Թեհրան

Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական

Ողջ աշխարհում ամենանւիրական ու քաղցր տօնը մօր տօնն է, որ տօների տօնն է եւ որ աշխարհը իր քաղցրութեամբ զւարթացնում ու վերածում է մի դրախտի, որ իր երջանկութիւնն ու խաղաղութիւնը առնում է մօր քնքուշ ու բարեհամբոյր նայւածքից:

Աշխարհում չկայ աւելի կեանքով լեցուն բառ քան մայր բառը, չորս տառից բաղկացած այս բառը, իր մէջ բովանդակում է սէր, գուրգուրանք, յոյս, երջանկութիւն, դառնութիւն ու վիշտ միանգամայն: Իսկ հայ մայրը իր էութեամբ երկնքի ու երկնայինի յուշարարն է այս աշխարհի վրայ:

Գրասեղանիս առաջ նստած մտաբերում եմ տառապած, վշտահար եւ սակայն ոչ յուսահատ այն հայ մայրերը, որոնք իրենց երբեմնի հայրենի հողի բոյրով շնչող ու ապրող, իրենց տան կամ հիւղակի դռան առաջ կանգնած՝ աչքերը յառած հեռուն, հեռու դաշտերից ու լեռներից անդին, սպասելով իրենց պանդուխտ զաւակին կամ ամուսնուն, որ ուշանում էր գալ…:

Պատկերացնում եմ աննման այն մայրերին, որ իրենց ժողովրդի մահու կենաց պայքարի պահերին, թեւ ու թիկունք էին իրենց կռւող ու մարտնչող զաւակներին, ամուսիններին, եղբայրներին ի խնդիր հայրենիքի պաշտպանութեան, հայ հաւատքի ու հայու արժանապատւութեան պահպանման:

Ինչպէ՞ս կարելի է չյիշել այն մայրը, որ աքսորի ու հալածանքի այդ տագնապալի օրերին, երբ իր կուրծքից չէր կարող ֆիզիկական սնունդ տալ իր փոքրիկին, իր դողդոջուն ու ոսկրոտ ձեռքերով, աւազի վրայ ա բ գ-ն սովորեցնում էր, մի պատկեր որ օտար ականատեսը իր լուսանկարչական գործիքով անմահացրեց, մարգարէանալով որ նման մայր ունեցող ազգին մահ չկայ:

Ինչպէ՞ս չխոնարհւել յիշատակի առաջ այն աննման մայրերի, կանանց ովքեր մեր ժողովրդի ազատագրական պայքարի խորհուրդը իրենց մէջ խտացնող Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի գոյամարտերին տուն տեղ թողած ճակատներում մի կողմից կռւում էին, միւս կողմից վիրաւորներին հասնում, մի խօսքով մէյ մէկ քաջարի ու անվախ հերոսուհիներ էին դարձել ընդդէմ ոխերիմ թշնամուն:

Խաղաղ օրերին հայ մայրը դաստիարակ էր եւ ուսուցիչ, պահապան հրեշտակ էր ու խնամատար էակ, իր տունը, օջախը սիրոյ եւ խաղաղութեան բոյնի վերածող աստւածաբոյր ու գուրգուրող մայր էր. Աստւածաշունչը ասում է «Ժրաջան կինը իր ամուսնու պսակն է, իմաստուն կանայք շինում են իրենց տները»:

Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես «մատուռ»-ի, «ամրոց»-ի, «սիրոյ աղբիւր»-ի, «ճրագ»-ի, «երկրաւոր դրախտ»-ի: Նւիրական տօնիդ առիթով բառերը փոխ առնելով անմահանուն Պարոյր Սեւակից կրկնում եմ.

Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած, սնած,

Մեզ աշխարհում շահած, պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող, լւացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

Այս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պէս

Խա՛ս ձեռքերը:

Տօնդ շնորհաւոր աննման մայր:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button