Հայաստան - Արցախ

Քրիստինէ Վարդանեան. «Դաշնակցութիւնը տարբերակում է եւ շատ լաւ գիտի՝ ինչպէս պայքարել երկրի ներսում եւ երկրից դուրս: Սա շատ կարեւոր հանգամանք է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանութիւնը պատկանում է ժողովրդին» դրոյթն արեւմտեան քաղաքակրթութեան անկիւնաքարային սկզբունքներից է: Այդ քաղաքակրթութեան ձեւաւորման ակունքներում կանգնած է եղել նաեւ հայ ազգը:

Ըստ այդմ, երբ անհատի կամ մի խումբ անձանց կողմից իշխանութիւնը իւրացւում է, թէկուզեւ կեղծ ժողովրդավարութեան շղարշի ներքոյ, աւելին՝ կառավարիչների կողմից սպասարկւում է օտարի շահը, ապստամբութիւնը դառնում է մարդկանց բնական իրաւունքը։ Այդ իրաւունքն անուղղակի կերպով ամրագրւած է նաեւ բազմաթիւ պետութիւնների սահմանադրութիւններում, այդ թւում՝ նաեւ ՀՀ սահմանադրութեան մէջ՝ ի դէմս իշխանութիւնը ժողովրդին պատկանելու վերաբերեալ վերոյիշեալ դրոյթի։ Ուսումնասիրելով համաշխարհային պատմութիւնը՝ մենք տեսնում ենք, որ անգամ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում, երբ այլ ելք չի մնում, ժողովուրդները դիմում են ապստամբութեան՝ հեռացնելով իշխանութիւններին: Եւ քաղաքական պայքարի մէջ կիրառւում են նաեւ զինւած պայքարի, բռնութեան տարրեր: Շատ հեռու չգնանք 2008-ի մարտի 1-ին պայքարողները, նաեւ՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, մեքենաներ էին այրում, խանութներ թալանում եւ այլն

Նախօրէին ձերբակալւեց, ապա կալանաւորւեց դաշնակցական Գագիկ Սարգսեանը, մեղադրանք առաջադրւեց նրան եւ մի խումբ անձանց, ում կասկածում են ՔՊականների դէմ «ահաբեկչութեան փորձ» կատարելու մէջ: Նրանք փոքր հզօրութեան պայթուցիկներ էին դրել Գուրգէն Արսէնեանի, Գուրգէն Մելքոնեանի եւ Արաբկիրի ՔՊ գրասենեակի մօտ: Թէեւ, փաստաբանի փոխանցմամբ, այս անձինք չեն ընդունել մեղքը: «Հրապարակ»զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, դաշնակցական Քրիստինէ Վարդանեանի հետ:

Գագիկ Սարգսեանին մեղադրում են իշխանութիւնների դէմ ահաբեկչութեան փորձ կատարելու մէջ, չնայած շատերն այդ պայթուցիկների տեղադրումն ընկալեցին զուտ որպէս իշխանութեանն ուղղւած զգուշացում, որ հայ ժողովուրդն է երկրի տէրը եւ թոյլ չի տալու իր երկրի հետ վարւել այնպէս, ինչպէս սեփական բոստանիդ հետ կը վարւէիր….

– Գագիկ Սարգսեանը չի ընդունել մեղադրանքը, փաստաբանն արդէն յայտարարութեամբ է հանդէս եկել: Պէտք է սպասենք իրաւական ընթացքին, այլ բան այդ մասով չեմ կարող ասել, զերծ կը մնամ նրան վնասելուց: Գոյութիւն ունեն պարզ փաստեր: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ահասարսուռ տեսանիւթեր են պատրաստւում, յայտարարութիւններ են արւում, մարդիկ մեղադրւում են պետական դաւաճանութեան մէջ եւ յետոյ՝ ամիսներ անց, արդարացւում են: Այս իշխանութիւնը գործում է շոուների տրամաբանութեամբ: Ամէն անգամ, երբ մեր անվտանգութեան հարցերը սրւում են, այս իշխանութիւնները նոր շոուներ են բեմադրում: Այսօր Տաւուշից գիւղեր յանձնելու մասին են խօսում: Մեր օրակարգը սա է, ինչո՞ւ են այդ ամենին զուգահեռ այլ օրակարգեր մտցնում մեր կեանք, կարծում եմ՝ պարզ է:

Իշխանութիւնները, այո, այս անգամ էլ Տաւուշի գիւղերն են նւիրում Ադրբեջանին: Ինչպէ՞ս պայքարել նման իշխանութեան դէմ, որը ոչ մի կերպ չի հեռանում եւ շարունակում է կործանել երկիրը:

– Համաշխարհային պատմութեան օրինակները ցոյց են տալիս, որ անգամ ամենաաթոռապաշտ բռնապետներին հնարաւոր է լինում փոխել, հեռացնել համաժողովրդական մոբիլիզացիայի միջոցով: Մենք բազմիցս ասել ենք, որ ճանապարհը դա է, ու հէնց այդ ճանապարհով էլ շարժւելու ենք: Բեկում կարող է մտցնել միայն իշխանափոխութիւնը:

Փողոցային պայքա՞րը նկատի ունէք: Ի՞նչ էք նախատեսել այդ առումով:

– Մարդկանց մոբիլիզացիան տեղի է ունենում փողոցում, հրապարակներում: Կարող են տարբեր դրսեւորումներ ու առիթներ լինել, այս իշխանութիւններն էլ հէնց այդ ճանապարհով են իշխանութեան եկել, հետեւաբար՝ հէնց դրանից էլ վախենում են: Մեր այսօրւայ գործառոյթը մենք տեսնում ենք այդ ճանապարհով: Վտանգների դէմ պէտք է պայքարենք հանրային մոբիլիզացիայի միջոցով:

Բայց բազում նման փորձեր եղել են, արդիւնք չկայ: ՀՅԴն յեղափոխական կուսակցութիւն է, ապստամբող, բայց հիմա ոչինչ չի ձեռնարկում, առհասարակ` քաղաքական դաշտը պասիւ է: Ի՞նչ էք կարծում՝ հայ ժողովուրդն այսօր չունի՞ ապստամբելու իրաւունք:

– ՀՅԴ-ն, այո, յեղափոխական կուսակցութիւն է եւ ստեղծւել է իր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար: Կարող են տարբեր գործիքակազմերով լինել դրանք: Երբ իշխանութիւնը վերածւում է անօրինականութեան, ընդվզումը դառնում է պարտականութիւն: Այնուամենայնիւ, Դաշնակցութիւնը երբեք երկրի ներսում քաղաքական հարցեր լուծելու համար չի դիմել այն մեթոդներին, որոնց դիմել է արտաքին թշնամիների հետ պայքարելիս: Մեզ համար այդ գիծը շատ յստակ է եւ խօսում է մեր պետականամէտութեան մասին: Դաշնակցութիւնը տարբերակում է եւ շատ լաւ գիտի՝ ինչպէս պայքարել երկրի ներսում եւ երկրից դուրս: Սա շատ կարեւոր հանգամանք է: Ինչ վերաբերում է ընդվզմանը, ապա դա հայ մարդու իրաւունքն է՝ սահմանադրական իրաւունքը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button