տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրի դիւերսիֆիկացումը:

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնութիւն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիւերսիֆիկացնել առեւտուրը եւ ամրապնդել տնտեսական եւ ինստիտուցիոնալ դիմակայունութիւնը:

Հայաստան-ԵՄ Գործընկերութեան նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդէս կը գայ «2024-2027 թւականների համար Հայաստանի դիմակայունութեան եւ աճի»՝  270 միլիոն եւրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունութեան եւ աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղւած է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունութեան ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առեւտրի դիւերսիֆիկացմանը: Այն նաեւ աջակցութիւն կը տրամադրի տեղահանւածների երկարաժամկէտ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցութիւնը Հայաստանի հետ՝ միաժամանակ աւելացնելով աջակցութիւնը կարգաւորումների ներդաշնակեցմանը՝ միտւած ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կը շարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առեւտրի դիւերսիֆիկացիայից, ենթակառուցւածքների զարգացումից, էներգետիկայից մինչեւ աւիացիոն անվտանգութիւն:

Նախագահ ֆոն դեր Լէյէնն անդրադարձել է նաեւ 2021 թւականին մեկնարկած Տնտեսական եւ ներդրումային պլանի առաւելութիւններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնաւոր եւ հանրային ներդրումների միջոցով արդէն մոբիլիզացրել է աւելի քան 550 միլիոն եւրոյի ներդրումներ։ Տնտեսական եւ ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունութեան եւ աճի» ԵՄ ծրագիրը կաւելացնի աջակցութիւնը ռազմավարական ներդրումներին, մասնաւորապէս տրանսպորտային ենթակառուցւածքների, թւային եւ էներգետիկայի ոլորտներում, ինչպէս նաեւ ներդրումներ կը կատարի բիզնեսի զարգացման մէջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական եւ ներդրումային պլանն ունի խաղաղութեան միջոցով տնտեսական առաւելութիւններ ապահովելու ներուժ՝ ներառեալ տարածաշրջանային կապակցւածութեան հարցում, եթէ եւ երբ թոյլ տան պայմանները: ԵՄ-ն նաեւ կը դիտարկի շարժունակութեանն աջակցելու ուղիները:

Միացեալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առեւտրի դիւերսիֆիկացումը եւ դիմակայունութիւնը: Միացեալ Նահանգները կը համագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրաւելու, տեխնոլոգիաների առեւտրի հնարաւորութիւնների օպտիմալացման, կիբերանվտանգութեան ոլորտում համագործակցութեան աւելացման եւ տեխնոլոգիական ենթակառուցւածքների ընդլայնման ուղղութեամբ։ Միացյալ Նահանգները յանձնառու է Հայաստանի անվտանգ, յուսալի եւ ապահով էներգետիկ ապագային եւ աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիւերսիֆիկացմանը եւ ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործւող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիութեանը, որոնց համար միջուկային անվտանգութիւնը եւ չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթութիւն են: Միացեալ Նահանգները յանձնառու է Հայաստանի պարենային անվտանգութեան բարձրացմանը, ինչպէս նաեւ Հայաստանի սահմաններով գիւղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն:

Հաշւի առնելով շարունակական մարտահրաւէրները, որոնց բախւում է Հայաստանն աւելի քան 100,000 տեղահանւած անձանց եւ փախստականներին աջակցելու եւ սոցիալապէս ներառելու առումով՝ Եւրոպական միութիւնը եւ Միացեալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղւած կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարաւորութիւններ եւ հոգեբանասոցիալական աջակցութիւն տրամադրելուն, եւ ապահովել տեղահանւածների արժանապատիւ կենսապայմանները:

Սկսած 2023 թւականի սեպտեմբերից ԵՄ-ն արագօրէն մոբիլիզացրել է 18 միլիոն եւրօ մարդասիրական եւ 15 միլիոն եւրօ բիւջետային աջակցութիւն՝ փախստականների հրատապ եւ սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչութեանը 2020 թւականից ի վեր մարդասիրական օգնութեան ընդհանուր յատկացումը կազմում է 38,4 միլիոն եւրօ: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկէտ կարիքները հասցէագրելու եւ աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունութեան եւ աճի» ծրագիրը կը ներառի նաեւ տեղահանւած մարդկանց երկարաժամկէտ տնտեսական եւ սոցիալական ներառմանն ուղղւած բիւջէտային աջակցութիւն:

Նոյն կերպ, սկսած 2023 թւականի սեպտեմբերից Միացեալ Նահանգները յայտարարել է տեղահանւածներին եւ փախստականներին աւելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցութեան մասին: Այս ֆինանսաւորմամբ 2020 թւականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնութեան ընդհանուր ծաւալը կը հասնի մօտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնութեան շրջանակներում տրամադրւել է կենսական նշանակութեան պարենային օգնութիւն, մարդասիրական պաշտպանութիւն եւ ժամանակաւոր ապաստան եւ այն կը շարունակի արձագանքել տեղահանւածների եւ փախստականների կարիքներին: Միացեալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նւազագոյնի հասցնելու հանրային ծառայութիւնների եւ ենթակառուցւածքների վրայ ճնշումը եւ կը նպաստի սոցիալական համախմբւածութեանն ու տնտեսական զարգացմանը:

Բարգաւաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային յարաբերութիւնները եւ ազատօրէն որոշում իր ուղին,  կը նպաստի տարածաշրջանային կայունութեանը եւ բարգաւաճմանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button